Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

ՔՊ վարչությունն ինձ չի կարող ասել մանդատ դիր, կարող է հորդորել. Հովիկ Աղազարյան

Երեկ մասնակցել եմ կուսակցության նիստին, վարչությունն ինձ հրավիրել էր պարզաբանումներ տալու լսումների հետ կապված բոլորին հայտնի միջադեպի կապակցությամբ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Աղազարյանը նշել է, որ իր օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա: Դիտարկմանը՝ եթե Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, իրենից էլ դա կպահանջեն, նա պատասխանեց. «Դա ենթադրություն է, իհարկե, բայց դե պարտադիր չի։ Երբ որ ներկայացվի նման պահանջ, այդ ժամանակ կմտածենք։ Հնարավոր է, որ դնեմ։ Եթե, օրինակ, պարոն Քյարամյանը, ինչպես ես հայտարարել եմ հրապարակավ անուններ տա և հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով, իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ իմ մանդատը, ես դա հայտարարել եմ։ Իսկ եթե չհրապարակի, ուրեմն առիթ չկա»,- ասել է նա: Աղազարյանը նաև նշեց, որ վարչությունը չի կարող ասել, մանդատդ վայր դիր, այդպիսի լիազորություն չունի: «Վարչությունը այդպիսի բան ասելու լիազորություն չունի, թե պարոն Աղազարյան Ձեր մանդատը վայր դրեք։ Կարող է հորդորել՝ պարոն Աղազարյան, հորդորում ենք, որ Ձեր մանդատը վայր դնեք։ Նման հորդոր եթե լինի, այդ ժամանակ կպատասխանեմ, վստահաբար չեմ կարող ասել կլինի, թե՝ ոչ»,- ասել է պատգամավորը:

Քաղաքականություն

Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով  սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին: Հայտնում են «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամից: Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը:

Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանը՝ իր մանդատը վայր դնելու լուրերի մասին

«Երբ վարչության որոշումն ինձ ուղարկեք՝ կմեկնաբանեմ։ Հիմա ոչինչ մեկնաբանել չեմ կարող»։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին՝ առ այն, որ ՔՊ–ը վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանի՝ մանդատը դնելու մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել պատգամավորի մանդատը:

Քաղաքականություն

Նամակներ կհանձնվեն դեսպաններին․ Սրբազան շարժումը վաղը հավաք կանի

Վաղը՝ նոյեմբերի 12-ին, Սրբազան շարժումը իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ նամակներ է հանձնելու դեսպաններին։ Սրբազան շարժումը 15։30-ին հրավիրում է Սուրբ Աննա եկեղեցու մոտ, որտեղից շարժվելու են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն և ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն՝ նամակներ հանձնելու։

Նորություններ, Քաղաքականություն

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի 11-րդ փաթեթը. ՀՀ ԱԳՆ

Այսօր ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն)։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Հիշեցնենք, որ այսօր փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Երևանը խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու և ստորագրելու համար Բաքվին առաջարկներ է ուղարկել, սպասում է արձագանքի։

Քաղաքականություն

Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի ընկերության հետ 22,5 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. Հետք

Վայք համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Կառլեն Մինասյանին պատկանող «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն 15 դպրոցի կառուցման 12 պայմանագիր է կնքել Տարածքային զարգացման հիմնադրամի և Քաղաքաշինության կոմիտեի հետ, գրում է «Հետքը»։ «Եվս երկու պայմանագիր ընկերությունը կնքել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Պայմանագրերով նախատեսվում է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Այս 14 պայմանագրերի ընդհանուր արժեքը 22 մլրդ 500 մլն դրամ է։ 2024 թվականի հունվարի 29-ին Տարածքային զարգացման հիմնադրամը պայմանագիր կնքեց «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում դպրոց կառուցելու համար։ Պայմանագրի ընդհանուր գումարը 1 մլրդ 736 մլն դրամ էր։ Պայմանագրով նախատեսված է դպրոցի շինարարությունն ավարտել 760 օրվա (2 տարի 1 ամիս) ընթացքում։ «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության հիմնադիրներն են՝ Արամ Մինասյանը և Կարինե Խաչատրյանը։ 2022 թվականից բաժնետոմսերի 100%-ն անցել է Արամ Մինասյանի որդուն՝ Կառլեն Մինասյանին։ Վերջինս Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է, 2021 թվականին «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրվել էր Վայքի համայնքապետի թեկնածու։ Կառլեն Մինասյանը Վայքի ավագանու ընտրություններից առաջ նույնպես ակտիվ է եղել ընտրական գործընթացներում։ 2018-ի արտահերթ խարհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատգամավորի թեկնածու էր Խաչատուր Քոքոբելյանի և Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի ցուցակով։ Իսկ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մինասյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 20-րդ համարն էր։ Թեև քաղաքական դաշտում Մինասյանի բախտն այնքան էլ չբերեց, սակայն բիզնես գործունեության մեջ կարծես ամեն ինչ ավելի հարթ է ընթանում։ Միայն 2024 թվականի ընթացքում «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Քաղաքաշինության կոմիտեն, ՏԿԵՆ-ը և Տարածքային զարգացման հիմնադրամը 14 պայմանագիր են կնքել։ Բացի Շինուհայրի դպրոցից, Կառլեն Մինասյանին պատկանող ընկերութjունը դպրոցներ և կրթահամալիրներ պետք է կառուցի Սյունիքի մարզի Խոտ, Գորայք, Սառնակունք, Հարթաշեն, Քարաշեն, Բռնակոթ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Ույծ և Նորավան բնակավայրերում, Արագածոտնի մարզի Ռյա Թազա, Վարդենուտ և Կարին բնակավայրերում և Վայոց ձորի Արենի բնակավայրում։ Այս 15 դպրոցների կառուցման համար «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն ստացել է 17 մլրդ 660 մլն դրամ։ Մինասյանի ընկերությունը նաև 2 ճանապարհաշինական մրցույթում է հաղթել։ 2024-ի սեպտեմբերի 11-ին կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է 728 մլն 899 հազար դրամով միջին նորոգման աշխատանքներ իրականացնել Մ-4 մայրուղի- Ճամբարակ ճանապարհահատվածում։ Իսկ Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հատվածի հիմնանորոգման համար «Էկո բիլդինգը» ստացել է 4 մլրդ 157 մլն դրամ։ Կառլեն Մինասյանի գործունեության մասին նախկինում էլ ենք գրել։ «Հետքը» պարզել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցը, սկսել է զբաղվել ավազի արդյունահանմամբ։ Նա բաժնետեր էր դարձել «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ներում։ Հոդվածի հրապարակաման հաջորդ օրը Մակունցը երկու ընկերություններում իր բաժնեմասերը վաճառեց Կառլեն Մինասյանին։ Բացի «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ից, Կառլեն Մինասյանը բաժնեմասեր ունի նաև «Արփա Լույս», «Էդմ լոլար», «Դուստր սոլար», «Արմ սոլար», «Վայք ռեսուրսիս», «Լայմ սթոուն»,  «Մալիշկա ռեսուրսիս», «Պրեմիում քոնսթրաքշն», «Այսոլար», «Սքայ ռեզորթս», Վոլֆ մայնինգ», «Ֆրստ քոնսթրաքշն քոմփանի», «Բազալտ բրոկեն» ընկերություններում։ Նա նաև տնօրենի պաշտոն է զբաղեցնում «Մարի դենտ», «Նյու Բիլդինգ», «Օլ քլինինգ», «Սուն սոլար» ընկերություններում։ «Հետքի» հետ զրույցում Կառլեն Մինասյանն ասաց, որ իր ունեցած քաղաքական կապերը որևէ կերպ չեն ազդել մրցույթներում հաղթելու վրա, «Էկո Բիլդինգը» սահմանված կարգով մասնակցել է մրցույթներին և հաղթել։ «Դեռ իրենք են խնդրում, որ մասնակցենք, հաճախ մասնակիցներ չեն լինում։ Ասեմ ավելին՝ ներկայացված նախագծերը շատ թերի են։ Պետության բախտը պարզապես բերել է, որ մեր ընկերության պես մեծ ընկերություն է մասնակցել մրցույթին։ Մենք մեր ռեսուրսները օգտագործում ենք այդ նախագծերի թերությունները շտկելու համար»,- ասաց Մինասյանը։ Մենք հարցում ուղարկեցինք Քաղաքաշինության կոմիտե՝ պարզելու, թե արդյոք Կոմիտեն խնդրել է «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ին մասնակցել դպրոցների շինարարության համար հայտարարված գնումների մրցույթներին։ Քաղաքաշինության կոմիտեից պատասխանեցին. «Կոմիտեն որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ մրցույթներին մասնակցության վերաբերյալ բանակցություններ չի վարել, առավել ևս խնդրանքներով հանդես չի եկել»։ Իսկ նախագծերում առկա հնարավոր թերությունների մասին հարցին Կոմիտեից պատասխանել են, որ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն պետք է մշակի դպրոցների տեղակապման նախագծեր և իրականացնի դրանք։ «Տեղակապման նախագծերում թերությունների արձանագրման դեպքում պատասխանատվությունը վերապահված է «Էկո ԲԻլդինգ» ՍՊԸ-ին»,- նշված էր Կոմիտեի պատասխանում։ Այսպիսով, «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն առաջիկա երկու տարում պիտի հասցնի կառուցել 15 դպրոց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում և երկու ճանապարհ Տավուշում և Գեղարքունիքում։ Իսկ թե ինչպես է ընկերությունը իրականացնելու նման մեծածավալ աշխատանքը, և արդյոք չեն խախտվի պայմանագրով նախատեսված ժամկետները՝ ցույց կտա ժամանակը»,–գրում է լրատվամիջոցը։

Քաղաքականություն

Երեկ ՔՊ-ում «իրար են կերել»․ ի՞նչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՔՊ-ականները երեկ պատրաստվում էին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախատեսված նիստում բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։ Ինքը՝ Քոչարյանն ու մյուս ՔՊ-ականներն այսօր ձևացրին, թե որևէ բանից տեղյակ չեն, նման օրակարգ չկա, և որ պետք է ճշտել, թե ով է այդ տեղեկության աղբյուրը։ Թեպետ՝ Անդրանիկ Քոչարյանը բերանից «թռցրեց», թե՝ «եթե հարցը բարձրացված է, կարելի է քննարկել»։ Իրականում, MediaHub-ի աղբյուրներն ասացին, որ երեկ պետբյուջեի նախագծի քննարկումից հետո ԱԺ-ում ՔՊ-ականների միջև թեժ քննարկում է եղել, ասացին՝ «էլի իրար են կերել», ընդ որում՝ «իրար ուտելու» թեման նաև հենց Անդրանիկ Քոչարյանի հարցով է եղել։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ քննարկմանը չի մասնակցել։ Երեկ բոլորը սպասում էին, որ Փաշինյանը պետք է գա, բայց նա այդպես էլ չեկավ։ Փոխարենը, բյուջեի քննարկումից հետո երկար ժամանակ շենքում են եղել ՔՊ վարչության ուժային բլոկից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նաև արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, որին սպասարկող մեքենան մինչև վերջին պահը դեռ խորհրդարանի բակում էր, անգամ Պապիկյանի գնալուց հետո։ Նշենք, որ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանից խուլ դժգոհություն է եղել միշտ, բայց դա չեն բարձրաձայնել, բայց տեսնելով, որ Քոչարյանը գնալով փորձում է ընդլայնել իր ազդեցությունը թիմում՝ ՔՊ-ականների մյուս թևերը, որոնք Քոչարյանի թիմից չեն կամ նրա անմիջական կուրացիայի ներքո չեն ու չեն ուզում հանդուրժել «ծերուկի» իմպերիալիստական ամբիցիաները, որոշել են նրա ոտքի տակը ևս փորել։ Հիշեցնենք, որ ՔՊ-ի ներսում Քոչարյանի հակառակորդ բևեռից է համարվում հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ևս իր թիմով ներքին հակասություն ունի Անդրանիկ Քոչարյանի հետ, մեղմ ասած՝ երկուսն էլ իրար տանել չեն կարողանում։ Հիմա ՔՊ-ում սպասում են Նիկոլ Փաշինյանի «դաբռոյին», որ անցնեն Քոչարյանին «գծերից գցելու» սուրբ գործին։ Վահե Մակարյան

Հասարակություն, Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Կանոնակարգը ստորագրվել էր օգոստոսի 30-ին: Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ  գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին, այնուհետև ԱԺ-ն վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը:

Քաղաքականություն

Ալիևի համար Հայաստանի վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին

Այսօր Ալիևի և Ադրբեջանի համար լավագույն լուծումը Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում լինելն է: Դրա մասին «Русарминфо»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի գործերի, ԱՊՀ երկրների և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Ըստ նրա՝ ցանկացած ուրիշն Ադրբեջանի համար շատ ավելի խնդրահարույց կլիներ։ «Փաշինյանը նախընտրում է արևմտյան հարթակները, իսկ Ադրբեջանը դրան չի առարկել»,- նշել է նա։ Զատուլինի կարծիքով՝ երեկվա նման հանդիպումներ բավականաչափ եղել են, բայց դեռևս՝ անարդյունք։ «Կարծում եմ, որ այս հանդիպումների արդյունքը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը քաղաքականապես մեծ կախվածության մեջ է Ալիևից։ Մեծացնելով ճնշումը և Հայաստանից քայլեր պահանջելով (Սահմանադրության փոփոխություններ և այլն), որոնց հետ Փաշինյանը պատրաստ է համաձայնության գալ որոշակի պայմաններով, Բաքուն ակնկալում է պահպանել պատերազմում պարտվող վարչապետի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը»,- նշել է ռուս պատգամավորը։ Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ դա Փաշինյանին ձեռնտու է նաև իշխանության պահպանման տեսանկյունից:

Scroll to Top