Բրյուսելը օգնության է գալիս այն բանից հետո, երբ Մոսկվան սահմանափակեց սննդամթերքի և ծաղիկների ներմուծումը իր նախկին դաշնակցից՝ ի պատասխան նրա՝ Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականության։
Եվրոպական միությունը հրատապ առևտրային աջակցության միջոցներ է նախապատրաստում Հայաստանի համար՝ նպատակ ունենալով մեղմել ռուսական սահմանափակումների հետևանքները։ Սա տեղի է ունենում հարավկովկասյան այս հանրապետության ապագայի վրա ազդեցություն ունենալու համար Բրյուսելի և Մոսկվայի միջև ընթացող մրցակցության ֆոնին, գրում է Financial Times-ը։
Ծրագրերին մոտ կանգնած չորս աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցներ, որոնք նախատեսում են հայկական սննդամթերքի և գյուղմթերքի համար սահմանված մաքսատուրքերի նվազեցում։ Այս նախաձեռնությունը պատասխան քայլ է հայաստանյան վերջին ընտրություններից առաջ Ռուսաստանի կողմից սահմանված արգելքներին։ Բրյուսելում կարծում են, որ այդ քայլերն ուղղված են երկրի արևմտամետ կառավարության վրա ճնշում գործադրելուն։
«Հիմա հենց ճիշտ ժամանակն է ակտիվանալու և Հայաստանին սատարելու՝ ցույց տալով, որ մենք կարող ենք լինել հուսալի գործընկեր,— նշել է աղբյուրներից մեկը։— Նրանք ընկերների կարիք ունեն… իսկ մենք պետք է պաշտպանենք մեր հարևանությունը»։
Այս միջոցառումների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ երկրների մեծամասնության և Եվրոպական խորհրդարանի հավանությունը։ Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք կներառեն ռուսական սահմանափակումների տակ հայտնված շուրջ 20 ապրանքախմբերի մեծ մասը։ Այս ապրանքների ընդհանուր արժեքը տարեկան կազմում է մոտ 420 միլիոն եվրո։ Բրյուսելում նաև մտավախություն ունեն, որ Մոսկվան կարող է ուժեղացնել նախկին խորհրդային հանրապետության վրա գործադրվող առևտրային ճնշումը։
Եվս երկու աղբյուրի տեղեկություններով՝ այս առաջարկները կարող են պաշտոնապես ներկայացվել արդեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարներն այս հարցը քննարկել են Հայաստանի ԱԳ նախարարի հետ։ Բացի այդ, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը նախատեսում է հաջորդ ամսվա սկզբին այցելել Հայաստան։
«Հանձնաժողովը կառաջարկի ինքնավար առևտրային միջոցներ, որպեսզի օգնի հայաստանյան ավելի մեծ թվով ընկերությունների՝ մուտք գործել ԵՄ շուկայի նոր հնարավորություններ, և աջակցի երկրի տնտեսության ամենից շատ տուժած ոլորտներին»,— Financial Times-ին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Օլոֆ Գիլը։
Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի գլխավորած մաքսային միությանը, ինչը Մոսկվային թույլ է տալիս զգալի ազդեցություն ունենալ երկրի արտահանման ու ներմուծման վրա, և միևնույն ժամանակ բարդացնում է Երևանի հետ արտոնյալ առևտրային համաձայնագրեր կնքելու ԵՄ ջանքերը։
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը սկսել է տարբեր սահմանափակումներ մտցնել՝ նախ բուսասանիտարական պատճառաբանությամբ արգելելով հայկական ծաղիկների ներմուծումը։
Դրան հաջորդել են հանքային ջրի, գինու, կոնյակի, մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև ձկան նկատմամբ կիրառված սահմանափակումները։ Քվեարկությունից երեք օր առաջ ԵՄ-ն հայտարարել է ֆինանսական օգնություն տրամադրելու և ռուսական շուկա ուղարկված ծաղիկները գնելու մասին։
Չնայած այս ճնշումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կուսակցությունը հաղթանակ է տարել ընտրություններում։
«ԵՄ-ի կողմից վերջերս հատկացված 50 միլիոն եվրոյի աջակցությունն ավելի շուտ ծաղիկներն ու մյուս ապրանքներն արագորեն գնելու միջոց էր։ Դա շատ արագ արվեց և ցույց տվեց, որ Ռուսաստանի քայլերը հակառակ արդյունք տվեցին,— նշել է Երևանում գործող «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» անկախ վերլուծական կենտրոնի հիմնադիր Ռիչարդ Կիրակոսյանը։— Հիմա ԵՄ-ն ցանկանում է ավելի առաջ գնալ և ընդլայնել արտահանմանն ուղղված աջակցությունը»։
Երկու պաշտոնյայի փոխանցմամբ՝ աջակցության միջոցների մշակման հարցում որոշակի դժվարություններ է առաջացնում կոնյակը։ Այն Հայաստանի հիմնական արտահանվող ապրանքներից է, սակայն պետք է հաշվի առնել նաև Ֆրանսիայի համար կոնյակի արտադրության կարևորությունը։
Լրացուցիչ խնդիր է մնում նաև լոգիստիկան՝ դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար շատ դժվար է շուտ փչացող ապրանքները տեղափոխել Թուրքիայի կամ Վրաստանի տարածքով։
Կիրակոսյանը նախազգուշացրել է, որ հայկական առևտրում ռուսական ազդեցության ծավալները հաշվի առնելով՝ առաջարկվող քայլերը կլինեն սոսկ «ժամանակավոր կամ սահմանափակ» լուծում։
«Սա բավարար չէ ռուսական գերիշխանությունը փոխհատուցելու համար, ուստի խոսքն ավելի շուտ միջանկյալ քայլի մասին է»,— հավելել է նա։
Հղումը` News.am





