Գովազդ A1

Ռուսական գազի կտրուկ թանկացումը քիչ հավանական է, բայց գնաճի ռիսկը պահպանվում է․ Գալստյան

Ռուսական գազի հնարավոր կտրուկ թանկացումն արտադրանքի ինքնարժեքի բարձրացման պատճառով անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանում գների բարձրացման, սակայն իրադարձությունների նման անցանկալի զարգացումն այս պահին ծայրաստիճան քիչ հավանական է։ Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Գովազդ A2

Լրագրողները ԿԲ նախագահին հարցրել էին ռուսական գազի գնի հնարավոր զգալի աճի և դրա հետևանքները մեղմելու քաղաքականության մասին։ Մասնավորապես՝ թե ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել կարգավորող մարմինը նման իրավիճակում, և ինչպես դա կանդրադառնա երկրի տնտեսության վրա։

«Մեր հիմնական կանխատեսումներում գազի գինը երկարաժամկետ կտրվածքով ֆիքսված է։ Քանի որ նման զարգացումը համարվում է ծայրահեղ և քիչ հավանական, մենք այդպիսի ռիսկային սցենարներին անդրադառնում ենք միայն դրանց ի հայտ գալուց հետո՝ ըստ անհրաժեշտության գնահատելով իրական ազդեցությունը», — պարզաբանել է ԿԲ նախագահը։

Գովազդ A3

Գովազդ A4

Նրա խոսքով՝ այժմ Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում հիմնականում համաշխարհային աշխարհաքաղաքական այլ անորոշություններ են, հատկապես՝ Մերձավոր Արևելքի իրադարձություններն ու Իրանի շուրջ ընթացող գործընթացները, որոնք էականորեն ազդում են էներգակիրների միջազգային գների վրա։

«Մեզ ավելի շատ մտահոգում են մեր գործընկեր երկրների տնտեսական վիճակն ու միջազգային հարաբերություններում տիրող անկայունությունը։ Օրինակ՝ երբ տարածաշրջանային հակամարտությունը նոր էր սկսվում, նավթի համաշխարհային գինը 60-65 դոլար էր, իսկ հիմա տատանվում է 80-82 դոլարի սահմաններում, ինչը շուրջ 30-35%-ով բարձր է։ Թե որքան երկար գները կմնան այս բարձր մակարդակում և ինչպես դա կազդի մեր ներքին սպառման վրա, ցույց կտա ժամանակը», — նշե; է ԿԲ ղեկավարը։

Նա նաև հավելել է, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում որոշակի լիցքաթափում նկատվի և խաղաղության պայմանավորվածություններ ձեռք բերվեն, միևնույն է, էներգակիրների գները դեռ երկար ժամանակ կպահպանվեն ներկայիս բարձր մակարդակում։

«Այս իրավիճակում Կենտրոնական բանկի խորհուրդը փորձում է հավասարակշռել երկկողմանի ռիսկերը։ Մի կողմից գործ ունենք միջազգային բարձր տոկոսադրույքների ու արտաքին գնաճային ճնշումների հետ, մյուս կողմից՝ ներքին շուկայում պահանջարկի և առաջարկի հնարավոր տատանումների։ Մեր նպատակն է՝ անել ամեն ինչ, որպեսզի միջնաժամկետ հատվածում երկրում ապահովվի գների կայունությունը», — եզրափակել է Մարտին Գալստյանը։

Գովազդ A5

Scroll to Top