Գովազդ A1

Նորություններ

Նորություններ

Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում

Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այցելելով օկուպացված Արցախ: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շնորհիվ «Երկաթե բռունցքի», ժողովրդի միասնության, բանակի հզորության և շեհիդների արյան՝ Ադրբեջանն այսօր գտնվում է օկուպացված Արցախի հողերում, և այլևս ոչ ոք չի կարող երկիրը դուրս մղել այդտեղից: Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի հնարավորություններն ու ուժն օրեցօր աճում են, իսկ ինքը դարձել է տարածաշրջանի ուժի գլխավոր կենտրոններից մեկը: Նա նաև ընդգծել է, որ հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը վերականգնում է «հայերի կողմից ավերված» տարածքները, և նշել է, որ այսքան կարճ ժամկետում նման մասշտաբի աշխատանքների անալոգներն աշխարհում գրեթե չկան: Ալիևը հայտարարել է, որ ուժեղ պետության հիմքը ժողովրդի և իշխանության միասնությունն է: Հղումը՝ Newday.am

Նորություններ

Դասային աստիճանի շնորհում, Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով պարգևատրում՝ Հանրապետության տոնի առթիվ

Հանրապետության տոնի առթիվ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդգար Արսենի Արսենյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արամ Էռնեստի Արամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ նախագահի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Արսենի Սարուխանյանը, Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար,  պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը՝ Երախտագիտության մեդալով: Հղումը՝ News.am

Նորություններ

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է

Մայիսի 22-ին հաղորդվել էր 12-ամյա Լինա Հակոբյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Նորություններ

12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականին ծնված Լինա Հակոբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն, Նորություններ

Նոր «առնետավազք» մարդկության համար, թե՞ հերթական վարակի դեպք․ ինչ է հայտնի հանտավիրուսային բռնկման մասին ու ինչ է պետք անել վարակից խուսափելու համար

Զբոսանավերում վարակիչ հիվանդությունների բռնկումները նորություն չեն։ Սակայն վերջերս հոլանդական առագաստանավում արձանագրված հանտավիրուսի բռնկումը մասնագետների կողմից «անսպասելի է» որակվել՝ լուրջ անհանգստություն առաջացնելով, քանի որ հանտավիրուսի առաջին բռնկման դեպքն է նավում։ Նավերում սովորաբար ավելի տարածված են աղեստամոքսային վարակները, ինչպիսին նորովիրուսն ու աղիքային ցուպիկն են, թեև շնչառական վարակներն էլ են երբեմն բռնկումներ առաջացնում, ինչպես Քովիդ 19-ը՝ պանդեմիայի հենց առաջին օրերին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մայիսի 6-ի հայտարարության համաձայն՝ բռնկումն առաջացրած վիրուսը պատկանում է անդյան տիպին։ Ըստ ԱՀԿ-ի՝ մայիսի 13-ի դրությամբ գրանցվել է հիվանդության 11 դեպք, որոնցից երեքը մահվամբ են ավարտվել։ Ի՞նչ է հանտավիրուսը և ինչպե՞ս է այն փոխանցվում մարդուն Հանտավիրուսը պատկանում է կրծողների միջոցով փոխանցվող հանտավիրուսների (Hantaviridae) ընտանիքին։ Կենդանիները կարող են կրել վիրուսը՝ առանց հիվանդանալու և այն արտազատել մեզի, արտաթորանքի ու թքի միջոցով։ Այդ արտազատումներից վիրուսը կարող է օդում տարածվել աերոզոլային մասնիկների ձևով և ներշնչվել մարդու կողմից։ Վարակումը հնարավոր է նաև աղտոտված սնունդ օգտագործելու կամ վարակված մակերեսին դիպչելուց հետո բերանին ձեռք տալու դեպքում։ Բնության մեջ գոյություն ունի հանտավիրուսի ավելի քան 40 տեսակ, որոնք պայմանականորեն երկու խմբի են բաժանվում՝ «Հին և Նոր աշխարհի» հանտավիրուսներ։ «Հին աշխարհի» հանտավիրուսները տարածված են Եվրոպայում և Ասիայում և հիմնականում առաջացնում են արյան մակարդելիության ու երիկամների ֆունկցիայի խանգարումներ։ «Նոր աշխարհի» վիրուսներն առավել հաճախ հանդիպում են Ամերիկայում և հիմնականում առաջացնում են թոքերի այտուց՝ վիճակ, երբ հեղուկը կուտակվում է թոքերում։ Վարակման հետևանքները կարող են չափազանց ծանր լինել, հատկապես «Նոր աշխարհի» վիրուսի շտամներով վարակվելու դեպքում։ Ասիայում և Եվրոպայում վարակների 1-15 տոկոսն ավարտվում է մահվամբ, մինչդեռ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում հանտավիրուսային դեպքերի գրեթե կեսը մահացու ելք է ունենում։ Վարակի աշխարհագրական տարածվածությունն անհամաչափ է։ Հանտավիրուսով վարակման տարեկան գրանցվող դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Ասիային և Եվրոպային։ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում տարեկան արձանագրվում է ընդամենը 150-300 դեպք, հիմնականում՝ Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում և Բոլիվիայում։ ԱՄՆ-ում տարեկան հայտնաբերվում է 15-50 դեպք։ Համաճարակի պատճառ դարձած հանտավիրուսի կոնկրետ շտամը որոշում է ոչ միայն մահացության հավանականությունը, այլև այն, թե ինչպես է տարածվում վիրուսը և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն դրա տարածումը զսպելու համար։ Մարդկանց մոտ հանտավիրուսներով պայմանավորված հիվանդությունների երկու հիմնական խմբեր կան՝ Հանտավիրուսային հեմոռագիկ տենդը երիկամային համախտանիշովը  և Հանտավիրուսային կարդիոպուլմոնալ համախտանիշը (հանտավիրուսային թոքային համախտանիշ) ։ Կլինիկական դրսևորումներ Երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդի դեպքում սկզբնական ախտանշաններն ի հայտ են գալիս հանկարծակի և ներառում են՝ ուժեղ գլխացավ, մեջքի և որովայնի ցավեր, ջերմություն, դող, սրտխառնոց, տեսողության մթագնում։ Այլ ախտանշաններ կարող են լինել դեմքի կարմրությունը, աչքերի բորբոքումը, ցանը։ Հետագա փուլում կարող է դիտվել զարկերակային ճնշման նվազում և սուր երիկամային անբավարարություն։ Մահացության մակարդակը տատանվում է 1%-ից – 15% է։ Հանտավիրուսային թոքային համախտանիշի վաղ ախտանշանները ներառում են՝ հոգնածություն, ջերմություն, մկանային ցավեր, հատկապես ազդրերի, հետույքի, մեջքի և երբեմն ուսերի շրջանում։ Կարող են նաև դիտվել գլխացավ, գլխապտույտ, դող, սրտխառնոց, փսխում, փորլուծություն և որովայնային ցավեր։ Շնչառական ախտանշանները՝ հազ և շնչահեղձություն, կարող են ի հայտ գալ վարակվելուց 4–10 օր անց։ Հաղորդվում է, որ մահացությունը կարող է հասնել մինչև 40%-ի։ Առհասարակ հանտավիրուսային վարակի դեպքում ինկուբացիոն շրջանը կարող է տևել 1-8 շաբաթ։ Հանտավիրուսային վարակի հատուկ բուժում չկա, հիմնական մոտեցումը աջակցող բուժումն է։ Կարևոր է, որ հիվանդները հնարավորինս շուտ դիմեն բժշկական օգնության։ Կանխարգելում Վարակման կանխարգելման հիմնական ռազմավարությունը կրծողների դեմ պայքարն է։ Վարակի տարածումը կանխելու համար բնակչությանը խորհուրդ է տրվում՝ Պարբերաբար պահպանել ձեռքերի հիգիենան, հատկապես բերանին, քթին կամ աչքերին դիպչելուց առաջ։ Ձեռքերը պետք է լվանալ օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան շփելով։ Եթե լվացվելու հնարավորություն չկա, արդյունավետ այլընտրանք է 70–80% սպիրտ պարունակող ախտահանիչով ձեռքերի մշակումը։ Վերացնել կրծողների սննդի աղբյուրներն ու բների տեղերը բնակավայրերում։ Կենդանիների կերը ճիշտ պահել և զգուշորեն օգտագործել, որպեսզի այն չդառնա կրծողների սնունդ։ Աղբն ու սննդի մնացորդները նետել ամուր փակվող աղբամանների մեջ և ամեն օր դատարկել դրանք։ Շենքերում, բակերում ու տներում պահպանել մաքրություն հատկապես աղբամանների շրջանում, աստիճանահարթակներին։ Ինչպես է հանտավիրուսը փոխանցվում մարդկանց Հանտավիրուսը սովորաբար կենդանիներից մարդուն է փոխանցվում այն իրավիճակներում, երբ վարակված կրծողների մեզը, արտաթորանքը կամ բնի նյութերը հայտնվում են օդում, օրինակ՝ գոմը մաքրելու կամ տարածքներն ավլելու ժամանակ։ Սակայն մարդիկ կարող են վարակվել նաև այն դեպքում, երբ վարակված կրծողի թուքը, մեզը կամ արտաթորանքը հայտնվում է մարդու մաշկի վերքերի վրա կամ հասնում է աչքերին, քթին ու բերանին։ Հանտավիրուսների մեծ մասը մարդուց մարդուն չի փոխանցվում, սակայն անդյան վիրուսը բացառություն է։ «Նոր աշխարհի» այս վիրուսը Արգենտինայում, Չիլիում և Ուրուգվայում գրանցված դեպքերի մեծ մասի պատճառն է։ Թե ինչու է հենց այս շտամը փոխանցվում մարդուց մարդուն, մինչդեռ մյուսները՝ ոչ, դեռևս հայտնի չէ։ Հետազոտություններից մեկը ենթադրում է, որ անդյան վիրուսն ունի յուրահատուկ դիմադրողականություն մարդու թքի հակավիրուսային բաղադրիչների նկատմամբ, որոնք, կարծես, չեզոքացնում են մյուս շտամները՝ մինչև դրանց տարածվելը։ Սակայն ամեն դեպքում անդյան վիրուսն այնքան էլ հեշտ չի փոխանցվում, ինչպես, ասենք, կարմրուկը կամ Քովիդ 19-ը, որոնք կարող են փոխանցվել նույնիսկ այն բանից հետո, երբ վարակված մարդը լքում է սենյակը։ Անդյան վիրուսը տարածվում է միայն սերտ շփման պայմաններում։ Այս պահին մասնագետները աշխարհի բնակչության համար վիրուսի տարածման ռիսկը ցածր են համարում՝ նշելով, որ «այս վիրուսները բավական վատ են փոխանցվում, և թեև վտանգավոր են, լայն տարածում չեն ստացել»։ Աղբյուրներ՝ ԱՀԿ, National Geographic, https://www.chp.gov.hk/ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Հղումը՝ Aravot.am

Հասարակություն, Նորություններ

Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են: Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո։ Հղումը՝ News.am

Մշակույթ, Նորություններ

«Եվրատեսիլը» խստացնում է քվեարկության կանոնները Իսրայելին ցուցաբերվող «աննորմալ» աջակցության շուրջ սկանդալի ֆոնին

«Եվրատեսիլը», որն արդեն ճնշման տակ էր Իսրայելի մասնակցության վերաբերյալ բոյկոտների պատճառով, բախվում է նոր ճգնաժամի՝ քվեարկության համակարգի վերանայման՝ անցյալ տարվա մրցույթում Իսրայելի մասնակցի օգտին չափազանց և համակարգված ձայների ավելացման մեղադրանքներից հետո, հաղորդում է Reuters-ը։ Մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) 2026 թվականի համար նոր կանոններ է սահմանել՝ «անհամաչափ գովազդային արշավները» զսպելու համար, այն բանից հետո, երբ մի քանի հեռարձակողներ կասկածի տակ դրեցին քվեարկության արդյունքները։ Քննադատության կենտրոնում էր այն եզրակացությունը, որ Իսրայելը հանրության կողմից ստացել է միավորների 83%-ը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, մինչդեռ հաղթող Ավստրիան ստացել է հանրության ձայների միայն 41%-ը և հաղթել ժյուրիի շնորհիվ։ Կազմակերպիչները պնդում են, որ անցյալ տարի ակտիվ արտաքին գովազդ է եղել, նաև սոցիալական ցանցերում գրառումներ, այդ թվում՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարության հաշվին, որոնք խրախուսում էին օգտատերերին քվեարկել մինչև 20 անգամ։ Ի պատասխան՝ մրցույթի տնօրեն Մարտին Գրինը հայտարարել է, որ նման գործողությունները «անհամաչափ մարքեթինգ» են և անհամատեղելի են շոուի ոգուն, այդ իսկ պատճառով սահմանափակումներ են մտցվել։ Նոր կանոնների համաձայն՝ մեկ անձի համար վճարման մեթոդի առավելագույն ձայների քանակը 20-ից կրճատվել է մինչև 10: Համակարգված գովազդային արշավների դեմ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել: Այնուամենայնիվ, կազմակերպիչները ընդունում են, որ անհնար է ամբողջությամբ վերացնել արտաքին գովազդի ազդեցությունը, քանի որ յուրաքանչյուր քվեարկության համակարգ ենթակա է մանիպուլյացիաների: Լարվածությունը հետագա առաջացավ այն բանից հետո, երբ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնական նախազգուշացում տվեց իսրայելական KAN հեռարձակողին՝ այս տարվա մասնակցի՝ Նոամ Բետանի տեսանյութի վերաբերյալ, որը պարունակում էր «10 անգամ քվեարկել Իսրայելի օգտին» ուղղակի կոչ: Կազմակերպիչները հայտարարեցին, որ նման հրահանգները խախտում են մրցույթի կանոնները: Ի պատասխան՝ KAN-ը հայտարարեց, որ համապատասխանում է EBU-ի բոլոր պահանջներին, և որ վիճահարույց գործողությունները արտիստի թիմի նախաձեռնությունն էին և կապված չեն արգելված ֆինանսավորման հետ՝ հավելելով, որ նմանատիպ պրակտիկա կիրառվում է նաև այլ մասնակից երկրների կողմից: EBU-ն ընդգծում է, որ բոլոր երկրները ավանդաբար ձգտում են մոբիլիզացնել աջակցությունը, հատկապես իրենց սփյուռքի միջոցով, և մրցույթն անվանում է «երաժշտության օլիմպիական խաղեր»: Այնուամենայնիվ, քվեարկության համակարգերի փորձագետ Խուան Մորենո-Տերներոն նշում է, որ կատարյալ մոդելներ չկան. ցանկացած կանոն կարող է մանիպուլացվել, և յուրաքանչյուր համակարգ ունի իր խոցելիությունները: Այսպիսով, «Եվրատեսիլը» կրկին հայտնվել է քաղաքական և մշակութային հակամարտության կենտրոնում, որտեղ երաժշտական ​​հարցերը ավելի ու ավելի են միահյուսվում միջազգային քաղաքականության, մեդիա արշավների և հանրային քվեարկության վրա ազդելու պայքարի հետ։ Հղումը՝  News.am

Նորություններ

Լիտվայի պետական արխիվը հեռացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումը՝ Թուրքիայի դեսպանատան ոչ պաշտոնական ազդակներից հետո

Լիտվայի կենտրոնական պետական արխիվը հեռացրել է Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված հրապարակումը՝ լիտվական արտգործնախարարության և Վիլնյուսում Թուրքիայի դեսպանատան ոչ պաշտոնական ազդակներից հետո։ Արխիվը պնդում է, որ ինքը քաղաքականացված չէ, իսկ իր կայքէջում Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումը եղել է պատմական փաստերի ներկայացում։ Մայիսի 6-ին այս մասին հետաքննական հոդված է տպագրել լիտվական www.lrt.lt առցանց թերթի մեկնաբան Գաբրիելա Ժիմնտայտեն, որին կատարվածի մասին հայտնել է արխիվի աշխատակիցներից մեկը։ Միևնույն ժամանակ, կենտրոնական արխիվի ծառայության ղեկավար Ինգա Զակշաուսկիենեն հաստատել է, որ այս հարցով ապրիլի 28-ին կազմակերպվել է հրատապ հանդիպում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում իրենց ակնարկել են, թե իբր արխիվը փորձում է քաղաքականացնել հայ ժողովրդի ցեղասպանության հարցը։ Թուրքական կողմը նաեւ մտահոգություն է հայտնել, թե ինչու են պետական արխիվները իրենց թույլ տալիս հրապարակել և հանրայնացնել, հնարավոր քաղաքական հարցեր։ Մինչդեռ, Ինգա Զակշաուսկիենեն թղթակցին հայտնել է, որ իր ղեկավարած ծառայությունը և արխիվը ապաքաղաքական են։ Նա թղթակցին հայտնել է նաեւ, որ բացարձակապես ոչ մի պաշտոնական գրություն կամ զանգ չի ստացել։ «Դա պարզապես այց էր, որը ես կբնութագրեի որպես փափուկ ուժի միջոց՝ իրենց դիրքորոշումը քաղաքավարի կերպով բացատրելու համար», – նշել է Ի. Զակշաուսկիենեն։ Հղումը՝ Aravot.am

NA, Նորություններ

Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել

«Ազատություն». Կրակոցներ են հնչել Սպիտակ տան մոտ: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը վնասազերծել է իրավապահների ուղղությամբ կրակ բացած անձին, հայտնում է Reuters-ը։ Կասկածյալը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Հղումը՝ Aravot.am

Scroll to Top