Գովազդ A1

Գերիների մասին սահմռկեցուցիչ մանրամասներին կան դրսից արձագանքներ

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն օրերս ասուլիսի ժամանակ հայ ռազմագերիների հետ կապված սահմռկեցուցիչ տվյալներ է հայտնել: Սահակյանը պատմել է, թե Բաքվում ինչպես են հայ ռազմագերիներին առանձնակի դաժանությամբ խոշտանգում: Իրավապաշտպանը մասնավորապես ասել է. «Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված՝ մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ՝ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչի տեսքով դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը»։

Գովազդ A2

«Թեեւ որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը, եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել։ Նման փաստերը վկայում են, որ քրիստոնյա լինելն ավելի խոցելի է, եւ միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաեւ քաղաքակրթական երկխոսությունն Ադրբեջանի հետ»,- նշեց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ այս ամենն արձանագրվել է նաեւ միջազգային զեկույցներում։ Սահակյանը նաեւ ասել է, որ ռազմագերիներն արտաքին աշխարհի հետ կապից կտրված են. «Նրանք չեն տեսնում հարազատների, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների, այսինքն՝ պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում։

Իհարկե, խախտվում են նաեւ նրանց այլ իրավունքներ, օրինակ, զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրը՝ բացարձակ մեկուսացվածության մեջ են գտնվում։ Արտաքին աշխարհի հետ միակ շփումը հեռախոսային խոսակցությունն է։ Միակ բանը, որը տրամադրված է, վերահսկելի հեռախոսային զանգերն են, որի հաճախականությունը տարբեր է։ Օրինակ, երեք դատապարտվածներ կարողանում են զանգել 40 օրը մեկ հաճախականությամբ, իսկ մյուսների դեպքում ապահովված է շաբաթական 1 անգամ զանգ։ Զանգի տեւողությունը փոփոխական է՝ 2 րոպե, 3 րոպե, որոշ դեպքերում՝ 10 րոպե։ Բոլոր զանգերը վերահսկվող են, հայեցողական են եւ, կախված բովանդակությունից, կարող են նաեւ հարկադիր ընդհատվել։ Դրա վառ օրինակը տեսանք Ռուբեն Վարդանյանի օրինակում, երբ փորձում էր բարձրաձայնել դատավճիռն իրեն չտրամադրելու խնդիրը, հարկադրաբար զանգն ընդհատվեց»։

Գովազդ A3

Գովազդ A4

Սահակյանի այս հայտարարություններից հանրությունը ցնցվեց, հերթական անգամ համոզվեց, որ Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան քաղաքակրթության անվան տակ թաքնված վայրի ցեղ: Իսկ ի՞նչ արձագանք եղավ միջազգային կառույցներից, նման դաժան մանրամասներ հրապարակելուց հետո:

Սիրանուշ Սահակյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, նկատեց. «Ցանկալի չէ որոշակիացնել, քանի որ կողմերից մի քանիսը տանելու են որոշակի աշխատանք, այս պահին հասցեական չէի ցանկանա մատնանշել, թե որ միջազգային կառույցներին ենք դիմումներ հասցեագրել, դրանք կառույցներ են, որոնք խոշտանգումների կանխարգելման եւ մարդու իրավունքների հարցերով ունեն մանդատներ: Որոշակի արձագանքներ ունենք, խնդրին ծանոթ ենք: Շփումների ընթացքում խոստացել են ուշադրության կենտրոնում պահել հարցը, ավելի կոնկրետ` Բաքվում գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների առողջական վիճակի հարցը, իսկ առհասարակ խոշտանգումների առնչությամբ կան լուրջ արձանագրումներ, օրինակ՝ Խոշտանգումների դեմ կոմիտեն Ադրբեջանի դեմ զեկույց է հրապարակել, մեջբերեմ մի հատված. «Ադրբեջան։ Կոմիտեն մտահոգություն է հայտնել զինված հակամարտության եւ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ազգային եւ էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ սպանությունների, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի առնչությամբ, ինչպես նաեւ՝ այդ մեղադրանքների վերաբերյալ հետաքննությունների եւ քրեական հետապնդումների ենթադրյալ բացակայության կապակցությամբ։ Կոմիտեն մտահոգություն է հայտնել նաեւ ահաբեկչության եւ դրա հետ կապված այլ հանցագործությունների մեղադրանքով հայկական ազգային կամ էթնիկ ծագում ունեցող 23 անձանց շարունակական կալանավորման վերաբերյալ։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին՝ ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի ցանկացած խախտում անընդունելի է։ Այն նաեւ կոչ է արել իրականացնել ենթադրյալ ծանր խախտումների վերաբերյալ անկախ, անաչառ, թափանցիկ եւ արդյունավետ հետաքննություններ եւ պետությանը հորդորել է պատասխանատվության ենթարկել ու արդարադատության առաջ կանգնեցնել մեղավորներին»։ Այստեղ հստակ արձանագրված է, որ հայ ռազմագերիները խոշտանգվել են, իսկ Ադրբեջանն արդյունավետ քննություն չի ապահովում: Նշեմ, որ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերի առնչությամբ ունենք նաեւ Եվրոպական դատարանի դատական ակտերը»:
Օրեր առաջ Ռուբեն Վարդանյանի կինը հայտնել էր, որ ցանկանում է իրավապաշտպան կանանց խմբի հետ մեկնել Ադրբեջան, ադրբեջանական կողմից կա՞ արձագանք այս մասով։ «Ինձ հայտնի է, որ ընտանիքը չի ստացել պաշտոնական արձագանք: Վստահ եմ, որ տեղեկություններ ունենալուն պես նրանք հրապարակային կգործեն: Հասցեագրված դիմում ունենք՝ ուղղված Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, սակայն մինչ այս պահն արձագանք չկա»:

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top