Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը, որի շրջանակում Արդարադատության նախարարությունը պնդում է, որ դատավորը բազմաթիվ դեպքերում խախտել է դատական ակտերի կազմման և տրամադրման օրենսդրական ժամկետները։
Նախարարության ներկայացրած միջնորդության համաձայն՝ խոսքը վերաբերում է տասնյակ քրեական գործերի, որոնցով դատական ակտերը կողմերին են տրամադրվել զգալի ուշացումներով։ Հարությունյանը չի վիճարկել ժամկետների խախտման փաստը, սակայն ամբողջ վարույթի ընթացքում պնդել է, որ արձանագրված խախտումները պայմանավորված են եղել բացառապես ծանրաբեռնվածությամբ և որևէ դեպքում չեն հանգեցրել արդարադատության իրական շահերի խախտման։
Իր պաշտպանական ելույթում դատավորը նախ ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ պնդելով, որ Կոտայքի դատարանը հանրապետության ամենածանրաբեռնված դատարաններից մեկն է, իսկ ինքը՝ ամենածանրաբեռնված դատավորներից։ Նրա խոսքով՝ 2025 թվականին ստացել է հարյուրավոր քրեական գործեր և միջնորդություններ, օրական նշանակել է մինչև տասը դատական նիստ, հաճախ աշխատել է առանց հանգստյան օրերի, սակայն անգամ այդ պայմաններում չի հասցրել ամբողջությամբ հաղթահարել կուտակված ծանրաբեռնվածությունը։
Հարությունյանի խոսքով՝ նախարարության միջնորդության մեջ ներառված դեպքերի մեծ մասը վերաբերում են կալանքի, տնային կալանքի կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների վերաբերյալ որոշումներին, որոնցով իրականում որևէ կողմ առարկություն չի ունեցել դատարանի դիրքորոշմանը։
Դատավորը հերթով անդրադարձավ նախարարության կողմից ներկայացված առանձին դրվագներին։ Նրա ներկայացմամբ՝ դրվագներից մեկը վերաբերում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործի, որով մեղադրյալի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։
«Այս գործով վկաներ չկային։ Դատախազությունը լրացուցիչ ապացույցների հետազոտման միջնորդություն չէր ներկայացրել։ Չկար որևէ անձ, որի նկատմամբ հնարավոր լիներ խոչընդոտում իրականացնել։ Մինչև այս պահը որևէ փաստ չի արձանագրվել, որ անձը խոչընդոտել է վարույթին, փախել է, կամ նոր հանցանք է կատարել։ Այդ ամենը նշանակում է, որ իմ կայացրած որոշումը եղել է ճիշտ և արդար»,- հայտարարեց դատավորը։
Հարությունյանը մանրամասն անդրադարձավ նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների վերաբերյալ մի շարք գործերի։
Նա օրինակ բերեց մի դեպք, երբ անձը, ըստ մեղադրանքի, Չարենցավանի ոստիկանության բաժնից հափշտակել էր ինքնաձիգ և կրակել, սակայն հետագայում նրա նկատմամբ ընդունվել էր անմեղսունակության մասին որոշում։
Դատավորի խոսքով՝ այդ անձը ներկայումս գտնվում է բժշկական հաստատությունում, իսկ դատարանը պարբերաբար երկարացնում է հարկադրանքի միջոցի ժամկետը, քանի որ առկա չեն տվյալներ նրա առողջացման մասին։
«Այս գործով դատախազությունն ինքն է միջնորդել երկարացնել հարկադրանքի միջոցը։ Ես նույնիսկ լրացուցիչ փորձաքննություն եմ նշանակել, որովհետև Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումը պահանջում է պարզել՝ արդյոք անձը վերականգնե՞լ է իր հոգեկան առողջությունը, թե ոչ։ Ուրեմն ի՞նչը պիտի բողոքարկվեր։ Դատախազությունը հենց այն որոշումն էր խնդրում, որն էլ կայացվել է»,- ասաց նա։
Դատավորը պնդեց, որ նախարարության միջնորդությունում գրեթե բացակայում են գործերի բովանդակային հանգամանքները։ Ներկայացված չէ, թե տվյալ գործերով դատախազությունն ինչ դիրքորոշում է ունեցել, արդյոք ինքը բավարարե՞լ է միջնորդությունները, թե՞ մերժել, արդյո՞ք որևէ կողմ դժգոհություն է հայտնել, կամ որևէ բացասական հետևանք է արձանագրվել։
«Կարդում եմ հաղորդումը և գրեթե ոչ մի տեղ չեմ տեսնում, թե դատախազությունն ինչ դիրքորոշում է ունեցել տվյալ գործով։ Բայց իրականում բազմաթիվ դեպքերում հենց բոլոր կողմերն են խնդրել կայացնել այն որոշումը, որը ես կայացրել եմ»,- ասաց նա։
Հարությունյանի հիմնական պնդումը վերաբերում էր այն հանգամանքին, որ դատական ակտերի ուշ տրամադրումը չի հանգեցրել որևէ շոշափելի հետևանքի։
Նրա խոսքով՝ որևէ մեղադրյալ չի խուսափել արդարադատությունից, որևէ վկա չի ենթարկվել ճնշման, որևէ ապացույց չի կորսվել, որևէ նոր հանցագործություն չի կատարվել։
«Փաստացի իրականության մեջ ոչ մի վատ հետևանք տեղի չի ունեցել։ Որևէ մեղադրյալ չի փախել, որևէ քննություն չի խաթարվել, որևէ ապացույց չի կորցվել։ Այդ պնդումը, թե դատախազությունը զրկվել է բողոքարկման հնարավորությունից և վերադաս դատարանը չի կարողացել բեկանել որոշումը, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում»,- նշեց դատավորը։
Հարությունյանը նաև փորձեց վարույթը դիտարկել ավելի լայն՝ արդարադատության փիլիսոփայության տեսանկյունից։
Նրա կարծիքով՝ դատավարական հարկադրանքի միջոցները երկրորդական նշանակություն ունեն արդարադատության հիմնական նպատակի՝ ճշմարտության բացահայտման և արդար որոշման կայացման համեմատ։
«Արդարադատության էությունը վնասվում է այն ժամանակ, երբ կորչում են ապացույցներ, մարդ է փախչում, նոր հանցանք է կատարվում կամ խաթարվում է դատաքննությունը։ Այս գործերով նման բաներից ոչ մեկը տեղի չի ունեցել»,- ասաց նա։
Դատավորը նաև պնդեց, որ դատական իշխանության հեղինակությանը վնաս կարող է հասցնել ոչ թե դատական ակտերի ուշ տրամադրումը, այլ առանց բավարար հիմնավորման դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը։
«Եթե գեթ մեկ փաստ կարող է ներկայացվել, որ իմ կողմից որոշումների ուշացման հետևանքով որևէ անձ դժգոհ է մնացել կամ արդարադատությունը վնասվել է, ես անձամբ կմիջնորդեմ ինձ ենթարկել ամենախիստ պատասխանատվության»,- հայտարարեց նա։
Քննության ընթացքում խորհրդի անդամները մի շարք հարցեր ուղղեցին դատավորին։
Արդարադատության փոխնախարարը, մասնավորապես, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեև Հարությունյանը ստացել է մեծ թվով գործեր, սակայն ավարտված գործերի քանակով էականորեն զիջում է որոշ գործընկերների։
Ի պատասխան՝ դատավորը նշեց, որ ավարտված գործերի թիվը ծանրաբեռնվածության իրական ցուցանիշ չէ։
«Եթե ես ստացել եմ հարյուրավոր գործեր, ապա դրանք իմ ծանրաբեռնվածությունն են՝ անկախ նրանից, թե դրանցից քանիսն եմ հասցրել ավարտել։ Ավելին, կան գործեր, որոնք տարիներով քննվել են այլ դատավորների կողմից և փոխանցվել են ինձ»,- ասաց նա։
Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ դատավորի ներկայացրած հիմնավորումները չեն վերացնում արձանագրված խախտումների փաստը։
Նրա խոսքով՝ դատական ակտերի ուշ տրամադրման դեպքերը եղել են բազմակի և պարբերական բնույթի, ինչն ինքնին հանգեցրել է ողջամիտ ժամկետում արդարադատություն իրականացնելու պահանջի խախտման։
Նախարարությունը պահպանեց իր միջնորդությունը և խնդրեց Բարձրագույն դատական խորհրդին դատավոր Գագիկ Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։
Իր վերջին խոսքում դատավորը կրկին շեշտեց, որ չի վիճարկում խախտումների առկայությունը, սակայն կոչ արեց խորհրդին գնահատել դրանց իրական հետևանքները։
«Որևէ ապացույց չի կորցվել, որևէ մեղադրյալ չի փախել, որևէ նոր հանցանք չի կատարվել, որևէ քննություն չի խաթարվել։ Հետևաբար, իմ համոզմամբ, վնաս չի հասցվել արդարադատության բուն արժեքներին։ Այդ պատճառով խնդրում եմ արձանագրված խախտումները գնահատել որպես նվազ նշանակության»,- հայտարարեց նա։
Քննության ավարտից հետո Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նպատակով։ Որոշումը կհրապարակվի 2026 թվականի հունիսի 25-ին։
Հղումը՝ Iravaban.net





