Սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս․ Աստվածածնի ծննդյան տոնը։ Այդ առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս․ Պատարագ։
Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում՝ հավարտ Ս․ Պատարագի, պատարագիչ Տեր Շահե քահանա Հայրապետյանը կատարեց Մարիամ, Մարի, Մերի, Մարիա, Սրբուհի, Տիրուհի անունով անձանց օրհնության կարգ։ Այս օրը նրանց անվանակոչության տոնն է։
Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշնչում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ: Նա էր այն ընտրյալն, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Աստծո մայրը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:
Հղումը՝ 24News.am





