Գովազդ A1

Արտաքին լուրեր

Արտաքին լուրեր

The Washington Post. Թրամփը հինգշաբթի խոսել է Պուտինի հետ. նրանք քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սա երկու երկրների առաջնորդների միջև առաջին հեռախոսազրույցն էր ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։ Հեռախոսազրույցի ընթացքում, որը Թրամփը անցկացրել է Ֆլորիդայի իր հանգստավայրից, նա Ռուսաստանի նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն Ուկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին, գրում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հաղորդվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։ Թրամփն իր հերթին հետաքրքրություն է հայտնել հետագա շփումների համար՝ Ուկրաինայում պատերազմի շուտափույթ ավարտը քննարկելու համար, The Washington Post-ին հայտնել են աղբյուրները։ Բացի այդ, ինչպես հաղորդում է պարբերականը, ԱՄՆ նորընտիր նախագահն ասել է, որ Ուկրաինայից կարող է պահանջվել զիջել իր տարածքի մի մասը։ Նա ենթադրել է, որ դա կարող է լինել Ղրիմը։

Արտաքին լուրեր

Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն առանց ժողովուրդների մասնակցության քննարկում խաղաղությունը. BBC

Հայաստանն ու Ադրբեջանը արագացված տեմպերով նախապատրաստվում են խաղաղության կնքմանը: Երկու կողմերն էլ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (COP29) համարում էին հնարավոր «վերջնաժամկետ», սակայն գագաթնաժողովը մեկնարկել է երկուշաբթի, բայց խաղաղության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվել: Այս մասին գրում է BBC-ն՝ ներկայացնելով «Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության» վերտառությամբ հոդվածը: Աղբյուրը նշում է, որ երկու երկրների միջև մնում են լուծում չստացած տարաձայնություններ, և այդ մասին զգուշացրնում էին փորձագետներն ու ակտիվիստները, որոնք փորձել են տարիներ շարունակ ընդհանուր լեզու գտնել: «Սակայն նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը գաղտնի են պահում խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները և չեն խորհրդակցում քաղաքացիական հասարակության հետ: Ադրբեջանում ակտիվիստներին ձերբակալում են հայերի հետ նամակագրության և հանդիպումների համար։ Հայաստանում խաղաղության հավատարիմ կողմնակիցները մնում են մեկուսացված և փոքրամասնություն են, փոխարենը կառավարությունը ապավինում է իրեն լոյալ փորձագետներին», — ասվում է հոդվածում: Նշվում է, որ օգոստոսին ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են Պրահայի Կառլզի համալսարանի 29-ամյա դասախոս Բահրուզ Սամեդովին։ Հայ ակտիվիստների հետ շփումների պատճառով Սամեդովին մեղադրել են դավաճանության համար և այժմ նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Սամեդովը հանդես է եկել երկու երկրների հաշտեցման օգտին, սակայն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը։ «Պատերազմը երբեք չի ավարտվել, երբեք խաղաղության գործընթաց չի եղել» վերնագրով հոդվածում նա գրել է, որ Բաքուն ցանկանում է ստիպել Երևանին ընդունել «ավտորիտար խաղաղություն»։ Նա այս մոտեցումը որակել է «խաղաղություն առանց հաշտության»։ Սամեդովի ձերբակալությունից կարճ ժամանակ անց ձերբակալվել են նաև հակապատերազմական ակտիվիստ և գրող Սամեդ Շիխին և լրագրող Ջավաիդ Աղան: Հոդվածում նաև նշվում է, որ 2020 թվականի արցախյան պատերազմի և դրան հաջորդած սրացումների ժամանակ ադրբեջանցի ակտիվիստների նոր սերունդը սկսել է ավելի ակտիվ լինել: Նրանք սերտ շփվում էին հայ երիտասարդների հետ. միասին մասնակցում էին փոդքասթներին, վիճում և համաձայնության գալիս X-ում,  համատեղ հոդվածներ հրապարակում գիտական ժողովածուներում և լրատվամիջոցներում: Այս ամենը գրավել է ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը ոչ միայն Բահրուզ Սամեդովի, այլև այլ ակտիվիստների ու անկախ լրագրողների վրա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա BBC-ն նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման սկզբում հրաժարվում էր փոխզիջման գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում, սակայն 2020 թվականին պարտությունից հետո Փաշինյանը փոխել է կուրսը, ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս և հայտարարել «խաղաղության օրակարգ»։ «Այժմ նա չի պահանջում ո՛չ Ղարաբաղի հայերի ինքնավարության կամ գոնե իրենց տները վերադառնալու իրավունքի իրագործում, այլ ցանկանում է արագ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ», — գրում է BBC-ն: «Երկար ժամանակ հակամարտող կողմերի միջև կար ըմբռնում, որ առաջնորդները պետք է համաձայնության գան, այնուհետև ՀԿ-ներն առաջ գան և համաձայնությունը «վաճառեն» հանրությանը», — ասել է Լոնդոնի Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող, հայ-ադրբեջանական հակամարտության մասին գրքի հեղինակ Լոուրենս Բրոերսը: Խաղաղության գործընթացը, ինչպես նաև բանակցությունները, որոնք երկրները վարել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ, նրա խոսքով, միշտ էլ եղել են ոչ թափանցիկ։ Բրոերսի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո հասարակության մեջ քննարկման հնարավորություն կար, սակայն Ադրբեջանում վերջին ձերբակալություններից հետո այն կրկին անհետացել է: Նա այն, ինչ հիմա տեղի է ունենում, անվանել է «պարտադրված խաղաղության գործընթաց, որը ծառայում է վերնախավերի, ոչ թե ամբողջ հասարակության շահերին»։ «Այս գործընթացից բխող ցանկացած պայմանավորվածություն կլինի մակերեսային և փխրուն, այլ ոչ թե ընդգրկված հայ-ադրբեջանական հարաբերությունների ավելի լայն տրանսֆորմացիայի մեջ»,- ասել է փորձագետը։ BBC-ն նկատում է, որ խաղաղության հեռանկարները երերուն են թվում նաև ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին, քանի որ հանրապետականը խոստացել է  կենտրոնանալ ներքին խնդիրների վրա։ Աղբյուրը հիշեցնում է, որ արցախյան երկրորդ պատերազմը տեղի է ունեցել Թրամփի առաջին նախագահության ժամանակ, և Միացյալ Նահանգներն այն ժամանակ հեռու է մնացել հակամարտությունից։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով և ապահովել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը։ Մինչդեռ Ջո Բայդենի վարչակազմը, չնայած ուկրաինական պատերազմին, փորձում էր ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական գործընթացում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կազմակերպել է հանդիպումներ երկու երկրների արտգործնախարարների միջև՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը։

Scroll to Top