Երեկ Քննչական կոմիտեն հայտնել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ համարվող Արմեն Կիլինկարովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին։
Ըստ ՔԿ-ի՝ Կիլինկարովը, որը հայտնի է նաեւ Արմեն Ալավերդցի մականունով, կասկածվում է քրեական ենթամշակույթի պահպանման եւ դրա շրջանակներում ազդեցության օգտագործման մեջ։ Քննության տվյալներով՝ նա փորձել է կարգավորել ինչ-ինչ անձանց միջեւ ծագած գույքային եւ ֆինանսական վեճը:
Հետաքրքիր է, որ խոսքն ավելի քան 1 տարի առաջվա՝ 2025 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների մասին է: ՔԿ-ի վարկածով, այդ օրերին տարբեր քաղաքացիներ դիմել են Կիլինկարովին՝ հարցեր լուծելու խնդրանքով: Մասնավորապես, ոմն Տ․ Ու.-ն 4 տարի առաջվա պարտքի՝ 3 մլն 300 հազար ՀՀ դրամի վերադարձման խնդրանքով է դիմել Կիլինկարովին, որի դիմաց պետք է վերադարձրած պարտքից նրան տար 1 մլն 300 հազար ՀՀ դրամ: Իսկ ի՞նչ մեթոդներով է օրենքով գողը փորձել վերադարձնել փողը։ «Մասնավոր վեճը Տ․ Ու․-ի օգտին լուծելու նպատակով՝ Ա. Կ.-ն Ա. Ա.-ի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ՝ պահանջելով բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել, ինչը նա կատարել է»:
Նախաքննության ընթացքում Արմեն Կիլինկարովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, բայց քանի որ Կիլինկարովը երկրում չէ, հայտարարվել է հետախուզում:
Արմեն Կիլինկարովի անունը նախկինում եւս հայտնվել է քրեական լրահոսում, նա տարբեր արյունալի «ռազբորկաների» մասնակից է եղել: 2012 թվականի հունվարի 12-ին Ալավերդի քաղաքի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի անվան հրապարակում, Կիլինկարովի վրա կրակել են, նա վիրավորվել է, իսկ նրա եղբայրը՝ Գագիկ Կիլինկարովը, տեղում մահացել է: Այս դրվագն արյան վրեժի` վենդետայի շղթայի մի մասն էր: Դրանից մոտ 10 տարի առաջ Արմեն Կիլինկարովին մեղադրել էին Ալավերդու բնակիչ Արսեն Շաքարյանի սպանության մեջ, սակայն նա չդատվեց այդ մեղադրանքով:
Հղումը՝ Hraparak.am





