Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն: ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է տեքստը, այն ներկայացնում ենք ստորև՝ «Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Վերահաստատում ենք մեր հարաբերությունների կարևորությունը որպես բարեկամներ և ռազմավարական գործընկերներ և արտահայտում ենք մեր համատեղ հանձնառությունն էլ ավելի խորացնել մեր գործընկերությունը՝ ի շահ մեր պետությունների և ընդլայնել մեր համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ: Ընդգծում ենք, որ մեր երկու ժողովրդավարական երկրների միջև այս համագործակցությունը հիմնված է համատեղ շահերի վրա, ինչպիսիք են քաղաքական և կրոնական ազատությունների խթանումը, տնտեսական ազատության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու անօտարելի իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը: Ճանաչում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալած օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի առանցքային նշանակությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան հաստատելու գործում: Ընդունում ենք, որ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը (ԹՐԻՓՓ) և դրա՝ 2026 թվականի հունվարի 13-ին ընդունված իրականացման շրջանակը կենսական են այս նպատակների համար: Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարողությունների զարգացման գործընկերության, ԱԲ և կիսահաղորդիչների նորարարության գործընկերության և էներգետիկ անվտանգության գործընկերության վերաբերյալ և հաստատում ենք, որ այս կանոնադրությունը հանդիսանում է դրանց իրականացման համապարփակ շրջանակը: Շեշտում ենք մեր փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, կարևորագույն և նորարարական տեխնոլոգիաների, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Բաժին I. Գործընկերության սկզբունքները Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա. Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է: Մեր բարեկամությունը բխում է ընդհանուր արժեքների նկատմամբ մեր հանձնառությունից և այն համոզմունքից, որ, ժողովրդավարական և թափանցիկ կառավարումը օժտում է քաղաքական լեգիտիմություն և հետևաբար, կայունություն։ Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը նպաստում է խաղաղության և կայունության խթանմանը: Ուժեղ, անկախ, ինքնիշխան, տեխնոլոգիապես զարգացած, բարգավաճ, տարածաշրջանում ինտեգրված և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։ Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը` դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ և դրանից դուրս: Միացյալ Նահանգներն ողջունում է Հայաստանի ջանքերը՝ խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ազատ հասարակությունների լայն համայնքի հետ: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, Միացյալ Նահանգներն ակնկալում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի ստորագրումը և վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջպետական սահմանի վերջնական սահմանազատումը՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա և բոլոր հումանիտար հարցերի հանգուցալուծումը: Տևական խաղաղությունը կենսական է Հարավային Կովկասի առավել կայուն և բարգավաճ ապագայի համար: ԹՐԻՓՓ նախաձեռնության ռազմավարական կապակցվածության նպատակների համաձայն, կողմերը դիտարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերակառուցումը և վերականգնումը որպես խթանող քայլ տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման տեսլականի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և վստահելի տեղեկատվական և հաղորդակցության ենթակառուցվածքների կառուցմանը՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության վրա։ Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս խթանում է հարևանների միջև փոխկախվածությունը և փոխադարձ օգուտները՝ Միացյալ Նահանգները նպատակադրվում է շարունակել աջակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը: Բաժին 2. Տնտեսական, առևտրային, էներգետիկ, տիեզերքի և հանքաարդյունաբերական ոլորտներում համագործակցություն Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային համագործակցությունը և բարելավելու երկկողմ գործարար միջավայրը։ Մենք գիտակցում ենք, որ արդար և փոխադարձ առևտուրն առանցքային նշանակություն ունի դիմակայուն մատակարարման շղթաների խրախուսման, տնտեսական զարգացման և բարգավաճման համար։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու և իր տնտեսական գործընկերություններն ընդլայնելուն ուղղված ջանքերը։ Վկայակոչելով նախորդիվ հիշատակված ԹՐԻՓՓ իրականացման շրջանակը և փոխըմբռնման հուշագրերը, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասնել առևտրում և ներդրումներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նպատակների, ինչպես և ամրագրված է այդ փաստաթղթերում: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են բացահայտել այն ոլորտները, որտեղ Հայաստանը կարող է բարելավել իր իրավական և կանոնակարգող նորմերը՝ Հայաստանի գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ աշխատելու նպատակով։ Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության ու մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի հետագա զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն չափանիշներին համաձայն, որը ներպետական համաձայնեցման և վավերացման ընթացակարգերի, քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո, կարող է ներառել փոքր մոդուլային ռեակտորի հնարավոր տեղակայումը և հասանելիությունը ԱՄՆ վառելիքին և տեխնոլոգիաներին, էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարելավման ջանքերը, այդ թվում՝ Հայաստանին ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաներին հասանելիության տրամադրում, տարածաշրջանային և եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածության աճի միջոցներ և ԱՄՆ քաղաքացիական միջուկային այլ ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիություն։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել էներգետիկ դիմակայունությունը և կարևորագույնենթակառուցվածքների անկախությունը և խթանել ներդրումներ Հայաստանի էներգետիկ ոլորտում: Առաջնահերթ ուղղությունները ներառում են էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի արդիականացումը, էներգիայի կուտակիչ կայանների զարգացումը և կիբեռանվտանգության բարելավումը և աշխատուժի կարողությունների զարգացումը: Երկու երկրները մտադիր են աշխատել նաև Հայաստանի առավել լայն կարևորագույն ենթակառուցվածքների դիմակայունության զարգացման ուղղությամբ, հատկապես արհեստական բանականության հեղափոխության հիմքում ընկած ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը և ֆինանսները: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել կարևորագույնհանքանյութերի զարգացման, հետազոտության, արդյունահանման, վերամշակման և առևտրի արագացման ուղղությամբ՝ լավագույն փորձին համահունչ, արդար, դիմակայուն և բազմազանեցված մատակարարման շղթաներ ապահովելու համար։ Այս նպատակով, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խրախուսել համագործակցությունը ԱՄՆ ինստիտուտների և ՀՀ համապատասխան և ապագա ինստիտուտների միջև: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասցեագրել իրենց կիսահաղորդիչների մատակարարման շղթաների և արհեստական բանականության զարգացման առաջնահերթությունները, ներառյալ ընդլայնելով արտահանման վերահսկման լավագույն փորձի շուրջ երկկողմ քննարկումները: Ընդունելով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի ապահովման և տնտեսական աճի խթանման հարցում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները պետք է համատեղ ուսումնասիրեն գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման ուղղությունները և ընդլայնեն գյուղատնտեսական արդյունավետությունը, այդ թվում՝ ԱՄՆ նոր և նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ընդունելով, որ հուսալի մատակարարման շղթաները անփոխարինելի են մեր համատեղ տնտեսական անվտանգության համար, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել փոխգործակցությունը՝ զարգացնելու կիսահաղորդչային ապահով մատակարարման շղթաները, խրախուսելու մասնավոր հատվածի ներդրումները, խթանելու կիսահաղորդիչների և մատակարարման շղթաների դիմակայունության ոլորտում համատեղ ակադեմիական և հետազոտական գործընկերությունը, ամրապնդելու արտահանման արդյունավետ վերահսկողությունն արհեստական բանականության (ԱԲ) կիրարկման և մոդելի զարգացման նկատմամբ, ամրապնդելու համագործակցությունն ԱԲ ռեսուրսների շեղումը կանխարգելելու հարցում և պատրաստելու աշխատուժ ԱԲ կիրառություններն արդյունավետ կերպով օգտագործելու և յուրացնելու նպատակով։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խթանել համագործակցությունը