Գովազդ A1

Քաղաքական ուժը բարեգործական կազմակերպություն չէ

ԱԲ-ին հարց ուղղեցի, թե աշխարհում կա՞ն, արդյոք, հաջողակ գործարարների՝ հաջողակ քաղաքական գործիչների վերածվելու օրինակներ: ԱԲ-ն բերեց 5 օրինակ՝ Դոնալդ Թրամփ (ԱՄՆ նախագահ), Սիլվիո Բեռլուսկոնի (Իտալիայի վարչապետ), Մայքլ Բլումբերգ (ԱՄՆ, Նյու-Յորքի քաղաքապետ), Ռեջեփ Թայիփ Էրդողան (Թուրքիայի նախագահ), Մարիսիո Մակրի (Արգենտինայի նախագահ): Ինչ մեղքս թաքցնեմ, հինգերորոդի մասին ոչինչ չեմ հիշում: Ինչևէ, ենթադրում եմ, որ կարող էր էլի բերել՝ եթե խնդրեի, որ շարունակեր: Բայց զարմանալիորեն մեր հարևան Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մոռացել էր: ԱԲ-ի տեղը լինեի՝ Բիձինային ու Սիլվիոյին իրար կողք կդնեի՝ որպես իրար բացառող կամ փոխլրացնող: Ասեմ, որ ինձ համար լավագույն օրինակը հենց «բատոնո» (վրացերենով՝ պարոն) Բիձինայի օրինակն է:

Գովազդ A2

Որովհետև Ռուսաստանում մի քանի միլիարդ դոլարի կարողություն դիզած անձը վրացիներին ազատագրեց Միխայիլ Սաակաշվիլիի իշխանությունից: Ի դեպ, նախկինում բարձր էի գնահատում վերջինիս գործունեությունը՝ երբ պայքարում էր Վրաստանը ներսից քայքայող կոռուպցիայի ու անտերության դեմ: Բայց միաժամանակ երկիրը դրել էր թուրքական գերիշխանության ներքո: Ի դեպ, պետք է վարչապետ կարգեինք Նիկոլին, որպեսզի հասկանայինք, որ ամենամեծ չարիքը կոռուպցիան չէ: Ինչևէ, միայն Բաթումիում հսկայական մզկիթ կառուցելու ծրագիրն ինչ ասես արժեր: Հողատարածքը վաղուց գնվել էր թուրքերի կողմից, սակայն շինարարության թույլտվությունն անընդհատ ձգձգվում է: Եթե 2012-ի խորհրդարանական ընտրություններին Սաակաշվիլիի կուսակցությունը չպարտվեր՝ մզկիթը արդեն կառուցված կլիներ:

Վերադառնանք «բատոնո» (դիմելաձևի օգտագործման առումով առկա է միայն հարգանք) Բիձինայի գործունեությանը: Վերջինս վարչապետի պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 13 ամիս, իսկ հետո այն զիջեց երիտասարդներին՝ փորձելով դաստիարակել քաղաքական գործիչների նոր սերունդ: Ու այդ գործընթացը, լավ թե վատ, առաջ է ընթանում: Չմոռանանք, որ դրական գծերի հետ միասին վրացիներն ունեն մեզ ևս հարազատ բացասական կողմեր. դա որպես Թիֆլիսում ծնված ու մեծացած անձ եմ ասում:

Գովազդ A3

Գովազդ A4

Ինչևէ, Իվանիշվիլիի անմիջական իրավահաջորդը Իրակլի Ղարիբաշվիլին էր: Նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2015 և 2021-2024 թվականներին՝ առաջին անգամ ինքնակամ լքելով այն: 2025-ին, չգիտես ինչու, հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: 2026-ի հունվարին դատապարտվել 5 տարվա ազատազրկման. բնակարանում հայտնաբերվել էր 6.5 միլիոն դոլարի կանխիկ գումար: Ապագայում նրա մասին երևի կինոնկար կնկարահանվի՝ այնքան հետաքրքիր է վերջինիս քաղաքական կենսագրությունը:

Վերադառնանք Հայաստան: Հաջողակ գործարարների՝ հաջողակ քաղաքական գործիչների վերածվելու՝ հայկական օրինակների թվում ԱԲ-ն ներկայացրել էր Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի, Սամվել Ալեքսանյանի, Արման Թաթոյանի և Արտակ Թովմասյանի անունները: Ինչպես երևում է, դրանցից ոչ մեկն էլ ո՛չ Թրամփ է, ո՛չ Իվանիշվիլի և կամ Բեռլուսկոնի: Այդ անձինք չեն բարձրացել ԱԺ պատգամավորի կարգավիճակից: Եվ դա էլ ոչ թե մաքուր քաղաքական գործունեություն էր, այլ մանդատի միջոցով ունեցվածքը պահպանելու միջոց: Ինչն, ի դեպ, ընդունել է նաև ԱԲ-ն: Տարբերություն է առկա միայն Գագիկ Ծառուկյանի առումով, ով նախարարներ էր «նշանակում կամ հանում»: Այդ «ավանդույթը» գալիս էր ՀՀ երկրորդ նախագահի վերջին տարուց և շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահի առաջին մի քանի տարին:

Ի դեպ, ես չզարմացա՝ երբ ԱԲ-ն հայ գործարար-քաղաքական գործիչների առաջին հնգյակում չտվեց Սամվել Կարապետյանի անունը: Ով կամ ում անունից կուսակցություն է բացվել, որն էլ մասնակցել է ս. թ. հունիսի 7-ի ընտրություններին և զբաղեցրել 2-րդ տեղը: Հիշեցնեմ, որ ինքս էլ ձայն եմ տվել «Ուժեղ Հայաստան»-ին: Բայց դա արել եմ նույն սկզբունքով՝ ինչ 2021-ին. ձայն տալ այն ընդդիմադիր քաղաքական ուժին, որն ամենամեծ շանսերն ունի մեծամասնություն կազմելու: Իսկ նման ուժ «գտնելն» ինձ համար դժվար չէր. պետք էր հետևել քաղաքական անցուդարձին ու սոցհարցումներին և ունենալ դրանք վերլուծելու կարողություն:

Ինչևէ, Սամվել Կարապետյանի խոսքն ԱԲ-ի կողմից դեռևս չի ընկալվում որպես կայացած քաղաքական գործչի խոսք: Բայց չեմ կարծում, թե ԱԲ-ն իշխանության կողմնակից է: Ենթադրաբար պատճառն այն է, որ, ի տարբերություն Թաթոյանի, քարոզարշավային օրերին նա չուներ (չունի նաև հիմա) լիարժեք բացվելու հնարավորություն: Չնայած նոր օրակարգ ձևավորելու ջանքերն ինձ հիշեցնում են Տեր-Պետրոսյանի հաջողված գործունեությունը 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Բայց չեմ կարող դրականի հետ միասին չարձանագրել նաև բացասականը:

Իսկ բացասականն այն է, որ «Ուժեղ Հայաստան»-ը քաղաքական ուժ է և ոչ թե գործարար կամ բարեգործական ծրագիր: Եվ եթե ընտրություններից հետո Տավուշում բարեգործություն անելն ուղղակի շարունակվել է, նույնը հաստատ չպետք է արվեր Տիգրանաշենում: Դրա փոխարեն «Հայաստան» խմբակցության հետ ԱԺ-ում պետք է քննարկումների շարք կազմակերպվեր Տիգրանաշենի, այն թշնամուն հանձնելու, այլընտրանքային ճանապարհ կառուցելու և այլ հարցերի մասին՝ ապահովելով հնարավորինս մեծ լսարան: Դա կլիներ ընդդիմադիր քաղաքական ուժի քաղաքական պատասխանը (բացի Սամվել Կարապետյանի զուտ խոսքից) գործող իշխանության պարտվողական քաղաքականությունըը:

ՀԳ. Երբ հոդվածն արդեն խմբագրվում էր (և մինչև 1 ժամով լույսի գնալը)՝ Ֆեյսբուքում հայտնվեց օգտատեր Արմինե Մելքոնյանի գրառումն այդ հարթակում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների համագործակցության բացակայության մասին: Խոսքը ոչ թե անհատների, այլ հենց խմբակցությունների մակարդակով համագործակցության մասին էր: Ինչն, իհարկե, սխալ է, շատ մեծ սխալ:

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top