Գովազդ A1

Ջրբաժան հանգրվան է մեր կյանքում․ Բագրատ սրբազանը հորդորում է մասնակցել ընտրություններին

Նախ և առաջ, օգտվելով առիթից, ինչպես նաև ողջ այս ժամանակահատվածում, ուզում եմ հրավիրել մարդկանց, կոչ անել, խնդրել, պահանջել, որ նրանք անպայման գնան ընտրությունների։

Գովազդ A2

Ցանկացած ընտրություն, և այս դեպքում՝ հատկապես այս ընտրությունները, յուրաքանչյուրի պատասխանատվությունն են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։

«Կեղծավորություն է և բառիս ամենալայն իմաստով խաբեություն, երբ դու քո պատասխանատվությունը չես դնում այս ամբողջ գործընթացի մեջ, և ուրիշից հետո պահանջում ես, որ ինչ-որ կերպով քո կյանքը բարեփոխվի կամ բարելավվի։

Գովազդ A3

Գովազդ A4

Հետևաբար ով չի գնալու ընտրության, ոչ թե կասեմ, որ իրավունք չունի վաղը, կամ մյուս օրը խոսելու, այլ պարզապես ինքը պատճառ է դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում, ոչ թե ինքը։ Եվ հետևաբար ես հրավիրում եմ, կոչ եմ անում այս կարևոր, շատ կարևոր հանգրվանին, որ ջրբաժան հանգրվան է մեր կյանքում, գնան ընտրության և ստանձնեն այդ պատասխանատվությունը, ոչ միայն իրավունքը կիրառեն», — նշել է հոգևորականը։

Նա նաև մեկնաբանել է իր նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքի փոխելու որոշումը։

Ըստ արքեպիսկոպոսի, այս միջոցը ավելի մեղմ չէ՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը։

«Ես չէի սպասում, չէի ակնկալում և որևէ կերպ հույս չէի փայփայում կամ չէի մտածում, որ խափանման միջոցը պետք է փոխվի որևէ այլ բանի։ Ինձ համար փոփոխության բոլոր տարբերակներն անընդունելի են», — ասել է նա։

Հոգևորականը պարզաբանել է, որ ինքը չի հաշտվել իր վիճակի հետ։

Ըստ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, իր փաստաբանի բնակարանում տնային կալանքը կրելու որոշումը կայացվել է վերջին պահին։

Պատասխանելով իր ինքնազգացողության մասին հարցին՝ հոգևորականը նշել է, որ տարօրինակ զգացողություններ ունի։

«Պետք է նորից կրկնեմ։ Ինձ համար տարածությունն ու ժամանակը որևէ նշանակություն չունեն։ Ինձ համար կարևոր է՝ արդյոք ես իշխանություն ունե՞մ այդ տարածության և ժամանակի նկատմամբ, թե՞ ոչ», — ասել է նա։

Բագրատի սրբազանն ասել է, որ կարոտել է Տավուշը և կցանկանար գնալ այնտեղ։

«Վերջին 10 տարին ես այնտեղ եմ ապրել, և ոչ թե պարզապես ապրել եմ, այլ ապրել եմ ամեն ատոմով ու մոլեկուլով», — նշել է նա։

Այնուհետև արքեպիսկոպոսը կրկին կոչ է արել քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։

«Սա միայն ձեր իրավունքի մասին չէ, այլ նաև պատասխանատվության։ Թույլ մի տվեք, որ ուրիշները ձեր փոխարեն գծեն ձեր կյանքի ուղին», — ընդգծել է նա։

Գովազդ A5

Scroll to Top