Մի պարզ հարց: Եթե Ծառուկյանի տուն գնար Քննչական կոմիտեի մի քննիչ՝ մի ոստիկանի ուղեկցությամբ, եւ հրավիրեր նրան իր հիմնարկ, նա չէ՞ր գնա: Բնականաբար, կգնար: Բայց բեմադրվել էր մի ամբողջ ներկայացում՝ ավտոմատներով զինված դիմակավորված ԱԱԾ-ականներով, Ծառուկյանին գետնին տապալելով, այլ մարդկանց ձեռքերը ոլորելով, առյուծներին քնեցնելով, դրանցից մեկին, ըստ էության, սպանելով: Ինչի՞ համար էր դա արվում: Զինված դիմադրությո՞ւն էր սպասվում: Առյուծներն ու վագրը պետք է ցուցմո՞ւնք տային փողերի լվացման վերաբերյալ: Պարզ չէ՞, որ դա բեմադրվել էր Ծառուկյանին ցավ պատճառելու, նրան նվաստացնելու, ինչպես նաեւ նիկոլական ստորին զանգվածին հաճոյանալու համար:
Բայց դա հիմնական նպատակը չէր: Ներխուժելու, տապալելու, քնեցնելու եւ այլ կադրերը պետք էին՝ Փաշինյանին ցույց տալու համար, որ նա դիտի այդ տեսագրությունները եւ ստանա իր «մանր կայֆերը»: Այդ ամբողջ թատրոնի հիմնական մոտիվացիան հաշվեհարդարն է, ճղճիմ վրեժխնդրությունը՝ «Դու ընտրարշավի ժամանակ քննադատում էիր, առյուծի վանդակ էիր ասում՝ դե հիմա դու տես»: Եթե ԲՀԿ- ն չմասնակցեր ընտրություններին, ոչ մի «իրավական գործընթաց», ոչ մի «արդարության հաստատում» չէր լինի: Ծառուկյանի մոտ ստուգումներ են անցկացվել նաեւ անցյալում: Բայց երբեք նման «մասկի-շոուներ» չեն բեմադրվել: Եվ այդ բեմադրությունը իրականում վարկաբեկում, նվաստացնում է ոչ թե Ծառուկյանին, այլ դրա փոքրոգի եւ կարճամիտ պատվիրատու-սպառողին, ինչպես նաեւ կարեւորագույն պետական կառույցը՝ ԱԱԾ-ն, որի աշխատակիցները հանդես են գալիս որպես դերասաններ:
Հայաստանում երբեք նման վայրագ բռնապետություն, երբեք նման անձնավորված ավտոկրատիա չի եղել: Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հղունը՝ Aravot.am





