Գովազդ A1

Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել

Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավոր Սուրեն Մուրադյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է։ «Էնքան գրեցիք, վերջը կալանքից ազատեցին։ Ուր գնում էի, որտեղ բժիշկ կամ բանտի աշխատող տեսնում էր, արդեն գիտեր իմ պատմությունը ձեր լրատվականի շնորհիվ»,- Factor TV-ին պատմեց Մուրադյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Բաբաջանյանի նախագահությամբ, քննարկելով կալանավորի խափանման միջոցի հարցը, որոշում է կայացրել վերացնել կալանքը՝ փոխարենը կիրառելով 500 հազար դրամ գրավ և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցը։ «Տևական ժամանակ վերականգնողական կենտրոնում էի, եկան ասացին՝ քեզ դուրս ենք գրում, էլ չես կարող էստեղ մնալ, եթե կալանավոր չես։ Հիմա տանն եմ, բայց շատ վատ վիճակում եմ, էլի նույնն եմ, ինչ Ձեր գալու ժամանակ (Factor TV-ն կալանավորին այցելել էր մարտին՝ երկրորդ կաթվածը ստանալուց օրեր անց – խմբ.). էլի քայլել բացարձակ չեմ կարողանում, գրկած են տանում զուգարան, ձեռքերս թույլ են, ճնշումս էլի բարձրանում ա, մեռնելու աստիճան վատանում եմ։ Վաղը բժշկի պետք ա տանեն, հասկանանք՝ ինչ-որ բան հնարավոր կլինի՞ բուժել, թե ամբողջ կյանքս էս վիճակին եմ մնալու»,- մեզ հետ զրույցում նշեց 42-ամյա Մուրադյանը։ Factor TV-ն ավելի քան մեկ տարի է պարբերաբար բարձրաձայնում է Սուրեն Մուրադյանի առողջական վիճակի մասին։ Նրան առաջին անգամ այցելել էինք 2025 թվականի մայիսին՝ «Արմավիր» ՔԿՀ-ում։  Այդ ժամանակ Մուրադյանի դեռևս աջ կողմն էր ամբողջությամբ թուլացած, արդեն իսկ ուներ տեղաշարժման խնդիրներ։ ՔԿՀ-ի խցակիցներն էին նրան օգնում, չէր կարողանում ինքնուրույն լիարժեք քայլել, ուտել և տեղաշարժվել  անգամ խցի տարածքում։

Գովազդ A2

Հղումը՝ Factor.am

Գովազդ A5

Scroll to Top