Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել Բաքվում անցկացվող անհետ կորածների հարցերով միջազգային համաժողովում հնչած հայտարարությունները։
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Ֆարիզ Ռզաևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ադրբեջանական կողմին տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ իրեն հասանելի ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ հնարավոր գերեզմանատեղերի մասին տվյալները։
Նրա խոսքով՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար կարևոր կարող են լինել գերության, տեղաշարժերի, մահվան դեպքերի, ինչպես նաև անհատական կամ զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններն ու վկայությունները։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևն էլ հայտարարել է, թե ադրբեջանական կողմը Հայաստանից պահանջում է ստեղծել պայմաններ արխիվների բացման և անհետ կորածների վերաբերյալ վկայությունների հավաքագրման համար։
Նագիևը նաև պնդել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցել է Առաջին Արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված և պատանդ վերցված 834 ադրբեջանցիների վերաբերյալ ցուցակ։ Նրա խոսքով՝ այդ անձանցից 33-ի մարմինները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի տեղեկությունների, մահացել են պահման վայրերում, չեն վերադարձվել, իսկ 4 անձի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
Ադրբեջանական կողմի հայտարարությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայկական կողմին փոխանցվել է ավելի քան 2 հազար հայ զինծառայողների աճյուն։ Միաժամանակ Ռզաևը նշել է, որ Ադրբեջանում Առաջին և Երկրորդ Արցախյան պատերազմներից հետո անհետ կորած է համարվում ավելի քան 4 հազար ադրբեջանցի։
Նագիևը նաև հայտարարել է, որ Հայաստանի կողմից 2026 թվականի հունվարին ներկայացված 50 անհետ կորած անձանց ԴՆԹ-պրոֆիլների և Ադրբեջանի կողմից հայտնաբերված աճյունների միջև փորձաքննությամբ համընկնում չի հայտնաբերվել։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը երկու կողմերի անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։
Անի Վարդանյան
Հղումը՝ Armlur.am





