Հայաստանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ 2026» միջոցառումը, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած քաղաքական, հասարակական և կրոնական գործիչներ։
Կազմակերպիչների հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում նախատեսված են քննարկումներ կրոնական ազատության թեմայով, համատեղ աղոթք և հանդիպումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է վաղը։
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը և ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի նախագահ Ասիֆ Մահմուդը։ Նրանց երեկ ընդունել է վարչապետ Փաշինյանը։
Հանդիպումների ընթացքում վարչապետը նշել է, որ «Աղոթքի նախաճաշը» հնարավորություն է տարբեր երկրների և կրոնական համայնքների ներկայացուցիչներին համախմբելու խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ։
Հայաստանում «Աղոթքի նախաճաշն» անցկացվում է երկրորդ անգամ։ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից «Հրապարակին» հայտնեցին, որ աղոթքի նախաճաշին Մայր աթոռից մասնակցել է` Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը: Մենք հետաքրքրվեցին` վաղվա նախաճաշին և՞ս մասնակցելու են, տեղեկատվական կենտրոնից ասացին, որ հավանաբար կմասնակցեն:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ինչ օրակարգ է քննարկվել նախաճաշի ժամանակ, Մայր աթոռից ասացին, որ դեռևս տեղյակ չեն: Մենք տեղեկացանք, որ աղոթքի նախաճաշը տեղի է ունեցել «Դվինում»:
Հիշեցնենք, որ Աղոթքի նախաճաշից երկու օր առաջ Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Աշոտ Թունյանին: Նրանք Հայաստան են ժամանել Աղոթքի նախաճաշին մասնակցելու համար:
Հղումը՝ Hraparak.am





