Հուլիսի 28-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է այնտեղ ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:
Ինչպես հայտնում է ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը, նիստը նախագահել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովը՝ դատավորներ Էմին Մեհթիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ։
Դատական նիստին մասնակցել են նաև գործով «տուժողների» ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրողները՝ գլխավոր դատախազության պետական մեղադրանքի պաշտպանության վարչության բաժնի պետ Աբբաս Աբբասլին և նույն վարչության դատախազներ Անար Ալեքբերովն ու Սևինջ Գասիմովան։ Նիստին որպես դիտորդներ մասնակցել են նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները։
Շարունակվել են պետական մեղադրողների ելույթները։ Նրանք նշել են, թե իբրև «առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռները լիովին համապատասխանում են ինչպես ազգային օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին»։
Պետական մեղադրողները դատարանին միջնորդել են մերժել վերաքննիչ բողոքները և ուժի մեջ թողնել Բաքվի ռազմական դատարանի կայացրած մեղադրական դատավճիռը։
Դատավորը հայտարարել է դատական ճառերի ավարտը, որից հետո հայ գերիներին տրվել է օրենքով նախատեսված պատասխանի իրավունք։
Առաջինը խոսքը տրվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի պաշտպանին։ Փաստաբանը դատարանին խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքները, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Բակո Սահակյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Խոսքի իրավունք է տրվել նաև Բակո Սահակյանին, սակայն նա հայտնել է, որ ցանկանում է այդ իրավունքից օգտվել հաջորդ դատական նիստում։
Այնուհետև Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպանն է ելույթ ունեցել՝ դատարանին խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին։
Հիշեցնենք՝ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Այս գործով անցնում է ևս 8 հայ գերի։ Նրանցից Մադաթ Բաբայանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը և Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա ազատազրկման։
15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 (խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվել է առանձին վարույթով: Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Հղումը՝ Hetq.am





