2026 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գործունեության վրա։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։
- Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար կգործի բնակարանային ապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիրը։ Կընդգրկվեն մեկից երեք անդամ ունեցող առանձին խմբերի ընտանիքները, իսկ տվյալ խմբերում ընդգրկվող ընտանիքի յուրաքանչյուր անդամ 10 տարի կստանա ամսական 40000 դրամ վարձակալության վճարումմասնակի փոխհատուցման նպատակով։
- ֆինանսական և բանկային համակարգում կգործարկվի նոր «ստոպ» գործիքը, որը կիրառելի է լինելու դրամական փոխանցումների, քարտային ու վարկային գործառնությունների և ավանդների նկատմամբ, նպատակ ունենալով բարձրացնել գործարքների անվտանգությունն ու վերահսկողությունը։
- եկամուտների համալիր գնահատման հիման վրա կներդրվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ, որը կապահովի նպաստների արդար թիրախավորում և կվերացնի բյուրոկրատական քաշքշուկը։
- ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ։
- Փոփոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգը։ Դիմումներն ընդունվելու են բացառապես առցանց e-social.am կայքի միջոցով, նախապես ստեղծելով անհատական օգտահաշիվ։
- Երրորդ երկրներից ներմուծվող և ներքին սպառման համար բացթողում մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար, մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։
- Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի փոփոխություններով սահմանվում է թերություն ունեցող ապրանքների համար պարտադիր երկու տարվա երաշխիք և արգելվում է սպառողներին մոլորեցնող համեմատական գովազդը։ Փոփոխությունները նաև կարգավորում են պայմանագրերի անարդար պայմանները, հստակեցնում են ապրանքների համապատասխանության պահանջները և խստացնում վաճառողների պատասխանատվությունը։
Հղումը՝ Iravaban.net





