Լիտվայի կենտրոնական պետական արխիվը հեռացրել է Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված հրապարակումը՝ լիտվական արտգործնախարարության և Վիլնյուսում Թուրքիայի դեսպանատան ոչ պաշտոնական ազդակներից հետո։ Արխիվը պնդում է, որ ինքը քաղաքականացված չէ, իսկ իր կայքէջում Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումը եղել է պատմական փաստերի ներկայացում։ Մայիսի 6-ին այս մասին հետաքննական հոդված է տպագրել լիտվական www.lrt.lt առցանց թերթի մեկնաբան Գաբրիելա Ժիմնտայտեն, որին կատարվածի մասին հայտնել է արխիվի աշխատակիցներից մեկը։ Միևնույն ժամանակ, կենտրոնական արխիվի ծառայության ղեկավար Ինգա Զակշաուսկիենեն հաստատել է, որ այս հարցով ապրիլի 28-ին կազմակերպվել է հրատապ հանդիպում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում իրենց ակնարկել են, թե իբր արխիվը փորձում է քաղաքականացնել հայ ժողովրդի ցեղասպանության հարցը։ Թուրքական կողմը նաեւ մտահոգություն է հայտնել, թե ինչու են պետական արխիվները իրենց թույլ տալիս հրապարակել և հանրայնացնել, հնարավոր քաղաքական հարցեր։ Մինչդեռ, Ինգա Զակշաուսկիենեն թղթակցին հայտնել է, որ իր ղեկավարած ծառայությունը և արխիվը ապաքաղաքական են։ Նա թղթակցին հայտնել է նաեւ, որ բացարձակապես ոչ մի պաշտոնական գրություն կամ զանգ չի ստացել։ «Դա պարզապես այց էր, որը ես կբնութագրեի որպես փափուկ ուժի միջոց՝ իրենց դիրքորոշումը քաղաքավարի կերպով բացատրելու համար», – նշել է Ի. Զակշաուսկիենեն։
Հղումը՝ Aravot.am





