Գովազդ A1

Դատավճիռների կազմման կարգը կփոխվի. դատարանները այլևս ամբողջությամբ չեն վերարտադրի ապացույցները

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոխել դատավճիռների կազմման կարգը․ դատարաններն այլևս չեն պարտավորվի դատավճիռներում ամբողջությամբ վերարտադրել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների բովանդակությունը, ինչը կկրճատի դրանց պատրաստման ժամկետներն ու կնվազեցնի անհարկի կրկնությունները։

Գովազդ A2

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Քրեական դատավարության օրենսգրքի 349-րդ հոդվածի համաձայն՝

Գովազդ A3

Գովազդ A4

«3. Դատավճռի նկարագրական մասում նշվում են՝

1) մեղադրանքի փաստական նկարագրությունը.

2) դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները.

3) դատարանի փաստական վերլուծությունները.

4) հետազոտված ապացույցների հիման վրա դատարանի կողմից հաստատված կամ հերքված փաստական հանգամանքները:

Դատավճռի պատճառաբանական մասում նշվում են՝

1) կիրառվող իրավունքը, այդ թվում՝ միջազգային պայմանագրերը.

2) դատարանի իրավական վերլուծությունները.

3) դատարանի հետևությունները և դրանց իրավական հիմնավորումները.

4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է դատավճիռ կայացնելիս: (…):»

Մեջբերված իրավանորմից բխում է, որ դատավճռի նկարագրական մասում նշվում են դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները, այնուհետև՝ հետազոտված ապացույցների հիման վրա դատարանի կողմից հաստատված կամ հերքված փաստական հանգամանքները: Ավելին՝ դատավճռի պատճառաբանական մասում նշվում են դատարանի հետևությունները և դրանց իրավական հիմնավորումները:

Նման պայմաններում, դատավճիռները փաստացի անհարկի ծանրաբեռնվում են, քանի որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, որպես կանոն, ամբողջությամբ բառացիորեն վերարտադրվում են դրանցում, այնուհետև այդ ապացույցների այն մասերը, որոնք փաստացի հիմք են հանդիսանում այս կամ այն հանգամանքը հաստատելու կամ հերքելու համար, կրկին վերարտադրվում են հետազոտված ապացույցների հիման վրա դատարանի կողմից հաստատված կամ հերքված փաստական հանգամանքները նշելիս, ինչպես նաև դատարանի հետևություններում և դրանց իրավական հիմնավորումներում (օրինակ՝ արարքի իրավական գնահատականը փոխելու դեպքում):

Հետևաբար՝ դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցների ամբողջական վերարտադրման անհրաժեշտությունը էականորեն երկարացնում է դատավճռի կազմման գործընթացը, ինչպես նաև հանգեցնում անհարկի կրկնության:

Միաժամանակ, դատարանի խնդիրն է ոչ թե վերարտադրել յուրաքանչյուր ապացույց, այլ ներկայացնել, թե ինչ ապացույցների համակցության հիման վրա է հանգել համապատասխան փաստական և իրավական հետևությունների, իսկ ապացույցների գնահատումը, դրանց վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության և բավարարության վերաբերյալ դատարանի դատողությունները շարադրվում են դատարանի փաստական վերլուծություններում և հաստատած փաստական հանգամանքներում։

Հաշվի առնելով նաև, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները առկա են քրեական գործում, իսկ դրանք հետազոտվում են դատական նիստում, հետևաբար՝ դրանց բովանդակությունը բացահայտվում է նաև դատական նիստերի արձանագրության մեջ՝ անհրաժեշտ է դատավճռի նկարագրական մասում ոչ թե բացահայտել դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցների ամբողջ բովանդակությունը, այլ թվարկել հետազոտված թույլատրելի ապացույցները՝ առանց դրանց բովանդակության բացահայտման:

Այսպիսով, առաջարկվող փոփոխությունը կնպաստի օրենքով սահմանված ժամկետում դատավճռի կազմմանը և տրամադրմանը։

Քննարկվող առաջարկը միտված է նաև դատարանի ծանրաբեռնվածության նվազեցմանը՝ ապահովելով արդարադատության որակը և անձի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ գործի քննության ողջամիտ ժամկետները։

 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները դատավճռի նկարագրական մասում նշվեն՝ առանց դրանց բովանդակության բացահայտման:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

Հղումը՝ Iravaban.net

Գովազդ A5

Scroll to Top