Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։
Բայրամովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերաբացման աշխատանքները շարունակվում են։
«Մենք սպասում ենք, որ նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է աշխատանքի իր մասը», — ասել է Բայրամովը՝ Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրենց արդյունավետությունը: Ադրբեջանի արտգործնախարարը կարևորել է շարունակել խաղաղության օրակարգի առաջխաղացումը ուղիղ երկխոսության միջոցով։
Հայտարարելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետորեն խաղաղություն է հաստատվել, Ջեյհուն Բայրամովն ընդգծել է. «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից, որից հետո հնարավոր կլինի վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է։
Հղումը՝ Hraparak.am





