Գովազդ A1

Եկեղեցի

Եկեղեցի

Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ

Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացվել են զգալի չափերի հարկային պահանջներ՝ ներառյալ հարկերը, տույժերն ու տուգանքները։ Խոսքը վերաբերում է ինչպես եկեղեցական մոմերի արտադրության համար օգտագործվող պարաֆինի ավելացված արժեքի հարկին, այնպես էլ Մայր Աթոռին պատկանող որոշ անշարժ գույքերի հարկային պարտավորություններին։ Հատկանշական է, որ նշված պահանջները, ըստ առկա տեղեկությունների, ներկայացվել են առանց անհրաժեշտ իրավական հստակեցումների, գույքի եւ ապրանքների փաստացի նշանակության պատշաճ ուսումնասիրման, ինչպես նաեւ՝ դրանց եկեղեցական եւ ծիսական գործառույթի լիարժեք գնահատման։ Արդյունքում հարկային մարմինների կողմից կիրառվել են ոչ միայն հարկային պարտավորություններ, այլեւ զգալի տույժեր եւ տուգանքներ։ Մասնավորապես, մեր տեղեկություններով, Մայր Աթոռին ներկայացվել է շուրջ 220 միլիոն ՀՀ դրամի պահանջ՝ պարաֆինի ԱԱՀ-ի, ինչպես նաեւ դրա հետ կապված տույժերի եւ տուգանքների մասով։ Մայր Աթոռը նշված գումարն արդեն վճարել է՝ հետագա բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով։ Միաժամանակ, բաց է մնում այն հարցը, թե ինչու է հարկման ենթարկվում պարաֆինը, եթե այն օգտագործվում է բացառապես ծիսական նշանակություն ունեցող արտադրանքի՝ եկեղեցական մոմերի արտադրման համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական կյանքում մոմն ունի առանձնահատուկ նշանակություն, եւ դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի հարկման հարցը դժվար է դիտարկել միայն սովորական տնտեսական գործունեության շրջանակում։ Բայց սա ամբողջը չէ` մեզ հայտնի է դարձել նաեւ, որ Մայր Աթոռին ներկայացվել է շուրջ 110 միլիոն ՀՀ դրամի անշարժ գույքի հարկի, տույժերի եւ տուգանքների պահանջ՝ Վաղարշապատ համայնքում գտնվող եկեղեցապատկան որոշ գույքերի մասով։ Այս հարցում եւս առկա են լուրջ իրավական եւ փաստական անհամապատասխանություններ։ Խոսքը վերաբերում է այն եկեղեցական կառույցներին, որոնք խորհրդային տարիներին զրկվել էին իրենց բուն նշանակությունից եւ օգտագործվել որպես պահեստներ կամ այլ տնտեսական նշանակության շինություններ։ Այդ ժամանակահատվածում դրանք պետական գրանցումներում դասակարգվել են ոչ թե որպես եկեղեցի կամ պաշտամունքային կառույց, այլ որպես պահեստային կամ այլ տեսակի անշարժ գույք։ Անկախությունից հետո այդ կառույցներից մի քանիսը վերադարձվել են իրենց նախնական հոգեւոր եւ ծիսական նշանակությանը, վերաօծվել եւ փաստացի գործում են որպես եկեղեցիներ։ Սակայն, ըստ էության, դրանց մի մասի իրավական եւ կադաստրային կարգավիճակը մինչ օրս ամբողջությամբ չի համապատասխանեցվել իրական նշանակությանը։ Արդյունքում ստեղծվել է իրավական առումով խիստ հակասական իրավիճակ․ այսօր գործող որոշ եկեղեցիներ շարունակում են դիտարկվել որպես հարկման ենթակա սովորական անշարժ գույք՝ նախկին խորհրդային շրջանի ձեւական գրանցումների հիման վրա։ Ընդ որում, խնդիրը չի սահմանափակվում միայն եկեղեցիներով կամ պաշտամունքային կառույցներով։ Հարկման դաշտում են հայտնվել նաեւ եկեղեցապատկան կրթամշակութային կառույցները, եկեղեցիների օգտագործման ու սպասարկման հողատարածքները, որոնք ծառայում են ոչ թե առեւտրային նպատակների, այլ Հայ Եկեղեցու հոգեւոր եւ ազգապահպան առաքելությանը։ Փաստորեն, Մայր Աթոռին ներկայացված պահանջների հիմքում դրված է ոչ այնքան գույքի եւ ապրանքների իրական նշանակության համակողմանի ուսումնասիրությունը, որքան ձեւական գրանցումներն ու վարչական մոտեցումները։ Այս ամենը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վարչաֆինանսական ճնշման դրսեւորում է` Նիկոլ Փաշինյանի արշավի շարունակությունը։ Իրավական պետության պայմաններում նման հարցերը պետք է լուծվեն ոչ թե տույժերի եւ տուգանքների մեխանիկական կիրառմամբ, այլ փաստերի ամբողջական ուսումնասիրությամբ, եկեղեցական գույքի առանձնահատուկ կարգավիճակի հաշվառմամբ եւ պետություն–եկեղեցի հարաբերություններին համարժեք պատասխանատու մոտեցմամբ։ Մանավանդ՝ Մայր Աթոռը չի հրաժարվում հարկային պարտավորություններ կատարելուց եւ այս թեմաների շուրջ երկխոսությունից: Արեգ Մարգարյան Հղումը՝ Hraparak.am

Եկեղեցի

Ներկա բարդ ժամանակներում պիտի միաբանվենք, միասնաբար հզորացնենք մեր պետությունը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ Հանրապետության տոնի առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը նշանավորելով՝ հիշում ենք Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսամարտերը։ Այդ պատմական գոյամարտերում վճռորոշ դերակատարություն ունեցավ Ամենայն Հայոց Գևորգ Հինգերորդ Կաթողիկոսը։ Կենաց-մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը: Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատեր իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։ Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը։ Թող Բարձրյալ Տերը առատապես օրհնի և հաստատուն պահի մեր երկիրն ու Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս այսօր և միշտ. ամեն»։ Հղումը՝ News.am

Եկեղեցի

Մասյացոտնի թեմակալը կձեռնադրվի եպիսկոպոս

Մասյացոտնի թեմի պաշտոնական էջում հայտարարություն են տարածել՝ «Սիրելի՛ հավատացյալներ, Այս կիրակի՝ Հոգեգալստյան տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ևս կարժանանա եպիսկոպոսության բարձր աստիճանին։ Սիրով հրավիրում ենք ձեզ՝ ձեր աղոթական ներկայությամբ մասնակցելու Սուրբ Պատարագին և եպիսկոպոսական ձեռնադրությանը և միասին կիսելու մեր Եկեղեցու և թեմի կյանքի օրհնաբեր այս օրը»,-ասված է հայտարարությունում։ Հղումը՝ Hraparak.am

Եկեղեցի, Հասարակություն

Մենք պետք է մեր ձայնով պաշտպանենք Մայր Եկեղեցին կեղծ բարեփոխիչներից.Արքեպիսկոպոս Եզրաս

«Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների ամբողջությամբ պետք է պաշտպանենք մեր հավատը և Մայր Եկեղեցին կեղծ բարեփոխիչներից»։ Այս մասին հայտարարել է պատրիարքական էքզարխը, Ռուսական և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոս Եզրասը։ Նա բոլորին կոչ է անում մասնակցել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին՝ հանուն Հայաստանի երկարակեցության, հանուն ուժեղ Հայրենիքի, հանուն հայկական ինքնության պահպանման, արդարության և համերաշխության հաստատման, ինչպես նաև ազգային արժանապատվության վերականգնման։ Արքեպիսկոպոսի ուղերձում ասվում է. «Սիրելի զավակներ հայ ժողովրդի։ Ինչպես ձեզ հայտնի է, հունիսի 7-ին հայրենիքում տեղի են ունենալու վճռորոշ խորհրդարանական ընտրություններ, որոնք կանխորոշելու են մեր Հայրենիքի և հայկական պետականության գոյության հարցը։ Մենք կանգնած ենք գոյութենական սահմանի առջև… Ուստի մեզանից յուրաքանչյուրը, որպես իր ժողովրդին սիրող ու անտարբեր չմնացող հայ քրիստոնյա, որպես պատասխանատու և օրենքապահ քաղաքացի, ունի սուրբ պարտք և իրավունք անվերապահորեն մասնակցելու ընտրություններին, որով մենք կփրկենք մեր ինքնության սյուները, մեր ազգային սրբությունները, մեր Հայրենիքն ու պետականությունը կործանումից։ Եկեք չմեղանչենք անտարբերությամբ, որպեսզի հետագայում չստիպվենք խոնարհած գլխով մեր երեխաների առաջ ընդունել մեր մեղքը այն բանի համար, որ 2026 թ. ընտրություններում սեփական անտարբերության պատճառով մեր իսկ Հայրենիքում զրկվել ենք հայկական անձնագրից, ինչպես արցախահայերը՝ Արցախում։ Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների ամբողջությամբ պետք է պաշտպանենք մեր հավատը և Մայր Եկեղեցին կեղծ բարեփոխիչներից։ Ուրեմն՝ գործի, դեպի ընտրատեղամասեր։ Կատարենք ընտրություն հանուն Հայաստանի երկարակեցության, հանուն ուժեղ Հայրենիքի, հանուն հայկական ինքնության պահպանման, արդարության և համերաշխության հաստատման և ազգային արժանապատվության վերականգնման։ Ես անվերապահորեն հավատում եմ մեր ժողովրդի իմաստուն և արդար որդիներին, նրանց հավատարմությանը հոգևոր-ազգային արժեքներին, Հայրենիքին և Մայր Եկեղեցուն, ինչպես նաև նրանց խղճամիտ ընտրությանը։ Թող Աստծո օրհնությունն ու օգնությունը մեզ բոլորիս հետ լինեն առաջիկա ճակատագրական ընտրություններում»։ Հղումը՝ News.am

Եկեղեցի

Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը  հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am–ին հայտնում են, որ Արամ Առաջինը շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին՝ միջազգային օրենքների համաձայն, Բաքվում պահվող Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը։ Նա նաեւ խոսել է Լիբանանի ներկա կացության մասին՝ ընդգծելով Լիբանանի պետության գերիշխանությունն և ներկայությունը լիբանանյան բոլոր հողերի վրա, Իսրայելի հեռացումը Լիբանանի հարավից եւ զինադադարի հարգումը: Վեհափառ Հայրապետը եւ Սրբազան Քահանայապետը հիշյալ հանդիպումից հետո առանձին զրույց են ունեցել հիշյալ եւ այլ հարցերի վերաբերյալ՝ տեսակետներ ու մտահոգություններ փոխանակելով: Հղումը՝ News.am

Եկեղեցի

Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ անդրադարձել են ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների, ովքեր այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու մարտահրավերներին, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքին։ Զրույցի ընթացքում կարևորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աստվածահաստատ, պատմական և հոգեխնամ բացառիկ առաքելությունը՝ ազգային ինքնության պահպանման, հասարակության հոգևոր զորացման և համազգային միաբանության ամրապնդման գործում։ Առանձնակի շեշտվեց Հայոց Եկեղեցու և հայ մտավորականության հանձնառությունը արժեհամակարգային ճգնաժամի հաղթահարման, հանրային համերաշխության ձևավորման, ինչպես նաև հասարակության մեջ հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի և սիրո ու միաբանության ոգու զորացման ուղղությամբ։ Հղումը՝ Newday.am

Եկեղեցի, Քաղաքականություն

ԵԽԽՎ-ին կոչ եմ անում Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու ՔՊ-ի վարքագիծը դատապարտել ավելի հասցեականորեն. Մելիքյան

Երկու օր առաջ՝ մայիսի 13-ին հրապարակված միջանկյալ հայտարարությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը, ամփոփելով մայիսի 11-12-ը Երևան կատարած այցի արդյունքները, ի թիվս մի շարք այլ մտահոգությունների, արձանագրել է «Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ պատվիրակության տարածած հայտարարությանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ենթադրում եմ՝ ԵԽԽՎ-ն նկատի ունի այն հանգամանքը, որ Հայ Եկեղեցու 10 արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ (1-ն արդեն կարգալույծ) և մի շարք քահանաներ դրժել են իրենց ուխտը և ուղիղ աջակցություն են հայտնել ՔՊ-ի պարագլխին։ Ավելին, իմ ունեցած տեղեկություններով, նրանցից շատերը, Աստծու արքայության քարոզը թողած, ակտիվորեն լծվել են «ալիևի խաղաղության» քարոզին։ Կարճ ասած՝ ԵԽԽՎ-ին կոչ եմ անում Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու ՔՊ-ի վարքագիծը հետայսու դատապարտել ավելի հասցեականորեն։ Հղումը՝ News.am

Եկեղեցի

Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին __________ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պետ՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդին։ Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր ընտրությունը վառ վկայությունն է Վրաց Եկեղեցուն ու ժողովրդին բերած Ձեր տարիների նվիրյալ սպասավորության։ Մեր աղոթքն է, որ Ամենակալ Տերն Իր առատ շնորհներով մշտապես զորավիգ լինի Ձեզ հայրապետական բարձր առաքելության մեջ՝ խաղաղության ու օրհնության շավիղներով առաջնորդելու բարեպաշտ վրաց ժողովրդին։ Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Հայոց և Վրաց Եկեղեցիների միջև դարավոր եղբայրական կապերը՝ խարսխված մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո և հարուստ հոգևոր ու պատմական ժառանգության վրա, վստահ ենք, Ձեր Պատրիարքության օրոք ևս կշարունակեն ամուր հիմք ծառայել մեր Եկեղեցիների, ժողովուրդների և պետությունների գործակցության համար»։ Նորին Սրբությունը Շիո Երրորդ Կաթողիկոս-Պատրիարքին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների արգասաբեր հովվապետական ծառայություն՝ ի փառս Աստծո, և ի բարօրություն Վրաց Եկեղեցու ու հավատավոր վրաց ժողովրդի։ Հղումը՝ Hraparak.am

Եկեղեցի, Հասարակություն

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ

Տեր Արարատ քահանա Պողոսյանը «Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը» վերտառությամբ հրապարակում է արել։ « «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը։ Եթե մի տարածքում տասնամյակներով ու դարերով ապրում է հարյուր հազարավոր հայ բնակչություն, գործում են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ուսուցիչներ, ծխական համայնքներ և մշակութային հաստատություններ, ապա այդ տարածքի հայկական ինքնությունը ժխտելը պատմական փաստերի կոպիտ անտեսում է։ Ահա փաստերը. Ժողովրդագրություն • 1851 թ.՝ Արցախում արձանագրվել է 51,000 հայ բնակչություն, 203 բնակավայր • 1886 թ.՝ 193,000 հայ բնակիչ, որից միայն Շուշիում՝ 20,000 հայ • 1893/94 թթ.՝ 126,026 հայ բնակիչ (22,052 տուն) • 1909 թ.՝ 190,000 բնակիչ, 226 գյուղ • 1922 թ.՝ նույնիսկ պատերազմներից ու կոտորածներից հետո՝ 63,752 հայ բնակիչ • 2015 թ.՝ 151,000 բնակիչ Շուշիի հայ բնակչությունը • 1851 թ.՝ 7,692 • 1886 թ.՝ 20,000 • 1893 թ.՝ 21,000 • 1897 թ.՝ 14,420 • 2009 թ.՝ 3,900 • 2020 թ.՝ 4,100 Եթե «չենք ապրել», ապա ինչպե՞ս էր Շուշին տասնյակ հազարավոր հայերով բնակեցված։ Կրթական կյանք • 1893/94 թ.՝ – 17 ծխական դպրոց – 46 ուսուցիչ – 1,686 աշակերտ • 1909 թ.՝ – 68 դպրոց – 102 ուսուցիչ – 4,586 աշակերտ Սա պատահական ներկայություն չէ։ Սա կազմակերպված հայկական կրթական համակարգ է։ Եկեղեցական և հոգևոր կյանք • 1893 թ.՝ 215 գործող եկեղեցի • 1909 թ.՝ 221 եկեղեցի • 1914 թ.՝ 222 եկեղեցի ու վանք Քահանաներ • 1851 թ.՝ 214 • 1893 թ.՝ 229 • 1909 թ.՝ 219 • 1914 թ.՝ 180 Հարյուրավոր եկեղեցիներ և հարյուրավոր հոգևորականներ չեն առաջանում դատարկ տարածքում։ Արցախի հայկական հաստատությունների շարունակականությունը • 2004 թ.՝ 17 գործող եկեղեցի • 2016 թ.՝ 49 • 2018–2020 թթ.՝ 66 եկեղեցի ու վանք Պատմությունը դատում են փաստերով, ոչ թե հայտարարություններով։ Արցախում հայը ոչ միայն ապրել է, այլև՝ կառուցել է, սովորեցրել է, աղոթել է, ստեղծել է համայնք, պահել է դպրոց, շենացրել է քաղաք ու գյուղ։ Ուստի, երբ հարց է հնչում՝ «ի՞նչով էր Արցախը մերը», պատասխանը տրված է հենց վիճակագրությամբ. 190.000 հայ բնակչությամբ, 226 գյուղով, 221 եկեղեցով, 68 դպրոցով, 4.586 աշակերտով, 102 ուսուցիչով և Շուշիի տասնյակ հազարավոր հայ բնակչությամբ։ Երբ 1851-2020 թվականը փաստաթղթերով արձանագրված են հարյուրավոր հայկական բնակավայրեր, մինչև 190,000 հայ բնակչություն, տասնյակ դպրոցներ, հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ և հարյուրավոր եկեղեցիներ, «Արցախը հայկական չի եղել» պնդումը պարզապես չի դիմանում թվերի ծանրությանը, քանզի պատմությունը գնահատվում է փաստերով, իսկ փաստերը հստակ են՝ Արցախը եղել է հայկական ոչ թե հայտարարություններով, այլ այնտեղ ապրած, ստեղծած ու իր ներկայությամբ այդ հողը հազարամյակներով հայկական պահած հայ ժողովրդի կյանքով»,- գրել է Տեր Արարատը։ Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top