Գովազդ A1

Ինչպե՞ս կհաշվարկվի տնային կալանքի ժամկետը․ ԱՆ-ն առաջարկում է նոր կարգավորումներ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված՝ Արդարադատության նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել միասնական մոտեցում տնային կալանքի ժամկետի հաշվարկման հարցում։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գովազդ A2

Ներկայիս իրավիճակը

Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածի համաձայն՝

Գովազդ A3

Գովազդ A4

1.Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը:

2.  Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև`
1) ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց.
2) շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց։

3. Տնային կալանք կիրառելու մասին դատարանի որոշման մեջ նշվում են այն կոնկրետ սահմանափակումները, որոնք տարածվում են մեղադրյալի վրա, ինչպես նաև իրավասու այն մարմինը, որին հանձնարարվում է այդ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը:

Հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվում՝

  • շտապ բժշկական օգնություն,
  • իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու,
  • ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի վրա։

Այդ մասին մեղադրյալն անհապաղ տեղեկացնում է վերահսկողություն իրականացնող մարմնին։

4. Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

5. Տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները:

6. Տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան:
Սահմանադրական դատարանն իր 2025 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ ՍԴՈ-1798 որոշմամբ, անդրադառնալով Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատմանը, արձանագրել է հետևյալը․

Վերոգրյալ հիմնադրույթներից ելնելով՝ օրենսդիրն Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասում «հստակ և ուղղակի հղմամբ» ամրագրել է, որ տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար Օրենսգրքով սահմանված դրույթները, ինչը, ի թիվս այլնի, նշանակում է, որ.

2. Տնային կալանքի նկատմամբ կիրառվում են կալանքի ժամկետները, ուստի՝ 

զ. կալանքի (տնային կալանքի) տակ պահելու ժամկետը հաշվվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: Կալանքի (տնային կալանքի) տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է նաև այն ժամանակը, երբ մեղադրյալը դատարանի որոշմամբ գտնվել է բժշկական հաստատությունում` փորձաքննություն կատարելու համար, կամ նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառվել է բժշկական հսկողությունը (Օրենսգրքի 119-րդ հոդվածի 6-րդ մաս)»:

Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմամբ այլևս հստակ արձանագրվել է, որ կալանքի տակ պահելու ժամկետը անձին ազատությունից փաստացի զրկելու պահից հաշվելու վերաբերյալ կանոնը կիրառվում է նաև տնային կալանքի նկատմամբ։ Այլ կերպ՝ տնային կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից։

Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ իրավակիրառ պրակտիկայում տնային կալանքի ժամկետի հաշվարկի վերաբերյալ տարընկալումները հաղթահարված չեն։ Մասնավորապես, քննարկվող հարցի շուրջ տարբեր մոտեցումների ձևավորման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ, ի տարբերություն կալանքի, տնային կալանքի դեպքում համապատասխան դատական ակտի հրապարակման և անձի նկատմամբ փաստացի վերահսկողություն սկսելու միջև հաճախ առկա է լինում ժամանակային խզում։
Մասնավորապես, «Պրոբացիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
«3. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշումն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, իսկ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի դեպքում այցելում է պրոբացիայի շահառուի բնակության վայր, կազմում պրոբացիայի շահառուի անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:»։
Այն դեպքերում, երբ անձի նկատմամբ վերջինիս ձերբակալված լինելու պայմաններում է կիրառվում տնային կալանք խափանման միջոցը, միանշանակ է, որ նա ազատությունից փաստացի զրկված է եղել ձերբակալման պահից և տնային կալանքի ժամկետն էլ հաշվարկվում է ձերբակալման պահից սկսած:
Մինչդեռ այն իրավիճակներում, երբ խափանման միջոցի հարցը քննարկվում է անձի ազատության մեջ գտնվելու պայմաններում և ընտրվում է տնային կալանքը, տարակերպ մեկնաբանությունների տեղ է մնում անձի ազատությունից զրկվելու պահը և տնային կալանքի ժամկետի սկիզբը որոշելու հարցում:
Փաստացի, տնային կալանք խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտ հրապարակելուց հետո մինչև անձի նկատմամբ Պրոբացիայի ծառայության կողմից վերահսկողություն սկսելը կարող է անցնել մի քանի աշխատանքային օր, որպիսի պայմաններում անորոշ է մնում այն, թե արդյոք անձը նշված ժամանակահատվածում պետք է համարվի ազատությունից փաստացի զրկված, հետևաբար նաև՝ տնային կալանքի տակ գտնվող, թե՞ ոչ։
Ելնելով վերոգրյալից՝ պետք է արձանագրել, որ առկա է հստակ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, որոնք կապահովեն միասնական իրավակիրառ պրակտիկա քննարկվող հարցի շուրջ։
Այս համատեքստում պետք է արձանագրել, որ անձի նկատմամբ տնային կալանք խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտ հրապարակվելուց հետո վերջինս, ըստ էության, արդեն իսկ կաշկանդված է դրանով նախատեսված սահմանափակումներով։ Այլ կերպ՝ մեղադրյալը պարտավորվում է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը, հետևաբար՝ վերջինիս ազատությունը պետք է համարել սահմանափակված։
Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Պրոբացիայի ծառայությունը կարող է անձի նկատմամբ վերահսկողությունը սկսել համապատասխան դատական ակտը կայացվելուց որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, նշված ժամանակահատվածը պետք է դիտարկել որպես տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատված՝ հաշվի առնելով այն, որ անձն այդ պայմաններում փաստացի կրում է այն սահմանափակումները, որոնք նախատեսվել են դատական ակտով։

Ի՞նչ է առաջարկվում 

Ելնելով վերոգրյալից՝ նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը հաշվվում է որոշման հրապարակման պահից»։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում 

Նախագծի ընդունմամբ կսահմանվի միասնական մոտեցում տնային կալանքի տակ պահելու ժամկետի հաշվարկման հարցում։

Բյուջետային ազդեցություն

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխությունների կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է՝

Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:
Հղումը՝ Iravaban.net

Գովազդ A5

Scroll to Top