Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Ազգերի լիգայում անցկացրած չորս հանդիպումներից հետո հյուրընկալվել է Առաջին ալիքի «Լրացուցիչ ժամանակ» հաղորդմանը և ամփոփել թիմի ելույթները։ Նա խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական վերադառնալու մասին։
«Հենրիխ Մխիթարյանին անձամբ եմ հրավիրել հավաքական, բայց նա հրաժարվեց միանալ թիմին։ Մենք զրուցել ենք, հասկացել եմ նրան։ Բայց դրան հաջորդած մեկ տարվա ընթացքում ևս մի քանի ֆուտբոլիստներ հրաժարվեցին ելույթ ունենալ թիմում, ինչի պատճառով զայրացել էի ու արտահայտել հիասթափությունս։
Մխիթարյանին անպայման ուզում եմ առանձնացնել, քանի որ նա հավաքականի լավագույն ռմբարկուն է և շատ բան է արել հայկական ֆուտբոլի համար։ Նա հերոս է ու լեգենդար ֆուտբոլիստ։
Տարիներ առաջ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկու հանդիպում բաց թողեց, հավաքականը հաղթեց, ինչից հետո միանգամից սկսեցին խոսել, թե մեր ընտրանին առանց նրա ավելի լավ է խաղում, ինչը անհեթեթություն է։ Այդ խոսքերը նրան ցավեցրին ու նեղացրին։ Դա հավաքականից հրաժարվելու պատճառներից մեկն է։ Էլի պատճառներ կան, բայց դրանք իր անձնական գործն են, ես չեմ բարձրաձայնի։
Ինձ համար ազգային հավաքականը վեր է ամեն ինչից։ Հիմա էլ Մխիթարյանին չեմ մեղադրում, պարզապես ափսոսում եմ, որ թիմում չէ։ Նրա սիրտը կոտրվել է, իսկ հավաքականում առանց նվիրվածություն զգալու չես կարող խաղալ։
Առանձնացնեմ նաև Լուկաս Սելարայանին, որն այստեղ չի մեծացել, բայց հայկական արյուն ունի և իր պարտքը երկրի հանդեպ արդեն կատարել է։ Երբ առաջին անգամ հրավեր է ստացել, նույնիսկ Հայաստանի տեղը չի իմացել, բայց պարտավորություն է զգացել և օգնել է թիմին։
Վերջում շատ անկեղծ խոստովանեց. «Մարզիչ ջան, էլ ի վիճակի չեմ խաղալ։ Տարիքս, ընտանեկան խնդիրներն ու թռիչքները թույլ չեն տալիս, որ նախկինի պես օգնեմ հավաքականին»։ Եվ մենք իրար հասկացանք, չնայած ես այլ կարծիք ունեի և գիտեի, որ ունակ է շարունակել ելույթները։ Շնորհակալություն Լուկասին՝ իր խաղի և նվիրվածության համար։
Մնացած ֆուտբոլիստների դեպքում որևէ արդարացում ու հանգամանք չեմ ընդունում, շարունակում եմ հիասթափված մնալ»։
Հղումը՝ Newday.am





