Գովազդ A1

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն

Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն առաջին անգամ ժամանել է Հայաստան, նրան մայիսի 5–ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Գովազդ A2

Դատախազությունից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Հիրադ Աբթահին, այլք:

Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի նախագահին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ առաջին դեպքն է, երբ Միջազգային քրեական դատարանի գործող նախագահն այցելում է Հայաստան, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Դատարանի միջև համագործակցության զարգացման և խորացման հանձնառության մասին։

Գովազդ A3

Գովազդ A4

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը` Արևելյան Եվրոպայի խմբից։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը և ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ոլորտում դատախազների կարողությունների զարգացման համատեքստում։ Ի թիվս այլնի, քննարկվել են նաև քրեական վարույթներով ապացույցների հավաքմանը, տուժողների և վկաների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։

Աննա Վարդապետյանը հետաքրքրություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ վերապատրաստման ծրագրերի իրականացման, տեխնիկական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման մեխանիզմների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է քրեական վարույթներով տուժողակենտրոն մոտեցման կարևորությունը։

Աննա Վարդապետյանը և Տոմոկո Ականեն վերահաստատել են արդյունավետ և թափանցիկ համագործակցության մեխանիզմներ զարգացնելու, ինչպես նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top