Գյումրիում տեղի ունեցած ձերբակալությունների և ոստիկանության գործողությունների շուրջ նոր մանրամասներ են ներկայացրել իրավապաշտպաններն ու փաստաբանները։ Փաստաբան Արտուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում մտահոգություն է հայտնել ոստիկանության գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանց իրավաչափության հետ կապված բազմաթիվ հարցեր կան։
Հակոբյանի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ տվյալ բնակարանում բնակվող և «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից հանդիսացող երեք անձ ձերբակալվել և տեղափոխվել են իրավապահ մարմինների կողմից։ Սակայն փաստաբանի գնահատմամբ՝ դրանից հետո ոստիկանության իրականացրած գործողությունները մտահոգիչ են եղել։
«Երբ մենք ժամանել էինք տարածք, տեսնում էինք, որ բնակարանի բակի դուռը բաց վիճակում էր։ Դա բնակարանի արտաքին մուտքի դուռն էր, որով մուտք են գործում բակ։ Ըստ էության, իրավապահները ձերբակալություններից հետո հեռացել էին՝ դուռը բաց թողնելով»,– նշել է նա։
Փաստաբանի խոսքով՝ ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները կրկին վերադարձել են դեպքի վայր։ Նրա փոխանցմամբ՝ ոստիկանության ներկայացուցչի միջամտությամբ բացվել է բակի դուռը, որից հետո երկու-երեք ոստիկաններ մուտք են գործել բնակարանի տարածք և ներսից փակել դուռը։
«Այստեղ արդեն հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով էին ոստիկանները գտնվում բնակարանի ներսում։ Եթե խնդիրն իսկապես դեպքի վայրի պահպանությունն էր, ապա այդ գործառույթը հնարավոր էր իրականացնել նաև դրսից։ Բնակարանը ցանկապատված է, և իրավապահները կարող էին բոլոր կողմերից վերահսկել տարածքը՝ առանց մասնավոր տարածք մուտք գործելու»,– ասել է Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը Սահմանադրությամբ պաշտպանվող հիմնարար իրավունքներից է, և յուրաքանչյուր միջամտություն պետք է լինի ոչ միայն օրինական, այլև հիմնավորված ու համաչափ։
«Իրավապահները պնդում են, որ իրենց գործողությունները կատարվում են օրենքի շրջանակներում։ Սակայն միայն այդ պնդումը բավարար չէ։ Գործողությունները պետք է համապատասխանեն նաև ողջամտության և համաչափության սկզբունքներին։ Եթե խախտվում է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, ապա լուրջ հարցեր են առաջանում նման գործողությունների իրավաչափության վերաբերյալ»,– նշել է փաստաբանը։
Արտուշ Հակոբյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը նաև մտահոգություններ է առաջացրել հնարավոր ապացույցների պահպանման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ քանի դեռ բնակարանի սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչները ներկա չեն, ցանկացած գործողություն կարող է հետագայում կասկածների տեղիք տալ։
«Մտահոգություն կա, որ տարածքում կարող են իրականացվել գործողություններ, որոնց մասին հետագայում հնարավոր չի լինի ստանալ ամբողջական տեղեկատվություն։ Այդ մտահոգությունների կապակցությամբ ես արդեն ահազանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,– ասել է նա։
Լրագրողների հարցին, թե արդյոք բնակարանում այդ պահին այլ անձինք են գտնվել, փաստաբանը պատասխանել է, որ նման տեղեկություն չի ունեցել։
Խոսելով ձերբակալությունների հիմքերի մասին՝ Հակոբյանը նշել է, որ իր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները գործել են անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ընտրակաշառք տալու կամ ընտրական գործընթացի հետ առնչվող հնարավոր իրավախախտումների վերաբերյալ կասկածներին։
Միևնույն ժամանակ, փաստաբանը նշել է, որ իրեն չի թույլատրվել մուտք գործել բնակարան, սակայն չի ցանկացել մեկնաբանել, թե ինչ պատճառաբանությամբ է նման որոշում կայացվել։
«Չեմ կարող ասել, թե ինչու ինձ ներս չթողեցին։ Ենթադրում եմ՝ չեն ցանկացել, որ ներսում իրականացվող գործողությունների ժամանակ ներկա լինեմ, սակայն դա իմ գնահատականն է»,– նշել է նա։
Անդրադառնալով ընդհանուր իրավիճակին՝ Հակոբյանը տեղեկացրել է, որ իր ունեցած տվյալներով՝ միայն Գյումրիում առնվազն հինգից վեց անձ է բերման ենթարկվել կամ ձերբակալվել։ Նրա փոխանցմամբ՝ այդ անձանց մի մասը կապ ունի «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի հետ։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Գյումրիում կան շուրջ հինգ-վեց բերման ենթարկված անձինք։ Լսել եմ նաև, որ առանձին դեպքեր են արձանագրվել «Հայաստան» դաշինքի հետ առնչվող անձանց շրջանում, սակայն այդ մասով լրացուցիչ և հաստատված տեղեկությունների չեմ տիրապետում»,– ասել է փաստաբանը։
Իրավապահ մարմիններն այս պահի դրությամբ դեռևս չեն հրապարակել պաշտոնական պարզաբանում այն հարցի վերաբերյալ, թե ինչ նպատակով են ոստիկանության աշխատակիցները գտնվել բնակարանի ներսում ձերբակալություններից հետո և ինչ գործողություններ են իրականացվել տարածքում։ Մինչ այդ փաստաբաններն ու իրավապաշտպանները կոչ են անում ապահովել գործընթացի առավելագույն թափանցիկությունը և բացառել քաղաքացիների հիմնարար իրավունքների հնարավոր խախտումները։
Հղումը։ News.am





