Վերջին տարիներին Երևանում մի քանի խոշոր հրդեհներ են եղել, որոնց հանգամանքները մինչ օրս բացահայտված չեն, իրավապահները չեն կարողացել հստակ նշել այդ կասկածելի դեպքերի պատճառները, իսկ հանրությունն էլ չի ստացել իրեն հուզող հարցերի պատասխանները։
Այս տարվա մարտի 14-ի առավոտյան, ժամը 09:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Արգավանդում գործող կահույքի խանութ սրահներից մեկում։ Դեպքի վայր մի քանի հրշեջ հաշվարկներ էին մեկնել, տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան: Խանութի գույքն ու շինությունը զգալի վնաս էին կրել, բայց հրդեհի պատճառները մինչ օրս հայտնի չեն։
Նույն օրը կասկածելի մի հրդեհ էլ բռնկվել էր ժամը 7-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում։ Հրեջներին հաջողվել էր նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:
Արգավանդում մի հրդեհ էլ բռնկվել էր մարտի 1-ին, կահույքի խանութներից մեկում։ Հրո ճարակ էր դարձել Իսակովի պողոտայում գործող «Modiliani» կահույքի սրահը։ Տուժածներ, բարեբախտաբար չէին եղել, բայց խանութին և գույքին ահռելի վնաս էր հասցվել։
Իսակովի պողոտայում բռնկված ամենախոշոր հրդեհը նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ հիմնահատակ այրվեց Իսակովի 29/1 հասցեում գործող «Դոմուս» խանութ-սրահը։ Երկհարկանի շինությունից թանձր ծուխը նկատվում էր քաղաքի այլ հատվածներից, իսկ հասցված վնասը անչափելի էր։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, հրդեհը տարածվել էր կայծակնային արագությամբ, 2500-3000 քառակուսի մետր տարածքում։ Ընկերությանը հրդեհի հետևանքով պատճառվել էր շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս. նախաձեռնվել էր քրեական վարույթ, որից լուրեր մինչ օրս չկան։
Հրդեհներից ամենաշատ տուժած ընկերություններից մեկը Հայաստանում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ն է, որի իրական շահառուն եւ 100 տոկոս սեփականատերը, ըստ ՀՀ Պետռեգիստրի, «ԷյՋի գրուպ» ընկերությունն է։ 2019թ. օգոստոսի 19-ին, հրդեհ էր բռնկվել Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող ընկերության սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ)։ Դեպքի վայր հինգ մարտական հաշվարկ էր մեկնել, իսկ հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում էր այդ ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը։ Այդ նույն վարձակալի՝ «ԷյՋի գրուպ» ընկերության, մեկ այլ պահեստ վերջերս կրկին տուժել էր հրդեհից։
Արդյո՞ք այս դեպքում չի գործել հանցավոր սխեմա` եկամուտներ կոծկելու կամ ապահովագրության գումարներ ստանալու մասով։
Գնդակը իրավապահների դաշտում է։