Գովազդ A1

Տնտեսություն

Տնտեսություն

Apple-ն իր ամենահայտնի սարքերից մեկը հայտարարել է հնացած

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն իր պատմության ընթացքում ամենաշատ սպասված սարքերից մեկը՝ երկրորդ սերնդի Apple Watch «խելացի» ժամացույցը, որը ներկայացվել է 2016-ին, այլև չի սպասարկի: Ինչպես գրում է Daily Mail-ը, ընկերությունն Apple Watch Series 2-ն ավելացրել է այն ապրանքների պաշտոնական ցանկում, որոնք համարում է հնացած: Դա նշանակում է, որ սարքը չի ստանում աջակցություն և ընկերությունն այլևս իրավասու չէ վերանորոգել այն Apple Store-ում կամ լիազորված երրորդ կողմի ծառայություններ մատուցողի միջոցով: Ըստ էության, դա նշանակում է, որ եթե սարքը դադարում է աշխատել, Apple-ը պարտավոր չէ վերանորոգել այն: Խոսքը «խելացի» ժամացույցի՝ ալյումինից և չժանգոտվող պողպատից պատրաստված տարբերակների մասին է: Մինչդեռ ավելի թանկ կերամիկական տարբերակը դեռ չի ավելացվել հնացած սարքերի ցանկում, ինչը նշանակում է, որ Apple-ը դեռ սպասարկում է այն:

Տնտեսություն

ՀՀ-ում վառ արտահայտված է տնտեսական ստվերը, բայց 2024-ին արդեն 112 մլրդով ավելի հարկ ենք հավաքագրել. Ռուստամ Բադասյան

2025 թվականին մեր ընթացիկ ծախսերը կազմելու են 26.2 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին 29.5 մլրդ էր, այսինքն՝ նվազելու է 3.3 մլրդ դրամ կամ 11.4 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա պարզաբանեց, որ այս ծախսը պայմանավորված է հիպոթեքային վարկերով՝ եկամտահարկի վերադարձով: «2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 767 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 112.7 մլրդ դրամով կամ 6.8 տոկոսով, մինչև տարեվերջ այս դինամիկան դեպի վերև է գնալու»,- ասաց նա: Բադասյանն ընդգծեց, որ ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է: «Ուզում եմ անդրադառնալ մամուլում շրջանառվող թեզին, թե ՊԵԿ-ը՝ կախված տվյալ տարվա բյուջետային վիճակից, կամ առավել կոշտ վարչարարություն է իրականացնում, կամ առավել մեղմ: Նշեմ, որ մեր երկրում ստվերն այնքան վառ արտահայտված է, որ մենք տվյալ տարվա բյուջետային ակնկալիքներին չենք նայում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ ստվերային տնտեսությունն առավել վառ արտահայտված է մի շարք ոլորտներում: «Մեր պարտականությունն է ուղիղ ոչ միայն ֆիսկալ առումով խնդիրներ լուծել, այլ եթե մեր վարչարարությունը չիրականացնենք բոլոր ոլորտներում և ակտիվ չպայքարենք ակտիվ ստվերի դեմ, դա տարբեր շուկաներում խաթարում է մրցակցությունը, ուստի այս ուղղությամբ մեր աշխատանքը շարունակական է լինելու»,- ասաց նա:

Տնտեսություն

Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը թուրք գործընկերոջ՝ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրալօղլուի հետ վերջին հանդիպումը համարում է բավականին արդյունավետ, քանի որ  կարողացել են խոսել համագործակցությունների և ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունների մասին, քննարկել են նաևՀայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: «Մենք խոսել եք բոլոր ենթակառուցվածքների՝ այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու մասին։ Նախնական պատկերացումներ կան, թե ինչքան կարող են տևել վերականգնման աշխատանքները, նաև պատկերացում կա, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն դրա համար»,-  այսօր ԱԺ-ում ասել է Սանոսյանը:

Տնտեսություն

Ապօրինի ջրառի կասեցում` Հովտաշատում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում օդային տրանսպորտի օժանդակ գործունեությամբ զբաղվող «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ կենցաղային և ոռոգման նպատակներով խորքային հորից իրականացվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։ Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Տնտեսություն

«Վանատամ» ՍՊԸ-ն վերականգնել է 5 մլն դրամի հարկային պարտավորությունը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումները՝ «Լիաննա գարդեն հոլ»-ում («Վանատամ» ՍՊԸ) իրականացված հսկողական աշխատանքների վերաբերյալ, հայտնում է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «Վանատամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ստացված տեղեկությունների և միաժամանակ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքներով վեր հանված ռիսկերի հիման վրա, 19.10.2023թ.-ին ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Լիաննա գարդեն հոլ» ֆիրմային անվամբ գործող ռեստորանային համալիրում առկա է շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառություն, միաժամանակ պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրն իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է արտացոլել և ներկայացրել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։ Արձանագրված ստվերային շրջանառությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում ներկայացվել է հարկ վճարողին, որի արդյունքում վերջինս, ինքնակամ, 21.11.2023թ.-ին հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների շրջանառության հարկի և օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներ։ Արդյունքում ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 100․241․088 ՀՀ դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շրջանառության հարկի գումար՝ 4․009․644 ՀՀ դրամի չափով, իսկ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներով ընկերության վարձու աշխատողներին ուղղվող աշխատավարձի չափն ավելացել է 4․156․763 ՀՀ դրամի չափով, որի արդյունքում առաջացել է լրացուցիչ վճարման ենթակա 831․355 ՀՀ դրամ եկամտային հարկի և 170․081 ՀՀ դրամ սոցիալական վճարի գումարներ։ Միջոցառման արդյունքներով «Վանատամ» ՍՊԸ-ի մոտ ընդհանուր առմամբ առաջացել է 5․011․080 դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Տնտեսվարողի մոտ 30.12.2023 թվականին իրականացված հսկիչ գնման արդյունքում արձանագրվել է նաև հսկիչ դրամարկղային կանոնների կիրառության խախտում, որի արդյունքում հարկ վճարողին 31.01.2024 թվականին առաջադրվել է 769 335 ՀՀ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի համաձայն:

Տնտեսություն

Թուրքիան ամենաշատը ՌԴ-ից է ներմուծում բնական գազ․ EMRA

2024 թվականի ութ ամիսների ընթացքում Թուրքիայի բնական գազի ներմուծումը նվազել է։ «Էրմենիհաբերի» փոխանցմամբ՝ այդ մասին հրապարակում է կատարել «Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը» (EMRA)։ Գազի ներմուծումն օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 5,74%-ով և կազմել 3 մլրդ 893 մլն մ3։ Բնական գազի ներկրումը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,94-%ով և կազմել 31 մլրդ 689 մլն մ3։ Հրապարակված տվյալների համաձայն՝ օգոստոսին բնական գազ է ներկրվել 4 տարբեր երկրներից։ Ներմուծման գծով առաջին տեղում է Ռուսաստանը՝ 58,43 %, որին հաջորդում է Ադրբեջանը՝ 19,07 %, Իրանը 12,62 %, Ալժիրը՝ 9,88%։ Օգոստոսին բնական գազի սպառումը նվազել է 3,61%-ով և կազմել 3 մլրդ 384 մլն մ3։ Արտադրության ծավալն աճել է մոտավորապես 418 %՝ մինչև 217,80 մլն մ3, իսկ արտահանումն աճել է 325%՝ մինչև 190 մլն մ3։ Այսպիսով, պաշարները նվազել են 17,71%-ով և հասել 4 մլրդ 327 մլն մ3։ Տարվա առաջին ութ ամիսներին բնական գազի սպառումը նվազել է 0,25%-ով և կազմել 35 մլրդ 47 մլն մ3։ Արտադրության ծավալն աճել է 343-%ով՝ մինչև 1 մլրդ 350 մլն մ3, իսկ արտահանումն աճել է 567-%-ով՝ մինչև 1 մլրդ 180 մլն մ3։

Scroll to Top