Պետական մարմինների միջամտությունը Եկեղեցու ներքին կանոնական ու վարչական հարցերին հակասում է նրա ինքնավարության սկզբունքին և վտանգավոր նախադեպ ստեղծում պետություն-եկեղեցի հարաբերություններում։ Այս մասին ասված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հայտարարության մեջ։
Պատրիարքությունը խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ սկսված դատական հետապնդումների կապակցությամբ։
Հոգևոր կառույցի գնահատմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թիրախավորումն ու դատարան ներկայանալու պարտադրանքը չի կարող ընկալվել որպես զուտ իրավական ընթացակարգ՝ հաշվի առնելով դրան ուղեկցող հրապարակային ճնշումների մթնոլորտը։
Պատրիարքությունը զգուշացրել է, որ Հայաստանի իշխանությունների այս վերաբերմունքը ներքաղաքական խնդիր չէ միայն, այլ միջազգային անդրադարձ ունեցող համազգային հարց, որը կարող է թուլացնել Հայ Եկեղեցու բոլոր նվիրապետական աթոռների բարոյական և իրավական դիրքերը աշխարհում։
Կառույցը կոչ է արել Հայաստանի պատկան մարմիններին հարգել Սահմանադրությամբ երաշխավորված կրոնական ազատությունը, դադարեցնել քաղաքական ազդեցության տպավորություն ստեղծող դատական հետապնդումները և զերծ մնալ քայլերից, որոնք կարող են խորացնել ազգային պառակտումը։ Միաժամանակ, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն աներկբա զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և հետապնդման ենթարկված հոգևորականներին՝ կոչ անելով հայ ժողովրդին և Սփյուռքի կառույցներին պաշտպանել Եկեղեցու ազատությունն ու միասնականությունը։
Հղումը՝ Iravaban.net





