Գովազդ A1

Անհայտ կորած անձի ընտանիքը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հնարավորություն կունենա․ ի՞նչ է փոխվում

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Աշխատանքի և բարեկեցության հարցերի նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665‑Ն ԵՎ 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Գովազդ A2

Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձի ընտանիքի անդամների համար կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու նպատակով նախատեսվում է սահմանել անհրաժեշտ փաստաթուղթ։

Կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել կենսաթոշակների և նպաստների նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը սահմանող որոշումներում։

Գովազդ A3

Գովազդ A4

Ո՞ր դեպքի մասին է խոսքը

2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով սահմանվել է, որ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ օրենքով սահմանված անդամները կարող են ունենալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք։

Սակայն այդ իրավունքի իրացման համար անհրաժեշտ էր սահմանել նաև համապատասխան փաստաթղթերի ցանկը։

Ի՞նչ նոր փաստաթուղթ է նախատեսվում

Նախագծով առաջարկվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ներառել՝

ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը։

Այսինքն՝ ընտանիքի անդամին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու հիմքում պետք է լինի դատարանի համապատասխան վճիռը։

Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում կենսաթոշակի համար

Կառավարության 2011 թվականի N 665-Ն որոշմամբ սահմանված՝ աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում նախատեսվում է լրացում կատարել։

Մասնավորապես, գործող փաստաթղթերից բացի նախատեսվում է ընդունել նաև դատարանի վճիռը, որով ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձը ճանաչվել է անհայտ բացակայող։

Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում նպաստի համար

Նմանատիպ լրացում նախատեսվում է նաև կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում։

Այս դեպքում նույնպես հիմք կարող է հանդիսանալ անհայտ կորած անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը։

Ինչո՞ւ է փոփոխությունն անհրաժեշտ

Նոր կարգավորումը պայմանավորված է 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած՝ «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում կատարված փոփոխություններով։

Այդ օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեին օրենքների ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել այդ օրենսդրական փոփոխությունների գործնական կիրառումը։

Բյուջետային ազդեցությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունմամբ 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա կամ նվազի։

Միաժամանակ նշվում է, որ շահառուների թիվը կանխատեսելի չէ, իսկ փոքր ծավալի հնարավոր ծախսերը հնարավոր կլինի ֆինանսավորել սոցիալական ապահովության ոլորտին հատկացված միջոցների հաշվին։

Նախագիծն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հղումը՝ Iravaban.net

Գովազդ A5

Scroll to Top