Գովազդ A1

«Նստվածք». Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու ցուցահանդեսը

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է արվեստագետ, երգիծանկարիչ, 2D անիմացիայի ռեժիսոր, կինոռեժիսոր, «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունու առաջին ցուցահանդեսը, որը կրում է «Նստվածք» խորագիրը։ Նկարների կիզակետում ագռավն է, որը Քասունու համար խորհրդանշական է իր երկարակեցությամբ և հիշողությունով։ Արվեստագետը նշում է՝ աշխատանքներն արտացոլում են իր իսկ հուշերն ու փորձառությունները։

Գովազդ A2

«Երկար տարիներ զբաղվելով երգիծանկարչությամբ, փառատոնային կազմակերպչական աշխատանքներով ու անիմացիայով՝ գեղանկարչությունը թողել էի հետին պլանում, սակայն հենց այդ «նստվածքն» էր, որ պետք է արտահայտվեր։ Կարող էի արտահայտվել նաև մարդկային դիմանկարներով, բայց ես որոշեցի հենց ագռավների միջոցով, քանի որ նրանք շատ երկար են ապրում և կրում են հիշողություն։ Նրանք բարձրությունից են տեսնում մարդկանց կյանքը, լուռ հետևում են ու հիշում։ Թե՛ դրական, թե՛ բացասական իրադարձությունները, որոնք կատարվում են մեզ հետ, թողնում են կուտակումներ, որոնց մեջ ծնվում է արվեստը»,-ասում է Քասունին։

Գովազդ A3

Գովազդ A4

Այս աշխատանքները ստեղծվել են 2019- 2026 թթ. ընթացքում: Ցուցահանդեսին իր մի քանի նկարով մասնակցում է նաեւ Քասունու որդին՝ Եռանդը։ Ցուցադրության համադրողը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային Բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանն է։

«Նստվածք» խորագրով ցուցահանդեսին ներկա էին հայտնի արվեստագետներ և մշակութային գործիչներ, նաև՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Խոսելով հեղինակի աշխատանքների մասին՝ նա նշում է․ «Քասունուն մենք ճանաչում էինք որպես փառատոնի լավ կազմակերպիչ, երգիծանկարիչ, բայց այսօր շատ հաճելի անակնկալ է, որ նա նաև գեղանկարչությամբ հանդես եկավ։ Քանի որ նրա մեջ կա ֆիլմ ստեղծելու և պատմություն պատմելու ջիղ, այս դեպքում ևս ցուցահանդեսը պատմություն է պատմում, ինչը կարևոր է։ Յուրաքանչյուր նկարում կրկնվող պատմություն կա, որը կապն է մեր քաղաքի հետ։ Ագռավներին դեր տալով եւ խիզախություն ունենալով նրանց ներկայացնել որպես գլխավոր հերոս՝ նա պատմել է մարդկանց մասին։ Շատ արդի հարցեր տեսա ես կտավներում, որոնք համահունչ են այսօրվա իրականության հետ»։

«Նստվածք» խորագրով ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 4-ը։

Հղումը՝  style.news.am

Գովազդ A5

Scroll to Top