Հայ Առաքելական Եկեղեցին նախօրեին նշել է Խաչվերացը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը։ Տաղավար տոներին հաջորդող օրը եկեղեցական օրացույցով Մեռելոց է։
Այս օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, այնուհետև կատարվում է հոգեհանգստյան կարգ։ Հոգևոր արարողություններից հետո մարդիկ այցելում են իրենց հարազատների և մտերիմների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին։
Մեռելոցի խորհրդի և ննջեցյալների համար աղոթելու կարևորության մասին հարցադրում է արել Զաքարիա Սրբազանը՝ ընդգծելով, որ մահացած հարազատների հիշատակը պետք է պահպանել ոչ միայն արտաքին արարողություններով, այլև անկեղծ աղոթքով։
«Այսօր ՄԵՌԵԼՈՑ է. մեր ննջեցյալներին օգնում են ոչ թե ճոխ թաղումները, հոգեհացերը կամ մահարձանները, այլ սրտաբուխ աղոթքն ու նրանց կենդանի հիշատակի պահպանումը», — նշել է Սրբազանը։
Մեռելոցը ևս մեկ առիթ է հիշելու հանգուցյալներին, աղոթելու նրանց հոգու խաղաղության համար և պահպանելու նրանց հիշատակը՝ որպես ընտանիքի ու հարազատների կյանքի կարևոր մաս։
Հղումը՝ Hraparak.am





