Գովազդ A1

Կայացավ «Մենքի մանկտիք». հոբելյանական համերգը՝ նվիրված «Մենք» ազգային պարի երեխաների խմբի 5-ամյակին


Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հուլիսի 5-ին կայացավ «Մենք» ազգային պարի երեխաների խմբի «Մենքի մանկտիք» խորագրով մենահամերգը՝ նվիրված խմբի 5-ամյակին։

Համերգի ընթացքում հանդես եկան «Մենք»-ի Երևանի խմբերի սաները, ինչպես նաև Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի մասնաճյուղի երեխաները՝ հանդիսատեսին ներկայացնելով հայկական ավանդական պարերի բազմազանությունն ու գեղեցկությունը։

Գովազդ A2

«Երեխաներին մշակույթին մոտ պահելով՝ ավելի մոտ եք պահում Արարատին, Արցախին, Մուշին և մեր բոլոր ինքնաճանաչողության արժեքներին»,- ծնողներին դիմելով շեշտեց խմբի պարուսույց Աշոտ Առաքելյանը: Նրա համոզմամբ  երեխաներին ազգային մշակույթին հաղորդակից դարձնելով  է միայն հնարավոր ունենալ ճիշտ կրթված սերունդ:

«Ուժեղանալու տեղ դեռ ունենք և անպայման կուժեղանանք, բայց հասել ենք մի աստիճանի, որտեղ արդեն  կարող ենք հպարտությամբ ասել, որ արհեստավարժ խումբ ունենք»,- իր շնորհավորական խոսքում նշեց Մենք-ի հիմնադիր, պարուսույց Ստեփան Թորոյանը:

Գովազդ A3

Գովազդ A4

Համերգը ոչ միայն  հնգամյա ճանապարհի մասին հաշվետվություն էր, այլև տարբեր կառույցների և կազմակերպությունների սաներին ազգային մշակույթի շուրջ համախմբելու փորձ: Խմբի նախաձեռնությամբ համերգին՝ որպես հատուկ հյուրեր, հրավիրված էին մի շարք համայնքների սոցիալական և կրթական կազմակերպությունների  երեխաներ, որոնց համար մշակութային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները հաճախ սահմանափակ են։

«Մենք»-ի համար սա այն գաղափարի շարունակությունն է, որ մշակույթը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի։

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ «Մենք»-ի առաքելությունը միայն ազգային պարի ուսուցումը չէ։ Խումբը ձգտում է ստեղծել այնպիսի մշակութային միջավայր, որտեղ երեխաները կարող են ճանաչել իրենց արմատները, ձեռք բերել բեմական փորձ, ձևավորել ընկերական կապեր և միասին ապրել հայկական մշակույթը։

«Մենք» ազգային պարի խումբը հիմնադրվել է 2012 թվականին Ստեփան Թորոյանի կողմից՝ հայկական ավանդական պարի ուսումնասիրման, պահպանման և հանրահռչակման նպատակով։ Ինչպես նշեց Ստեփան Թորոյանը, այս պահին Մենք-ի՝ խոյի և գեղարդի նշանով նարնջագուն դրոշի ներքո արդեն 12 պրոֆեսիոնալ և սիրողական խումբ է գործում Երևանում և մարզերում, ազգային պարը նախընտրող 5-80 տարեկանների համար:

Համերգի ավարտին  դահլիճը վեր էր ածվել մի մեծ բեմահարթակի, իսկ ազգային մշակույթը սիրող և գնահատող հանդիսատեսը դարձել էր համերգի մասնակից և ինքնամոռաց պարում էր հայկական զուռնայի և կոպալի խրոխտ հնչյունների ներքո:
Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top