Գովազդ A1

Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է առաջիկա ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի՝ կուսակցությունների ֆինանսավորումից մինչեւ քարոզչություն, եւ հատկապես խոսել է ԲՀԿ-ին խորհրդարան չթողնելու ԿԸՀ-ի գործողությունների մասին՝ դա որակելով որպես օրինական քայլ: Վահագն Հովակիմյանը կարծում է, որ խախտումներ արձանագրելու դեպքում իրենք ողջամիտ քայլ են արել այդ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելով եւ ճիշտ են արել, որ վերաքվեարկություն չեն նշանակել` այդ մարդկանց զրկելով ընտրելու իրավունքից եւ 60 հազարին մոտ ձայն գողանալով ԲՀԿ-ից, 2 հազար 600 մարդու զրկելով ընտրելու իրավունքից ու 3 մանդատ նվիրելով ՔՊ-ին:

Գովազդ A2

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Հովակիմյանի հայտարարությունների մասին, ասում է. «Բայց նախ պետք է հարցնել այդ մարդուն` քո ի՞նչ գործն է, թե վերաքվեարկության արդյունքում պատկերն ինչպիսին կլինի: Ընտրողը գիտի, թե ինչպես կքվեարկի վերաքվեարկության ժամանակ: Վահագն Հովակիմյանի խնդիրը, որպես ԿԸՀ նախագահի, ընտրական գործընթացների ապահովումն է: Նա ընդամենը քվեարկությունը կազմակերպողն է, մնացածը որոշում է ընտրողը: Վահագն Հովակիմյանի տրամաբանությամբ՝ ընդհանրապես պետք է ընտրություններ չանցկացվեն, որովհետեւ սոցիոլոգիական հարցումները նախապես կարող են վկայել, որ ՔՊ-ն չի կազմելու մեծամասնություն, այդ պատճառով ընտրություններ չպետք է տեղի ունենան, որպեսզի քաղաքացիները չգնան եւ իրենց քվեն չտան ընդդիմադիր ուժերին: Վահագն Հովակիմյանը ոչ մի հիմնավորում չունի այն կոպտագույն սխալների համար, որոնք իրենք թույլ են տվել: Դիտորդական կազմակերպությունները, քաղաքական ուժերը արձանագրել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ է տվել Վահագն Հովակիմյանի ղեկավարած կառույցը: Վահագն Հովակիմյանը 60 հազար ընտրողի ձայն փոշիացրեց, որ Նիկոլը 3 մանդատ ավել ունենա: Ընդ որում՝ դա արեց հակառակ տրամաբանությամբ: ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է ռադիկալ ընդդիմադիր քաղաքական ուժ, եւ հիմա ստացվում է, որ այդ ռադիկալ ընդդիմադիր ուժին ձայն տված քաղաքացիների քվեներով մանդատ են ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները: Ի դեպ, ինքը եւս այդ կուսակցության անդամ է եղել եւ շարունակում է լինել, ինչը եւս ապօրինություն է: Դե իհարկե, ի՞նչ կարող էր նա անել, ի վերջո` Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դարձել էր պատգամավոր, ամբողջ կյանքում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը, ուրիշ ի՞նչ կարելի է սպասել այդ ուժից: Օրենքում չկա որեւէ կետ, որը թույլ է տալիս ԿԸՀ-ին՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ վերաքվեարկություն չնշանակել: Օրենքում հստակ նշված է, որ նման պարագայում ԿԸՀ-ն պարտավոր է կազմակերպել կրկնակի քվեարկություն, բացի դա՝ ԲՀԿ-ն դիմել էր վարչական դատարան, իսկ դատարանն արձանագրել էր, որ տվյալ երեք տեղամասերում քվեարկությունն ազդել է ընտրությունների վերջնական արդյունքի վրա, իսկ վերաքվեարկության լիազորությունը պատկանում է ԿԸՀ-ին: Ըստ էության` վարչական դատարանը եւս պարտավորեցրել է ԿԸՀ-ին՝ կազմակերպել վերաքվեարկություն, սակայն ԿԸՀ-ն այստեղ եւս ենթադրյալ հանցանք է գործել՝ դատարանի որոշումը չկատարելով»:

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A3

Գովազդ A4

Գովազդ A5

Scroll to Top