Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Պատերազմի դռները պետք է փակ լինեն, բայց դա հնարավոր կդառնա, երբ խաղաղությունը երաշխավորեն դաշնակիցները. Ծառուկյան

Հայաստանի համար գլխավոր խնդիրը շարունակում է մնալ երաշխավորված խաղաղության հասնելը, որը կբացառի նոր պատերազմի հնարավորությունը։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանը ընդգծել է, որ Հայաստանը պետք է ոչ թե պարզապես խաղաղության համաձայնագիր ստորագրի Ադրբեջանի հետ, այլ հասնի դրա պահպանման միջազգային երաշխիքներին։ «Պետք է մեկընդմիշտ փակել պատերազմի դռները։ Դա հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ խաղաղությունը լինի երաշխավորված, իսկ մեր կողքին գտնվեն մեր հիմնական դաշնակիցները, որոնք իրենց ստորագրությունները կդնեն ձեռք բերված պայմանավորվածությունների տակ՝ այդպիսով երաշխավորելով դրանց կատարումը», — հայտարարել է նա։ Քաղաքական գործիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած ձեռք բերված խաղաղության մասին իշխանությունների հայտարարություններին, անվտանգության առանցքային հարցերը մնում են չլուծված․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ հայ ռազմագերիները մինչ օրս հայրենիք չեն վերադարձվել։ «Եթե այսօր իսկապես խաղաղություն է, ապա ինչո՞ւ մեր գերիները չեն վերադառնում։ Ինչո՞ւ են շարունակվում նոր պահանջներ առաջադրվել»։ — հարց է բարձրացրել Ծառուկյանը։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը կարծում է, որ առկա խնդիրները պետք է լուծել բանակցությունների և կշռադատված դիվանագիտության միջոցով։ Նրա կարծիքով՝ արդյունքի հասնելու համար երկրին անհրաժեշտ են ամուր միջազգային կապեր, գրագետ բանակցային թիմ և ազգային շահերի շուրջ հասարակության համախմբում։ Ծառուկյանը նաև հայտարարել է, որ իր թիմի իշխանության գալու դեպքում կադրային քաղաքականությունը չի կառուցվելու կուսակցական սկզբունքով։ Նրա խոսքով՝ առանցքային պաշտոնները պետք է զբաղեցնեն մասնագետները՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ «Մարդը կարող է լինել անկուսակցական կամ ներկայացնել մեկ այլ քաղաքական ուժ։ Կարևորը, որ նա ապացուցած լինի իր արդյունավետությունը և կարողանա օգտակար լինել պետությանը», — նշել է նա։ Քաղաքական գործիչը կոչ է արել տարբեր հասարակական և քաղաքական ուժերի միավորմանը՝ հայտարարելով, որ այսօր երկրին անհրաժեշտ են մարդիկ, որոնք ունակ են ապահովել անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը և լուծել քաղաքացիների սոցիալական խնդիրները։ Հղումը՝ News.am

Եկեղեցի

Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ

Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացվել են զգալի չափերի հարկային պահանջներ՝ ներառյալ հարկերը, տույժերն ու տուգանքները։ Խոսքը վերաբերում է ինչպես եկեղեցական մոմերի արտադրության համար օգտագործվող պարաֆինի ավելացված արժեքի հարկին, այնպես էլ Մայր Աթոռին պատկանող որոշ անշարժ գույքերի հարկային պարտավորություններին։ Հատկանշական է, որ նշված պահանջները, ըստ առկա տեղեկությունների, ներկայացվել են առանց անհրաժեշտ իրավական հստակեցումների, գույքի եւ ապրանքների փաստացի նշանակության պատշաճ ուսումնասիրման, ինչպես նաեւ՝ դրանց եկեղեցական եւ ծիսական գործառույթի լիարժեք գնահատման։ Արդյունքում հարկային մարմինների կողմից կիրառվել են ոչ միայն հարկային պարտավորություններ, այլեւ զգալի տույժեր եւ տուգանքներ։ Մասնավորապես, մեր տեղեկություններով, Մայր Աթոռին ներկայացվել է շուրջ 220 միլիոն ՀՀ դրամի պահանջ՝ պարաֆինի ԱԱՀ-ի, ինչպես նաեւ դրա հետ կապված տույժերի եւ տուգանքների մասով։ Մայր Աթոռը նշված գումարն արդեն վճարել է՝ հետագա բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով։ Միաժամանակ, բաց է մնում այն հարցը, թե ինչու է հարկման ենթարկվում պարաֆինը, եթե այն օգտագործվում է բացառապես ծիսական նշանակություն ունեցող արտադրանքի՝ եկեղեցական մոմերի արտադրման համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական կյանքում մոմն ունի առանձնահատուկ նշանակություն, եւ դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի հարկման հարցը դժվար է դիտարկել միայն սովորական տնտեսական գործունեության շրջանակում։ Բայց սա ամբողջը չէ` մեզ հայտնի է դարձել նաեւ, որ Մայր Աթոռին ներկայացվել է շուրջ 110 միլիոն ՀՀ դրամի անշարժ գույքի հարկի, տույժերի եւ տուգանքների պահանջ՝ Վաղարշապատ համայնքում գտնվող եկեղեցապատկան որոշ գույքերի մասով։ Այս հարցում եւս առկա են լուրջ իրավական եւ փաստական անհամապատասխանություններ։ Խոսքը վերաբերում է այն եկեղեցական կառույցներին, որոնք խորհրդային տարիներին զրկվել էին իրենց բուն նշանակությունից եւ օգտագործվել որպես պահեստներ կամ այլ տնտեսական նշանակության շինություններ։ Այդ ժամանակահատվածում դրանք պետական գրանցումներում դասակարգվել են ոչ թե որպես եկեղեցի կամ պաշտամունքային կառույց, այլ որպես պահեստային կամ այլ տեսակի անշարժ գույք։ Անկախությունից հետո այդ կառույցներից մի քանիսը վերադարձվել են իրենց նախնական հոգեւոր եւ ծիսական նշանակությանը, վերաօծվել եւ փաստացի գործում են որպես եկեղեցիներ։ Սակայն, ըստ էության, դրանց մի մասի իրավական եւ կադաստրային կարգավիճակը մինչ օրս ամբողջությամբ չի համապատասխանեցվել իրական նշանակությանը։ Արդյունքում ստեղծվել է իրավական առումով խիստ հակասական իրավիճակ․ այսօր գործող որոշ եկեղեցիներ շարունակում են դիտարկվել որպես հարկման ենթակա սովորական անշարժ գույք՝ նախկին խորհրդային շրջանի ձեւական գրանցումների հիման վրա։ Ընդ որում, խնդիրը չի սահմանափակվում միայն եկեղեցիներով կամ պաշտամունքային կառույցներով։ Հարկման դաշտում են հայտնվել նաեւ եկեղեցապատկան կրթամշակութային կառույցները, եկեղեցիների օգտագործման ու սպասարկման հողատարածքները, որոնք ծառայում են ոչ թե առեւտրային նպատակների, այլ Հայ Եկեղեցու հոգեւոր եւ ազգապահպան առաքելությանը։ Փաստորեն, Մայր Աթոռին ներկայացված պահանջների հիմքում դրված է ոչ այնքան գույքի եւ ապրանքների իրական նշանակության համակողմանի ուսումնասիրությունը, որքան ձեւական գրանցումներն ու վարչական մոտեցումները։ Այս ամենը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վարչաֆինանսական ճնշման դրսեւորում է` Նիկոլ Փաշինյանի արշավի շարունակությունը։ Իրավական պետության պայմաններում նման հարցերը պետք է լուծվեն ոչ թե տույժերի եւ տուգանքների մեխանիկական կիրառմամբ, այլ փաստերի ամբողջական ուսումնասիրությամբ, եկեղեցական գույքի առանձնահատուկ կարգավիճակի հաշվառմամբ եւ պետություն–եկեղեցի հարաբերություններին համարժեք պատասխանատու մոտեցմամբ։ Մանավանդ՝ Մայր Աթոռը չի հրաժարվում հարկային պարտավորություններ կատարելուց եւ այս թեմաների շուրջ երկխոսությունից: Արեգ Մարգարյան Հղումը՝ Hraparak.am

Նորություններ

Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում

Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այցելելով օկուպացված Արցախ: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շնորհիվ «Երկաթե բռունցքի», ժողովրդի միասնության, բանակի հզորության և շեհիդների արյան՝ Ադրբեջանն այսօր գտնվում է օկուպացված Արցախի հողերում, և այլևս ոչ ոք չի կարող երկիրը դուրս մղել այդտեղից: Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի հնարավորություններն ու ուժն օրեցօր աճում են, իսկ ինքը դարձել է տարածաշրջանի ուժի գլխավոր կենտրոններից մեկը: Նա նաև ընդգծել է, որ հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը վերականգնում է «հայերի կողմից ավերված» տարածքները, և նշել է, որ այսքան կարճ ժամկետում նման մասշտաբի աշխատանքների անալոգներն աշխարհում գրեթե չկան: Ալիևը հայտարարել է, որ ուժեղ պետության հիմքը ժողովրդի և իշխանության միասնությունն է: Հղումը՝ Newday.am

Իրավունք

Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին

2009 թվականին հատկացված 57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ՊԲ տարբեր պաշտոններ զբաղեցրած, 2015 թվականի փետրվարից՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «Արմեն Ղահրամանյանը Արցախից է և պարգևատրվել է պետական ու գերատեսչական 12 շքանշաններով, այդ թվում՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար» մեդալով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ա․Ղահրամանյանը 2018 թվականի հոկտեմբերին ծանր հիվանդության պատճառով ազատվել է պաշտոնից և մինչ այժմ շարունակում է բուժումը։ Բնակարանը հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան»,– գրել է նա։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Ինչո՞ւ հենց 300 հազար ադրբեջանցի պիտի վերադառնան Հայաստանի տարածք․ որտեղի՞ց այդ թիվը․ մանրամասնում է Արա Պապյանը

Գյումրու նախկին «Տեքստիլագործների ակումբում» «Ազգային-ժողովրդավարական բևեռի» քարոզարշավի ժամանակ հարց ուղղվեց Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանին 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում վերաբնակեցման մասին։ Նա նախ պարզաբանեց, թե 300 հազար թիվը որտեղից է, երբ Ալիևը անցած տարի հուլիսի 5-ին իր ճառի մեջ խոսում էր 100 հազար ադրբեջանցիների մասին։ Նա  վկայակոչեց ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթը, որի մեջ հստակ նշված է 300 հազար, այսինքն նրանց, ում իբրև թե արտաքսել, բռնագաղթի են ենթարկել Հայաստանից ու պետք է վերադառնան արժանապատիվ կերպով։ Արա Պապյանն ասաց, որ փաստաթուղթը հայերեն թարգմանած՝ տեղադրված է իր ֆեյսբուքյան էջում։ Խոսքը Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի (UNHCR) Գործադիր կոմիտեի 74-րդ նստաշրջանում (2023 թ. հոկտեմբերի 9–13) Ադրբեջանի Հանրապետության Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆուադ Հուսեյնովի պաշտոնական հայտարարության մասին է, որտեղ, ըստ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման, ադրբեջանցի «փախստականների վերադարձի հարցը» պետք է լինի «խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը»։ Այնտեղ նշված է․ «Ներքին տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ արդարության վերականգնումը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ամուր հիմք է։ Անհրաժեշտ է նաև պաշտպանել Հայաստանից բռնի կերպով իրենց նախնիների հայրենիքից արտաքսված 300 000 ադրբեջանցի փախստականների՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, և այդ հարցը պետք է կազմի ցանկացած տևական խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը»։ Արա Պապյանն ասաց, որ սա միակ փաստաթուղթը չէ, առնվազն 6-7 լինք կա, որով կարող են մտնել ու կարդալ՝ սկսած Ադրբեջանի խորհրդարանից մինչև միջազգային կառույցները շրջանառված փաստաթղթերը։ «Անցած տարի հունիսի 21-22-ին  Ստամբուլում կայացած Իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության համաժողովից հետո ընդունված եզրափակիչ փաստաթղթի 26-րդ հոդվածն է , որտեղ հստակորեն նախ մեղադրվում է Հայաստանը իսլամական մշակույթը յուրացնելու և ոչնչացնելու մեջ։ Այդտեղ միայն ադրբեջանցիների վերադարձը չէ, մեղադրանք կա և նշվում է՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների, հետաքրքիր է ոչ թե Հայաստան վերադարձի մասին, այլ Հայաստանի տարածք վերադարձի մասին։ Դիվանագիտության մեջ բառերը շատ կարևոր են, իրենք անգամ Հայաստանը որպես պետություն էլ  չեն ճանաչում, որ Նիկոլն ասում՝ ճանաչել են մեր սահմանները, ինչո՞վ են ճանաչել։ Չեն գրում  վերադարձ Հայաստան,  այլ Հայաստանի տարածք վերադարձ, այնտեղ պետություն կլինի, թե չի լինի, դա էական չէ։ Այս իշխանությունները խաբում են ժողովրդին, որովհետև իրականությունը շատ դառն է, բայց գիտեք քաղաքական գործիչը քաղաքական բժիշկ է, այսինքն՝ դու պիտի ախտորոշես և բուժումը ասես՝ ինչպես պետք  է լինի։ Դու չես կարող հիվանդությունն անտեսես այն հույսով, որ եթե դու ոչինչ չանես, ինքնըստինքյան կբուժվի, չի բուժվի, եթե ծանր հիվանդ է, մեր երկիրը ծանր հիվանդ է, մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ բուժվի»,-ասաց Արա Պապյանը։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք

Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից

Երբեմնի ընդդիմադիր, այժմ իշխանության հետ ջերմ հարաբերություններ հաստատած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը բացակայում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Նրա պաշտպան Սերգեյ Մարաբյանը մեզ պարզաբանեց․ «Եթե դատապարտյալը, մեղադրյալը համաձայն չէ, որ նիստը տեսանկարահանվի, դատարանը չի կարող իր կամքին հակառակ որոշում կայացնել։ Քանի որ դա դատական ակտերի կատարման փուլ է, սա «Դատալեքսում» չի երեւում, դատարանում երեւում են գործերը, որոնցով դատավճիռ է կայացվելու, բուն դատաքննությունն է երեւում։ Մի միջնորդություն է ներկայացվել, մենք ներկայացրել ենք առարկություն, դատարանը հավելյալ ապացույց է ուզել, որովհետեւ միջնորդությանը կից պակաս փաստաթղթեր են եղել, դատարանը պահանջել է այդ ապացույցները ներկայացնել, որից հետո որոշում կկայացնի։ Այն փաստաթղթերն են, որոնք Պրոբացիան չի ներկայացրել։ Սա շատ պարզ ընթացակարգ է, այստեղ ընդամենը որոշվում է՝ պատիժը պետք է փոխվի, թե՝ չէ»։ Մինչ այս, Վճռաբեկ դատարանը շուրջ մեկ տարի չի հայտնել իր վերջնական դիրքորոշումը, ինչը պատահական չէ։ Չի հաստատել նախկինում կայացված դատական ակտերը, չի ընտրել նաեւ ազատ արձակման տարբերակը, ուղղակի բեկանել է վերաքննիչի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության՝ արձանագրելով ընթացակարգային, այդ թվում՝ ընդդատության խնդիրներ։ Այսինքն, գործը վերադարձվել է առաջին ատյան՝ նոր քննության։ Պարզ է, որ սա որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել, քանի որ Առուշանյանը վերջին շրջանում շատ սերտորեն շփվում է իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին է դիմավորում, երկտակվելով բարեւում, կողքից քայլում, եւ մարդիկ նրա քաղաքական դիրքորոշման փոփոխությանն են վերագրում քրեական գործի քննության այս ընթացքը։ Եվ սա կատարվում է մի երկրում, որի ղեկավարը պարբերաբար հայտարարում է, թե «զանգովի արդարադատությունը» վերացվել է։ Հիշեցնենք, որ այս գործի դատական պատմությունը սկսվում է 2022 թվականից, երբ Սյունիքի մարզի դատարանն Առուշանյանին մասամբ արդարացրել էր ընտրակաշառքի դրվագով, սակայն պաշտոնեական չարաշահման մասով ճանաչել էր մեղավոր եւ նշանակել պայմանական ազատազրկում։ Նաեւ սահմանել էր, որ նա իրավունք չունի զբաղեցնել ՏԻՄ ղեկավարի պաշտոն։ Ավագանին հրաժարվել էր կատարել այդ պահանջը՝ դադարեցնել Գորիսի համայնքապետի պաշտոնավարումը, եւ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել՝ պատժի խստացման վերաբերյալ, որ նրան ազատազրկման տեսքով պատիժ սահմանվի, եւ պայմանականը փոխարինվել էր իրական ազատազրկմամբ՝ 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով։ Պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք էր տարել այդ որոշման դեմ, որից հետո սկսվել էին Առուշանյանի կերպափոխումն ու քննության ձգձգումը՝ հօգուտ մեղադրյալի։ Այս պահին գործը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի քննության տիրույթում, որտեղ պետք է կայացվի վերջնական դատական որոշում։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Իվետա Տոնոյանը՝ Արայիկ Հարությունյանին. «Ստի ու կեղծիքի մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ»

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արայիկ Հարությունյանը, հերթական անգամ իրեն մտքի գիգանտ երևակայելով, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝ նրանց մեղադրելով ստախոսության մեջ։ Հատկանշական է, որ ընդդիմությանը ստախոսության մեջ մեղադրում է մի իշխանության ներկայացուցիչ, որի կառավարման վերջին ութ տարիները դարձել են ստի, կեղծիքի և չկատարված խոստումների խորհրդանիշ։ Այս ամենն ասում է մի մարդ, որի քաղաքական ուժի՝ 2021 թվականին ներկայացված նախընտրական ծրագիրը ծայրից ծայր սուտ է եղել, իսկ տրված խոստումներն այդպես էլ մնացել են թղթի վրա։ Գինը վճարել է ժողովուրդը։ Այն իշխանության, որը հիմա էլ հասարակությանը մոլորեցնում է Հայաստանի Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ պատրանքներով՝ անտեսելով այն իրողությունը, որ նման կործանարար քաղաքականության հետևանքով շուտով տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են սննկանալ, իսկ երկրի առջև առաջանալ լուրջ անվտանգային ռիսկեր։ Ինչ վերաբերում է խոսքի հանդեպ պատասխանատվությանը, ապա Գագիկ Ծառուկյանի դեպքում բնորոշումը տվել է ժողովուրդը՝ մեր խոսքը գործ է։ Հետևաբար, կարծում եմ՝ ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ»։ Հղումը՝ Newday.am

Իրավունք, Քաղաքականություն

6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ

«Գործարար, տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով։ Սամվել Կարապետյանի հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է երեկ՝ 2026թ. մայիսի 29-ին։ Նա զրպարտություն է համարում այն, որ Ալեն  Սիմոնյան «Ֆեյսբուք» և «Տիկտոկ» հարթակներում 2026թ. մայիսի 19-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը. «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»: Ըստ պահանջի՝ ԱԺ նախագահը պետք է հայտնի, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով զրպարտել է Սամվել Կարապետյանին: Հերքումը պետք է հրապարակվի Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆեյսբուքի» և «Տիկտոկի» էջերում՝ «Հերքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ իմ կողմից 19.05.2026թ. հրապարակված տեսանյութում հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո տեղադրված տեսանյութում, վճռում նշված հերքման բովանդակությունը ընթերցելու միջոցով: Սամվել Կարապետյանը պահանջում է նաև Ալեն Սիմոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։ Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Վահագն Թորոսյանին և վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացված չէ»։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Տնտեսություն

Ներկրեք, բայց ամեն ինչը չափով, որ մեր տանջանքն էլ գին ունենա. արշալույսցին՝փոխնախարարին

Մեր բոլորիս համար համար թիվ մեկ խնդիրը լոլիկի վաճառքն է բարձր գնով ոչ թե 270 դրամով: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Արշալույսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը: «Ու ոչ մի կիլոգրամ պարսկական լոլիկ չի լինելու, հետեւաբար մարդը մտնելու է սուպերմարկետ 500 դրամով առնի, մեր խնդրանքն է լուծումը գտնենք, գնանք աշխատենք, պետք է տանենք շուկաներում վաճառենք»,-ասաց մարզպետը: Բնակիչները նշում են, որ խնդիրը բնակիչները նշում են, որ խնդիրը մայրքաղաքում վաճառելու մեջ չի, այլ գնի ձեւավորման, քանի որ ծաղկի արտահանման սահմանափակումներով պայմանավոված շուտով ծաղկի ջերմոցներում էլ սկսելու են բանջարեղեն մշակել: «Ոչ մեկս մյուսին չենք ասում մի ներկրեք, բերեք, բայց ամեն ինչը չափով, որ մեր տանջանքն էլ գին ունենա»,- ասաց բնակիչներից մեկը Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը բնակիչների հետ պայմանավորվեց ընդհանուր առաջարկները թղթին հանձնել եւ ներկայացնել իրեն, փոխադարձ քննարկման արդյունքում որեւէ լուծման կարողանան հասնել: Գյուղացիները նաեւ բարձրացրեցին վարկերի խնդիրը՝ նշելով, որ բոլորն էլ վարկ ունեն, եւ այս պայմաններում չեն կարողանալու մարումներ կատարել, նրանք խնդրեցին, որ նախարարությունը այս հարցով էլ աջակցի: Նշենք, որ բնակիչները փոխնախարարի հետ կհնադիպեն առաջարկներըտ ներկայացնելուց հետո: Հղումը՝ News.am

Scroll to Top