Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

Պատերազմի դռները պետք է փակ լինեն, բայց դա հնարավոր կդառնա, երբ խաղաղությունը երաշխավորեն դաշնակիցները. Ծառուկյան

Հայաստանի համար գլխավոր խնդիրը շարունակում է մնալ երաշխավորված խաղաղության հասնելը, որը կբացառի նոր պատերազմի հնարավորությունը։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանը ընդգծել է, որ Հայաստանը պետք է ոչ թե պարզապես խաղաղության համաձայնագիր ստորագրի Ադրբեջանի հետ, այլ հասնի դրա պահպանման միջազգային երաշխիքներին։ «Պետք է մեկընդմիշտ փակել պատերազմի դռները։ Դա հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ խաղաղությունը լինի երաշխավորված, իսկ մեր կողքին գտնվեն մեր հիմնական դաշնակիցները, որոնք իրենց ստորագրությունները կդնեն ձեռք բերված պայմանավորվածությունների տակ՝ այդպիսով երաշխավորելով դրանց կատարումը», — հայտարարել է նա։ Քաղաքական գործիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած ձեռք բերված խաղաղության մասին իշխանությունների հայտարարություններին, անվտանգության առանցքային հարցերը մնում են չլուծված․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ հայ ռազմագերիները մինչ օրս հայրենիք չեն վերադարձվել։ «Եթե այսօր իսկապես խաղաղություն է, ապա ինչո՞ւ մեր գերիները չեն վերադառնում։ Ինչո՞ւ են շարունակվում նոր պահանջներ առաջադրվել»։ — հարց է բարձրացրել Ծառուկյանը։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը կարծում է, որ առկա խնդիրները պետք է լուծել բանակցությունների և կշռադատված դիվանագիտության միջոցով։ Նրա կարծիքով՝ արդյունքի հասնելու համար երկրին անհրաժեշտ են ամուր միջազգային կապեր, գրագետ բանակցային թիմ և ազգային շահերի շուրջ հասարակության համախմբում։ Ծառուկյանը նաև հայտարարել է, որ իր թիմի իշխանության գալու դեպքում կադրային քաղաքականությունը չի կառուցվելու կուսակցական սկզբունքով։ Նրա խոսքով՝ առանցքային պաշտոնները պետք է զբաղեցնեն մասնագետները՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ «Մարդը կարող է լինել անկուսակցական կամ ներկայացնել մեկ այլ քաղաքական ուժ։ Կարևորը, որ նա ապացուցած լինի իր արդյունավետությունը և կարողանա օգտակար լինել պետությանը», — նշել է նա։ Քաղաքական գործիչը կոչ է արել տարբեր հասարակական և քաղաքական ուժերի միավորմանը՝ հայտարարելով, որ այսօր երկրին անհրաժեշտ են մարդիկ, որոնք ունակ են ապահովել անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը և լուծել քաղաքացիների սոցիալական խնդիրները։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Ինչո՞ւ հենց 300 հազար ադրբեջանցի պիտի վերադառնան Հայաստանի տարածք․ որտեղի՞ց այդ թիվը․ մանրամասնում է Արա Պապյանը

Գյումրու նախկին «Տեքստիլագործների ակումբում» «Ազգային-ժողովրդավարական բևեռի» քարոզարշավի ժամանակ հարց ուղղվեց Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանին 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում վերաբնակեցման մասին։ Նա նախ պարզաբանեց, թե 300 հազար թիվը որտեղից է, երբ Ալիևը անցած տարի հուլիսի 5-ին իր ճառի մեջ խոսում էր 100 հազար ադրբեջանցիների մասին։ Նա  վկայակոչեց ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթը, որի մեջ հստակ նշված է 300 հազար, այսինքն նրանց, ում իբրև թե արտաքսել, բռնագաղթի են ենթարկել Հայաստանից ու պետք է վերադառնան արժանապատիվ կերպով։ Արա Պապյանն ասաց, որ փաստաթուղթը հայերեն թարգմանած՝ տեղադրված է իր ֆեյսբուքյան էջում։ Խոսքը Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի (UNHCR) Գործադիր կոմիտեի 74-րդ նստաշրջանում (2023 թ. հոկտեմբերի 9–13) Ադրբեջանի Հանրապետության Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆուադ Հուսեյնովի պաշտոնական հայտարարության մասին է, որտեղ, ըստ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման, ադրբեջանցի «փախստականների վերադարձի հարցը» պետք է լինի «խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը»։ Այնտեղ նշված է․ «Ներքին տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ արդարության վերականգնումը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ամուր հիմք է։ Անհրաժեշտ է նաև պաշտպանել Հայաստանից բռնի կերպով իրենց նախնիների հայրենիքից արտաքսված 300 000 ադրբեջանցի փախստականների՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, և այդ հարցը պետք է կազմի ցանկացած տևական խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը»։ Արա Պապյանն ասաց, որ սա միակ փաստաթուղթը չէ, առնվազն 6-7 լինք կա, որով կարող են մտնել ու կարդալ՝ սկսած Ադրբեջանի խորհրդարանից մինչև միջազգային կառույցները շրջանառված փաստաթղթերը։ «Անցած տարի հունիսի 21-22-ին  Ստամբուլում կայացած Իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության համաժողովից հետո ընդունված եզրափակիչ փաստաթղթի 26-րդ հոդվածն է , որտեղ հստակորեն նախ մեղադրվում է Հայաստանը իսլամական մշակույթը յուրացնելու և ոչնչացնելու մեջ։ Այդտեղ միայն ադրբեջանցիների վերադարձը չէ, մեղադրանք կա և նշվում է՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների, հետաքրքիր է ոչ թե Հայաստան վերադարձի մասին, այլ Հայաստանի տարածք վերադարձի մասին։ Դիվանագիտության մեջ բառերը շատ կարևոր են, իրենք անգամ Հայաստանը որպես պետություն էլ  չեն ճանաչում, որ Նիկոլն ասում՝ ճանաչել են մեր սահմանները, ինչո՞վ են ճանաչել։ Չեն գրում  վերադարձ Հայաստան,  այլ Հայաստանի տարածք վերադարձ, այնտեղ պետություն կլինի, թե չի լինի, դա էական չէ։ Այս իշխանությունները խաբում են ժողովրդին, որովհետև իրականությունը շատ դառն է, բայց գիտեք քաղաքական գործիչը քաղաքական բժիշկ է, այսինքն՝ դու պիտի ախտորոշես և բուժումը ասես՝ ինչպես պետք  է լինի։ Դու չես կարող հիվանդությունն անտեսես այն հույսով, որ եթե դու ոչինչ չանես, ինքնըստինքյան կբուժվի, չի բուժվի, եթե ծանր հիվանդ է, մեր երկիրը ծանր հիվանդ է, մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ բուժվի»,-ասաց Արա Պապյանը։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Իվետա Տոնոյանը՝ Արայիկ Հարությունյանին. «Ստի ու կեղծիքի մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ»

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արայիկ Հարությունյանը, հերթական անգամ իրեն մտքի գիգանտ երևակայելով, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝ նրանց մեղադրելով ստախոսության մեջ։ Հատկանշական է, որ ընդդիմությանը ստախոսության մեջ մեղադրում է մի իշխանության ներկայացուցիչ, որի կառավարման վերջին ութ տարիները դարձել են ստի, կեղծիքի և չկատարված խոստումների խորհրդանիշ։ Այս ամենն ասում է մի մարդ, որի քաղաքական ուժի՝ 2021 թվականին ներկայացված նախընտրական ծրագիրը ծայրից ծայր սուտ է եղել, իսկ տրված խոստումներն այդպես էլ մնացել են թղթի վրա։ Գինը վճարել է ժողովուրդը։ Այն իշխանության, որը հիմա էլ հասարակությանը մոլորեցնում է Հայաստանի Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ պատրանքներով՝ անտեսելով այն իրողությունը, որ նման կործանարար քաղաքականության հետևանքով շուտով տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են սննկանալ, իսկ երկրի առջև առաջանալ լուրջ անվտանգային ռիսկեր։ Ինչ վերաբերում է խոսքի հանդեպ պատասխանատվությանը, ապա Գագիկ Ծառուկյանի դեպքում բնորոշումը տվել է ժողովուրդը՝ մեր խոսքը գործ է։ Հետևաբար, կարծում եմ՝ ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ»։ Հղումը՝ Newday.am

Իրավունք, Քաղաքականություն

6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ

«Գործարար, տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով։ Սամվել Կարապետյանի հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է երեկ՝ 2026թ. մայիսի 29-ին։ Նա զրպարտություն է համարում այն, որ Ալեն  Սիմոնյան «Ֆեյսբուք» և «Տիկտոկ» հարթակներում 2026թ. մայիսի 19-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը. «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»: Ըստ պահանջի՝ ԱԺ նախագահը պետք է հայտնի, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով զրպարտել է Սամվել Կարապետյանին: Հերքումը պետք է հրապարակվի Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆեյսբուքի» և «Տիկտոկի» էջերում՝ «Հերքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ իմ կողմից 19.05.2026թ. հրապարակված տեսանյութում հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո տեղադրված տեսանյութում, վճռում նշված հերքման բովանդակությունը ընթերցելու միջոցով: Սամվել Կարապետյանը պահանջում է նաև Ալեն Սիմոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։ Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Վահագն Թորոսյանին և վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացված չէ»։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանն արդեն երրորդ անգամ չի կարող սկսել նիստը քվորումի բացակայության պատճառով

Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 29-ի առավոտյան գումարվելիք՝ պաշտոնավարման ժամկետն ավարտող կազմի նիստը քվորումի բացակայության պատճառով արդեն երրորդ անգամ չի սկսվել։ 107 պատգամավորից նիստին ներկայացել էին միայն 3-ը։ Պատգամավորները, որոնց մեծ մասը զբաղված է նախընտրական քարոզարշավով, հավաքվելու համար ունեն 4 ժամ։ Հիշեցնենք, որ այս խորհրդարանական քառօրյայի օրակարգում ընդհանուր առմամբ ընդգրկված է 35 հարց։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Միգրացիայի ծառայությունը հրապարակել է ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 10-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.232, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22742, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8: Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Սա սրբապղծություն է». Զախարովան դատապարտել է Հայաստանում ռազմական հուշահամալիրի ապամոնտաժման ծրագրերը

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի հնարավոր ապամոնտաժմանը՝ մտահոգություն հայտնելով ԱՊՀ տարածքում պատմական հիշողությունը խեղաթյուրելու վտանգավոր միտումների կապակցությամբ։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է, որ ռուսական կողմին անհանգստացնում են տեղական իշխանությունների՝ խորհրդային մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը քանդելու մտադրությունները, որի տեղում, եղած տեղեկությունների համաձայն, նախատեսվում է շատրվան կառուցել։ «Որքան հասկանում ենք, Արթիկի ղեկավարությունը, ինչպես նաև վերադաս մարմինները, մտադիր են ի կատար ածել Հայրենական մեծ պատերազմում զոհված համաքաղաքացիների հուշարձանի վերաբերյալ իրենց ծրագրերը։ Եվ, մեր տվյալներով, այդ հուշահամալիրի տեղում նախատեսվում է շատրվան կառուցել», — հայտարարել է դիվանագետը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմի համար անհասկանալի է, թե ինչու հնարավոր չէ նոր կառույցի համար մեկ այլ վայր գտնել։ «Իհարկե, հարց է առաջանում՝ մի՞թե շատրվանի համար ուրիշ տեղ չկար։ Ընդ որում, մինչ օրս հստակ չէ՝ հուշարձանն ուղղակի քանդվելու է, թե՞ տեղափոխվելու է այլ վայր, ինչի մասին նախկինում հավաստիացնում էին հայաստանյան գործընկերները», — ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ հայաստանյան հասարակության մեջ նման նախաձեռնությունները դիմադրության են արժանանում, սակայն պաշտոնական իշխանությունները չեն արձագանքում քաղաքացիների բողոքներին։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ դեմ արտահայտվում այս որոշմանը՝ հասկանալով, որ եթե խոսքն իրոք հուշարձանն առանց տեղափոխման ուղղակի քանդելու մասին է, ապա դա սրբապղծություն է։ Սակայն տեսնում ենք նաև, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունն անարձագանք թողնում մարդկանց լիովին արդարացի դիմումները», — նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Զախարովան հայտարարել է, որ հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը պատմական հիշողության վերանայման ավելի լայն համատեքստի մի մասն է։ «Այս հուշարձանի հետ կապված պատմությունը վկայում է մի անհամեմատ ավելի վտանգավոր միտման մասին, որը կարելի է բնորոշել որպես պատմական հիշողության համատարած խեղաթյուրում», — ընդգծել է նա։ Այս կապակցությամբ դիվանագետը հիշեցրել է մի շարք իրադարձությունների մասին, որոնք, Մոսկվայի կարծիքով, փաստում են Հայաստանում ընթացող նմանօրինակ գործընթացների մասին։ Մասնավորապես, նա մատնանշել է ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած արտահայտությունները, որոնք, ըստ նրա, արդարացնում էին նացիզմը։ «Այն ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հորդորեց ռուսական կողմին ուշադրություն չդարձնել առանձին հայտարարությունների վրա և խոստացավ պարզել եղելությունը։ Սակայն այդպես էլ որևէ արձագանք չեղավ», — ասել է Զախարովան։ Բացի այդ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը քննադատել է Վլադիմիր Զելենսկու երևանյան այցը։ «Հետո նեոնացիզմը հասավ Երևան՝ ի դեմս Զելենսկու, հենց այն Զելենսկու, որը ոտնահարեց սեփական նախնիների հիշատակը և սպառնում էր Հաղթանակի շքերթի ժամանակ հարվածներ հասցնել Կարմիր հրապարակին», — հայտարարել է նա։ Զախարովան առանձնակի ուշադրություն է դարձրել նաև ԱՊՀ փաստաթղթերում ձևակերպումների փոփոխությանը։ «Վերջին շրջանում Երևանը համակարգված կերպով ԱՊՀ փաստաթղթերի նախագծերից դուրս է թողնում «Հայրենական մեծ պատերազմ» արտահայտությունը», — հայտնել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ նման քայլերն առավել քան տարակուսելի են՝ հաշվի առնելով նացիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի ներդրած մեծ ավանդը։ «Եվ սա այն հերոսության ֆոնին, որը Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների տարիներին ցուցաբերել են հայերը, Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի ներկայիս քաղաքացիների նախնիները», — ընդգծել է Զախարովան։ Ամփոփելով, նա վստահություն է հայտնել, որ հայ հասարակության մեծ մասը կողմ է պատմական հիշողության պահպանմանը։ «Մարդիկ պատրաստ են տեր կանգնել պատմական հիշողությանը և պայքարել սեփական պատմության փառահեղ էջերը պահպանելու համար։ Որովհետև այն իրենց պատմությունը մոռացության մատնող երկրներն ու ժողովուրդները չունեն ապագա», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Մի շարք զինվորականների նոր կոչումներ են շնորհվել

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով զինվորականնեին նոր կոչումներ է շնորհվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին շնորհվել է բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Հղումը՝ Newday.am

Scroll to Top