Յուրաքանչյուր երկրի առջև կանգնած են տարբեր կարգի սպառնալիքներ, սակայն ամենամեծ սպառնալիքը թույլ, ստախոս դավաճան ղեկավարն է, անհավասարակշիռ և հիստերիկ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ իր կարգավիճակով պետության ղեկավարը պարտավոր է առնչվել երկրի առջև կանգնած բոլոր սպառնալիքներին, իսկ թույլ և հիստերիկ առաջնորդն ի վիճակի չէ հաղթահարել ոչ մի վտանգ, ոչ մի սպառնալիք։ Ավելին, նա ինքնին դառնում է սպառնալիք երկրի համար։
«Եթե պատերազմ է, անխուսափելի պարտվում է նման կարգի առաջնորդը։ Եվ դա է պատճառը, որ փորձում է այսօր ամբողջ դիսկուրսը բերել մեկ հարցի՝ ոչ թե ինչպես անենք, որ հաղթահարենք այս դժվարությունները, այլ ինչպես անենք, որ ենթարկվենք այս դժվարություններին։ Սա է իշխանության այսօրվա կեցվածքի մոդելը, կրկնեմ՝՝ ոչ թե հաղթահարել այս դժվարությունները, այլ ենթարկվել այս դժվարություններին։ Եթե ճնշում են, ուրեմն հետքայլ արա։ Եթե բան են պահանջում՝ կատարիր պահանջը», — հայտարարել է Քոչարյանը։
Գործող իշխանությունը, նրա կարծիքով, մահացու վտանգավոր է հայ ժողովրդի համար։
Քոչարյանի խոսքով՝ ցանկացած մտածող մարդու համար ակնհայտ է, որ խաղաղությունն առանց երաշխավորների անհնար է, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ունի իր սեփական կարծիքը․
«Մենք ասում ենք, որ խաղաղությունը չի կարող լինել երկարատև, հարատևելի՝ առանց երաշխավորների։ Եվ մենք առաջարկում ենք, որ այդ երաշխավորները պետք է լինեն այս երկրագնդի ամենից հզոր պետությունները։ Մենք ասում ենք՝ թող դրանք լինեն Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Նիկոլ Փաշինյանն ունի յուրահատուկ կարծիք։ Ասում է՝ խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է։ Մենակ թշնամին կարող է նման բան առաջարկել»։
Նա հարց է տվել, թե ինչու Հայաստանի վարչապետը չի ցանկանում, որ խաղաղությունը երաշխավորեն աշխարհի ամենահզոր պետությունները։
«Միակ բացատրությունն այն է, որ այդ դեպքում ինքը այլևս պետք չի լինելու։ Ինքը չի կարողանալու իր գոյությունն այդ աթոռին հիմնավորել որևէ բանով։ Եվ միայն Ադրբեջանի երաշխավոր լինելով կարող է ասել․ «Եթե ես չլինեմ՝ հաստատ պատերազմ է սկսվելու»։ Հիմա սա՞ է մեզ պետք։ Ոչ, ոչ և ոչ։ Սա ստորացման ճանապարհ է», — հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը։
«Ուրեմն ի՞նչ պետք է մենք անենք։ «Հարբեցող ծաղրածուի», իմ բառերը չեն, բայց ինքը սիրել է այդ բառերը, որովհետև դրանք ասել է Ալիևը, նա չի առարկել, փաստացի համաձայնել է դրա հետ։ Ուրեմն, այդ «հարբեցող ծաղրածուին» պետք է վռնդել այդ պաշտոնից։ Եվ դա մենք կարող ենք անել հունիսի 7-ին՝ քվեարկելով համար 17-ին», — եզրափակել է Քոչարյանը։
Հղումը՝ News.am





