Ինչպես 2021 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում, Արարատի ցեմենտի գործարանը ևս կազգայնացվի։ Այս մասին մայիսի 20-ին հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լոռու մարզի Շնող գյուղում իրականացնելով երկրում ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչությունը։
«Շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ Գուլոյան–Ծառուկյան (Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան –խմբ.) այդ մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման», — ասել է Փաշինյանը։
Նա, մասնավորապես, զուգահեռներ է անցկացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ։ Վարչապետի խոսքով՝ Արարատի ցեմենտի գործարանը շուտով կազգայնացվի։ «Ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով։ Դուք այս պահից սկսած այլևս կարիք չունեք կատարելու Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ, քանի որ նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է»,- վստահեցրել է նա՝ կոչ անելով աշխատակիցներին այս պահից սկսած հետևել Կառավարության հրահանգներին։
Հղումը՝ News.am





