Գովազդ A1

Փաշինյանի և Կարապետյանի դատական վեճը․ ինչու հակընդդեմ հայցը չի ընդունվել վարույթ

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի ներկայացուցչի բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին։ Վերաքննիչ դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանի նախագահությամբ, օգոստոսի 26-ին գրավոր ընթացակարգով քննել է Սամվել Կարապետյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը։

Գովազդ A2

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության համար դատական հայց էր ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 7-ին իր հասցեին հնչեցրած՝ զրպարտություն համարվող տեղեկությունները և իրեն վճարել 6 միլիոն դրամի փոխհատուցում։

Հայցում նշվում է, որ Կարապետյանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Փաշինյանը Չինաստան կատարած այցի ընթացքում փորձել է հալյուցինացիաներ առաջացնող սնկեր, հավանել դրանք և մոտ մեկ տոննա բերել Հայաստան՝ պնդելով, որ վարչապետն այդ սնկերն օգտագործում է նաև կառավարությունում լրագրողների հետ հանդիպման կամ Ազգային ժողովում ելույթների ժամանակ։

Գովազդ A3

Գովազդ A4

Փաշինյանի ներկայացուցիչը պահանջել է պարտավորեցնել Կարապետյանին հրապարակայնորեն հերքել այդ տեղեկությունները՝ սահմանված բովանդակությամբ և կարգով։ Մասնավորապես, հայցով առաջարկվել է հերքումը տարածել առնվազն 200 հազար բաժանորդ ունեցող երեք լրատվամիջոցների յութուբյան ալիքներով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ «Ուժեղ Հայաստան / Strong Armenia» յութուբյան ալիքով։ Առաջին ատյանի դատարանը հայցն ընդունել է վարույթ 2026 թվականի մայիսի 14-ին։

Իսկ ի՞նչ էր պահանջում Սամվել Կարապետյանը հակընդդեմ հայցով

Դատական ակտի համաձայն՝ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս հրապարակայնորեն ներողություն խնդրել 2026 թվականի մայիսի 26-ին Կարապետյանի հասցեին հնչեցված՝ վիրավորանք համարվող արտահայտությունների համար։ Սակայն Դatalex դատական տեղեկատվական համակարգում նշված չէ, թե որ արտահայտության մասին է խոսքը։ Հակընդդեմ հայցով պահանջվել է նաև բռնագանձել վիրավորանքի համար փոխհատուցում և դատական ծախսերը։

Առաջին ատյանի դատարանը վերադարձրել է հակընդդեմ հայցը

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ սկզբնական և հակընդդեմ հայցերը վերաբերում են տարբեր իրավական պահանջների։ Մասնավորապես, Փաշինյանի հայցը վերաբերում է զրպարտությանը, որի դեպքում գնահատման ենթակա են տարածված փաստացի տվյալները, դրանց՝ իրականությանը համապատասխանելը և անձի իրավունքների խախտման հանգամանքները։ Մինչդեռ Կարապետյանի հակընդդեմ հայցը վերաբերում է վիրավորանքին, որի դեպքում գնահատվում են անձի արժանապատվությունը նսեմացնող կամ նվաստացնող արտահայտությունները։

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն հանգամանքը, որ երկու պահանջներն էլ վերաբերում են անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանը, բավարար չէ դրանք նույն գործի շրջանակում քննելու համար։

Կարապետյանի ներկայացուցչի ներկայացրած փաստարկները

Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելիս Կարապետյանի ներկայացուցիչը պնդել է, որ երկու հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, քանի որ դրանք ծագել են նույն կողմերի միջև նույն կոնֆլիկտի շրջանակում և վերաբերում են միմյանց հաջորդած արտահայտություններին։ Բողոքի համաձայն՝ երկու պահանջների համատեղ քննությունը կարող էր ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը, ինչպես նաև նվազեցնել նույն իրավական հարցերի կրկնակի գնահատման և հակասական դատական ակտերի ընդունման հավանականությունը։

Ներկայացուցիչը պնդել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով և անհիմն վերադարձրել հակընդդեմ հայցադիմումը։ Նա խնդրել է վերացնել այդ որոշումը։

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը 

Վերաքննիչ դատարանը չի ընդունել բողոքի փաստարկները։ Դատարանի գնահատմամբ՝ միայն այն հանգամանքը, որ երկու հայցերը ներկայացվել են նույն անձանց միջև և ծագել են ընդհանուր կոնֆլիկտային իրավիճակից, բավարար չէ դրանք համատեղ քննելու համար։

Վերաքննիչ դատարանը նշել է, որ սկզբնական հայցը վերաբերում է 2026 թվականի մայիսի 7-ին տարածված տեղեկություններին, իսկ հակընդդեմ հայցը՝ մայիսի 26-ին հնչեցված արտահայտություններին։ Դրանք ժամանակային, բովանդակային և իրավական առումով ինքնուրույն գործողություններ են, որոնք պահանջում են առանձին իրավական գնահատում և ապացուցում։

Դատարանը եզրահանգել է, որ հակընդդեմ հայցի ընդունման համար օրենքով նախատեսված պայմաններից մեկը՝ հայցերի միջև բավարար փոխադարձ կապի առկայությունը, տվյալ դեպքում բացակայում է։

Արդյունքում՝ վերաքննիչ դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի ներկայացուցչի բողոքը և ուժի մեջ թողել հուլիսի 22-ի որոշումը՝ հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսի 26-ին։

Հիշեցնենք, որ այս դատական ակտը վերաբերում է միայն հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու որոշման դեմ ներկայացված բողոքին։ Այն չի լուծում ըստ էության ո՛չ Փաշինյանի՝ զրպարտության վերաբերյալ հայցը, ո՛չ էլ Կարապետյանի՝ վիրավորանքի վերաբերյալ պահանջը։

Հղումը՝ Iravaban.net

Գովազդ A5

Scroll to Top