Գովազդ A1

Տնտեսություն

Տնտեսություն

Ճապոնիան 2025 թվականի հունիսից առաջին անգամ ռուսական նավթ է գնել

Ճապոնական Taiyo Oil ընկերությունը գնել է Սախալինից Sakhalin Blend տեսակի ռուսական նավթի խմբաքանակ՝ Մերձավոր Արևելքից դուրս մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման ջանքերի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։ Ըստ Taiyo Oil-ի ներկայացուցչի, ընկերությունը «սոցիալական պատասխանատվություն է կրում նավթամթերքների կայուն մատակարարումների ապահովման համար» և այդ կապակցությամբ «պատշաճ կերպով գործում է Բնական ռեսուրսների և էներգետիկայի գործակալության հետ համագործակցությամբ»։ Դրա համար օգտագործվում են նավթի ազգային պաշարները, ինչպես նաև «ջանքեր են գործադրվում մատակարարումները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ [տարածաշրջաններից] Մերձավոր Արևելքից դուրս»։ Ընկերության ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Sakhalin Blend տեսակի նավթի մատակարարումների վրա պատժամիջոցներ չեն տարածվում»։ Միևնույն ժամանակ, «Sakhalin Blend տեսակի նավթի ապագա գնումների վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել»։ «Կոմերսանտ» պարբերականի տեղեկություններով, վերջին տարիներին Ճապոնիան նավթի մատակարարումների 95%-ը ստանում է Մերձավոր Արևելքի երկրներից։ Ներմուծման մեծ մասն անցնում է Հորմուզի նեղուցով։ 2022 թվականից գործում է բացառություն «Սախալին-2»-ից ռուսական նավթի ներմուծման համար, քանի որ դա անհրաժեշտ է Ճապոնիայի էներգետիկ անվտանգության համար։ Վերջին անգամ Taiyo Oil-ը ռուսական նավթ էր գնել 2025 թվականի հունիսին։ Այդ ժամանակ ճապոնական ընկերությունը ստացել էր Sakhalin Blend մակնիշի նավթի 600 հազար բարել, և այդ մատակարարումը դարձել էր առաջինը ավելի քան երկու տարվա ընթացքում։ Հղումը՝ News.am

Տնտեսություն, Քաղաքականություն

«Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը». Սամվել Կարապետյան

  Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն, քանի որ հիմա բոլոր որոշումները Հայաստանի մասին կայացվում են Ադրբեջանում, որովհետև Փաշինյանը ամեն ինչ արեց, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, ինչը մենք շատ արագ պետք է վերականգնենք։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ «Մենք պետք է ունենանք շատ բարեկամական հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Անգլիայի հետ, Ֆրանսիայի, Չինաստանի հետ, ինչպես նաև մեր բարեկամ Ռուսաստանի հետ, միայն այդպես մենք կարող ենք լուրջ երաշխավորություններ ապահովել գերտերությունից»,– ասել է նա Դիտարկմանը, թե այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականության արդյունքում 300000 ադրբեջանցի է բերելու Հայաստան, արձագանքել է, որ չի քննարկվում հարց արցախցիների վերադարձը Արցախ և չի քննարկվում հարց 300000 ադրբեջանցիների գալը Հայաստան, Կարապետյանը պատասխանել է. «Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում։ Ադրբեջանի նախագահն անում է հայտարարություն, փոքրիկ խմբակը իր ղեկավարի հետ վազելով կատարում են այդ հայտարարությունները։ Դրա համար ես վստահ եմ, որ իրենց հետ քննարկող չկա, բայց մենք այդ ամենը կանգնեցնելու ենք, մենք ստեղծելու ենք 300000 աշխատատեղ հայերի համար։ Դուք վստահ եղեք, եթե Ալիևին և Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերաբնակեցնել 300 հազար ադրբեջանցու Հայաստանում, հաջորդելու են քայլեր, գնելու են հողեր, կառուցելու են գործարաններ, որտեղ աշխատելու են ադրբեջանցիներ»։ Կարապետյանն արձագանքել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն է Հայաստանի երաշխավորը։ «Ադրբեջանը ամենաշատը Հայաստանում կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը։ Հայաստանի երաշխավորը լինելու է Հայաստանի ուժեղ բանակը, Հայաստանի ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները և տարածաշրջանային շահեր ունեցող երկրները»։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

Հայաստանում երեք նոր խոշորացված համայնք կստեղծվի

Հայաստանում կձևավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ։ Այս մասին՝ ապրիլի 30-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովի նիստում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Դրանց թվում են Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքը, որի մեջ կմիավորվեն ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ իրենց 20 բնակավայրերով, Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքը, որը կներառի ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ 28 բնակավայրերով, և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքը, որի կազմում կլինեն ներկայիս Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով։ «Այսպիսով, առաջարկվող ծրագրերին կմասնակցի 9 համայնք և 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում կձևավորվի 3 համայնք», — ասել է Խուդաթյանը։ Որոշակի քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի կողմից։ Հղումը՝ news.am

Տնտեսություն

Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Մակնշման «Честный знак» պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես РБК-ին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։ Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որում գերատեսչությունը մատնանշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելու կանխման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը։ Արգելափակման պատճառ են նշվել «պարտադիր պահանջների խախտումները»։ Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ի և 2026 թվականի մարտի 5-ի արտադրության ամսաթվերով արտադրանքը։ Ինչպես նշել է Յուսուպովը, մինչև ստուգման ավարտը այն սպառողների ձեռքը չի ընկնի։ Մակնշման համակարգն արդեն մեկ անգամ կասեցրել էր «Ջերմուկի» 2,5 միլիոն շշի վաճառքը 2024 թվականին Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո։ Այն ժամանակ շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր հայտնաբերվել։ Հղումը՝  newday.am

Նորություններ, Տնտեսություն

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6%-ով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 65.9 մլրդ դրամով կամ 13.2%-ով:

Նորություններ, Տնտեսություն

ԱԶԲ հետ քննարկվել են բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների համատեղ առաքելության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր: Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև պետական պարտքի կառավարման ոլորտներում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականության բարելավմանը, ֆինանսական գործիքների ընդլայնմանը, ինչպես նաև թափանցիկության բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման ընթացքին, ինչպես նաև ակնկալվող արդյունքներին: Կողմերն ընդգծել են Ծրագրով նախատեսված միջոցառումների և բարեփոխումների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի խթանման տեսանկյունից՝ արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը ռազմավարական գործընկերության համատեքստում:

Նորություններ, Տնտեսություն

Ինչպես է իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով ներդրում կատարել ընդդիմադիր գործչի բիզնեսում. Hetq.am

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով), որը պետական կազմակերպություն է, Մեղրու նախկին համայնքապետ, ընդդիմադիր նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի կնոջ հետ ընկերություն է հիմնել 2023 թ., գրում է Hetq.am-ը: Ըստ կայքի, ընկերության ստեղծմանը նախորդած իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս ասել, որ իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով «փայ է մտել» Զաքարյանների մասնավոր բիզնեսում: Խոսքը «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ի մասին է, որը ժամանակավոր պահպանման պահեստ է շահագործում հայ-իրանական սահմանին՝ Ագարակ քաղաքում: Ժամանակավոր պահպանման պահեստը հատուկ տարածք է, որտեղ իրականացվում է ապրանքների ժամանակավոր պահպանություն՝ ավելի ուշ մաքսային որեւէ ընթացակարգով դրանք բաց թողնելու համար: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հասարակություն, Նորություններ, Տնտեսություն

Ակտիվացել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ավելի մեծ թափ են ստացել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքները․ հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Կապալառու կազմակերպությունը մեծացրել է իր ռեսուրսները։ Շինհրապարակում աշխատում է 155 միավոր տեխնիկա, 248 աշխատող։ Ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչներ, ինչպես նաև տեղական շինարարական կազմակերպություններ՝ որպես ենթակապալառու, ինչը լուծում է որոշակի սոցիալական խնդիրներ։ Բացի այդ, տեղի շինկազմակերպություններն ու մասնագետները, համագործակցելով միջազգային բազմաթիվ ծրագրերում մեծ փորձ ունեցող կապալառուի հետ, ձեռք են բերում մեծ փորձառություն, ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաների նրբություններին։ Շինհրապարակում այս պահին իրականացվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, պայթեցումներ, կառուցվում է հողային պաստառը և այլն։ Ընթանում է Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցներից մեկի կառուցումը. կատարվում է բետոնացում, կառուցվում են արհեստական կառույցների հիմքերը։ Շարունակվում են նաև 360մ երկարություն ունեցող թունելի հորատման աշխատանքները. արդեն իսկ հորատվել է ավելի քան 180մ։ Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել և 17 կամուրջ, որոնցից ամենաերկարը 720 մետր է։

Տնտեսություն

«Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՓՄՁ սուբյեկտների հարկային արտոնությունների վերացում, հարկերի բարձրացում մոտ վեց անգամ, փաստաբանական ծառայությունների արժեքի բարձրացում, և, ինչպես փաստում են հենց փաստաբանները, նրանք զրկվելու են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունից: Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխությունների առթիվ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հնչած այս ահազանգերը, մեղմ ձևակերպմամբ, անհանգստացնող են, իսկ ավելի դիպուկ բնորոշմամբ՝ գործ ունենք հարկային տեռորի հետ, որը, փաստորեն, իրականացվելու է պետական մակարդակով: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ այդ փոփոխություններն ընդհանուր «չարեփոխումների» միայն մի փոքրիկ հատվածն են: «Ինչի՞ց են սկսել փոփոխությունները: 2024 թ.-ի բյուջեով 237 մլրդ դրամ հարկերը թերհավաքագրվելու են: Այսինքն՝ բյուջետային եկամուտներն այդքանով պակաս են կատարելու: Սա արդեն իսկ հունվարից հոկտեմբեր ամիսների հավաքագրված գումարների և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների կանխատեսումների մեր հաշվարկն է: Իհարկե, 237 միլիարդը կարող է դառնալ մինչև 300 մլրդ: Տարեսկզբից նշում ենք, որ 200-ից 300 մլրդ դրամով պակաս են կատարելու հարկերի հավաքագրումը: Եկենք միջինացված թիվ ֆիքսենք՝ 250 մլրդ դրամ: 2025 թ.-ի ընթացքում բյուջետային եկամուտներն ավելացվել են 197 մլրդ դրամով, այսինքն՝ 2025 թ.-ի վրա 2024 և 2025 թվականների գումարային բեռը կազմում է 450 մլրդ դրամ: Սա չեն կարող կատարել, որովհետև չունենք տնտեսական պոտենցիալ, թողարկվող արտադրանքի քանակ չի ավելանում, ծառայությունների ծավալ չի ավելանում, տուրիզմը նվազել է, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից տրանսֆերտների փոխանցումը նվազել է: Այս իրավիճակում մնում է ընդամենը երկու ելք՝ կա՛մ հարկերի դրույքաչափերի բարձրացում, կա՛մ հարկվող օբյեկտների ընդլայնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Ընդգծում է՝ հիմա սկսել են ծառայությունների մատուցումից: «Այսինքն, որոշակի մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների հարկերը բարձրացնելուց: Կանխատեսվում է, որ խոսքը մոտավորապես 132 մլրդ դրամի մասին է, այսինքն՝ հարկերն այդտեղից պետք է բերեն: Մնացած հատվածը պետք է սպասենք 2025 թ.-ին և գնաճին: Դրանով պայմանավորված՝ լայն սպառման առարկաների գները բարձրացնելու են, նաև կանխատեսում ունենք, որ կարող են հանրային ծառայությունների՝ էլեկտրաէներգայի, գազի, ջրի և այդպիսի այլ ծառայությունների արժեքի բարձրացում լինել: Վերջին երկու տարին, մասնավորապես, անընդհատ հակված են կրթության և առողջապահության ծառայությունները հարկելուն: Զուգահեռ տեղի է ունենում ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում: 450 մլրդ դրամ հարկային բեռը պետք է բաշխեն փոքր և միջին բիզնեսի և Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա: Բեռը պետք է լայն բաշխվածություն ունենա, յուրաքանչյուրի վրա փոքր ազդեցություն, և դժգոհություններ չհասունանան: Այս ամբողջի համատեքստում նրանք փուլային ներդրում են կատարում: Կազմակերպություններին հարկում են, նրանց քանակը քիչ է, կամ վախի մթնոլորտում չեն կարողանում բողոքի ալիք բարձրացնել, սրանք էլ օգտվում են դրանից, և այդ բարձրացումները կատարում են»,-նշում է մեր զրուցակիցը: Անդրադառնում է նրան, թե ինչ հետևանքներ սա կարող է ունենալ: «Փաստաբանական և հաշվապահական ծառայություններն օգնում են փոքր և միջին բիզնեսին և ֆիզիկական անձանց: Հայաստանի բոլոր ֆիզիկական անձինք պետք է հայտարարագիր ներկայացնեն: Հաշվապահական ծառայությունների հարկերը բարձրացնում են, սա նշանակում է, որ 30 տոկոսից ավելի միայն այդ ծախսը բոլոր ֆիզիկական անձանց մոտ ավելանալու է: Երկրորդ՝ հաճախ է լինում, որ նրանք անարդարությունների զոհ են դառնում: Իրավաբանական և հաշվապահական ծառայությունների արժեքն այնքան բարձր է լինելու, որ նրանք չեն կարողանալու օգտվել իրենց իրավունքների պաշտպանությունից: Խնդիրների առջև են կանգնելու: Նախ՝ պարտադրում են եկամտային համատարած հայտարարագրում, և նորմալ է, որ գիտելիքի պակասի պատճառով մարդիկ կարող են սխալ լրացումներ կատարել, դրա հետևանքով հարկային մարմինը կարող է հարկառաջադրում անել:Նրանք դիմելու են իրավաբանական կամ հաշվապահական կազմակերպություններին իրենց իրավունքները պաշտպանելու համար, բայց վերջիններիս ծառայությունների արժեքն այնքան են բարձրացնում, որ չկարողանան նրանց դիմել, այդ ծառայությունները ֆիզիկական անձանց համար անհասանելի են դարձնում: Մի կողմից՝ բյուջետային եկամուտների խնդիրն են լուծում, մյուս կողմից՝ անընդհատ ազդեցություն են գործում ֆիզիկական անձանց վրա, որպեսզի որևէ մեկն անկախ կամարտահայտում չունենա, անընդհատ վախի մթնոլորտում ապրի»,-ասում է Աուդիտորների պալատի նախագահը: Այս ամենն, իհարկե, ազդեցություն է ունենալու գնաճի վրա: «Այն երկու տեսակի ազդեցություն է ունենալու: Մի կողմից՝ խոսքը պարտադիր ծառայությունների մասին է, որոնցից մարդիկ, այսպես, թե այնպես օգտվելու են, սա ավելորդ ծախսի ավելացում է: Մյուս կողմից՝ չկա եկամուտների ավելացման հնարավորություն, այդ ներուժը չունեն: Երրորդ տեսանկյունից օրինակը բերենք սովորական սպառում իրականացնող խանութների վրա: Այդ խանութների հարկային բեռն ավելանալու է, նրանք հաշվապահական և իրավաբանական՝ արդեն բարձր արժեքով ծառայություններից են օգտվելու: Դա չեն կարող ինքնուրույն, իրենց գրպանից սպասարկել: Բնական է, որ դա պետք է ներառեն ապրանքի արժեքի մեջ: Պետք է, ասենք, սննդամթերքի գինը բարձրանա: Այդ գնային բաշխման մեջ մեր հասարակությունը երկու անգամ է գնաճի ազդեցությանը ենթարկվելու: Մի անգամ անձամբ՝ ծառայություն ձեռք բերելիս, հաջորդն անուղղակիորեն՝ ապրանք ձեռք բերելիս, որի դեպքում ծառայությունների բարձր արժեքն արդեն ներառված է լինելու: Այս քայլերը մի կողմից՝ բյուջեն լցնելու նպատակ ունեն, մյուս կողմից՝ հայ հասարակությանն ավելի աղքատացնելու, որովհետև սրանք ինչ իրականացնում են, կա՛մ գնաճի վրա է ազդեցություն ունենում, կա՛մ մարդկանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ է ձևավորում»,-նշում է մեր զրուցակիցը: Ազգային ժողովում վերջին օրերին քննարկվում է 2025 թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Պարզ դարձավ, որ ունենալու ենք պետական պարտքի ավելացում, չի նախատեսվում թոշակի, նպաստի և նվազագույն աշխատավարձի բարձրացում, նախանշվել է բավականին համեստ՝ 5,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Աուդիտորների պալատի նախագահից հետաքրքրվում ենք, թե ինչպիսի՞ն է պետբյուջեի նախագծի վերաբերյալ իր գնահատականը: «Բյուջեի նախագիծը շարունակում է մնալ խիստ վտանգավոր: Այն խոստանում է հայ հասարակությանը, որ անպայման գնաճ է լինելու և հասարակությունն ավելի է աղքատանալու: Եվ երկրորդ՝ Հայաստանի բյուջեն չի ստեղծում տնտեսական հնարավորություն, պոտենցիալ, ներուժ: Եվս մեկ տարի մեր կյանքից տրամադրում ենք այս կառավարությանը՝ վստահաբար իմանալով, որ 2025 թ.-ը մեր ապագայի համար որևէ դրական երևույթ կամ դրա հնարավորությունը չի ստեղծելու: Հաջորդ տեսանկյունից ակնկալվում է Հայաստանի պետական պարտքն ավելացնել 14 միլիարդ դոլարից, ինչը նշանակում է, որ Հայաստանի չափահաս չդարձած, այդ թվում՝ դեռևս չծնված քաղաքացիներն ապագայում պետք է լինեն բարձր հարկային բեռի տակ, որպեսզի կարողանան այդ պարտքը սպասարկել: Սրանք են 2025 թ.-ի բյուջեի վտանգները, այն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը: ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Scroll to Top