Գովազդ A1

Եկեղեցի

Եկեղեցի, Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին։ Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հակառակ այս նեղությունների տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։ Հղումը՝ Aravot.am

Եկեղեցի

Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը. Վեհափառ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։ «Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։ Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։ Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։ Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։ Աղոթում ենք Մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։ Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն և ժողովուրդներին՝ բարօրություն: Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ հույսով և հավատով ամուր ու սիրով՝ միասնական: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն»։ Հղումը՝ News.am

Եկեղեցի, Իրավունք

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին

Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավին, շինծու մեղադրանքներով եկեղեցականների և ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայորդիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին ու ապօրինի քրեական հետապնդումներին։ Այս համատեքստում կարևորվեցին օրինականության, մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանման և արդարադատության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ Հղումը՝ Aravot.am  

Եկեղեցի

Կատարվեց քահանայական ձեռնադրություն

Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը վերակոչվեց Տեր Անանիա քահանա, Կարո սարկավագ Ղարիբյանը՝ Տեր Մկրտիչ քահանա, Հարություն սարկավագ Զաքարյանը՝ Տեր Վահան քահանա, Գևորգ սարկավագ Կարապետյանը՝ Տեր Թովմաս քահանա, Գրիշա սարկավագ Հարությունյանը՝ Տեր Աբրահամ քահանա, Արամայիս սարկավագ Ազիզյանը՝ Տեր Ներսեհ քահանա և Արսեն սարկավագ Ավագյանը՝ Տեր Մուշեղ քահանա։ Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Սրբազան Հայրն իր քարոզում ընդգծեց, որ օրը կրկնակի տոն է Հայ Եկեղեցու համար։ Տոնն է Սուրբ Խաչի երևման, և նույն օրը Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով։ Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նաթան Սրբազանը ընդգծեց, որ խաչը մահվան ու տառապանքի գործիքից Քրիստոսով դարձավ կենաց ծառ, տառապանքից՝ փրկություն և պահապան Աստծուն հավատարմորեն երկրպագողներին։ Այնուհետև, դիմելով նորաօծ քահանա հայրերին, Նաթան արքեպիսկոպոսն ասաց. «Սիրելի՛ քահանա հայրեր, այսօր ուխտով և աղոթքով ծնվեցիք որպես նոր մարդ, ծնվեցիք նոր անուններով և նոր կյանքի համար։ Այսուհետև ձեր կյանքը մշտապես պիտի լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսինը։ Տիրոջ օրինակով մարդկանց բերեք ուրախություն և արդարություն՝ երբեմն նաև անցնելով չարչարանքի ու տառապանքի միջով։ Քահանայի կոչումը զոհաբերություն է հանուն իր հոտի փրկության։ ․․․Մենք՝ հոգևորականներս, իբրև զինվորյալներ, պիտի կանգնենք Հայոց Եկեղեցու պաշտպանության առաջին շարքերում՝ խոսքով, գործով, աղոթքով, նվիրումով և, ինչու չէ, նաև սեփական անձի զոհաբերությամբ։ Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից»։ Սրբազան Հայրը վերջում աղոթք բարձրացրեց առ Աստված՝ նորաօծ քահանա հայրերին մաղթելով ուժ, կարողություն և անսասան հավատարմություն իրենց ուխտին։ Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը: Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում: Հղումը՝ News.am

Եկեղեցի, Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Փաշինյանի գործելաոճը նման է 1920-ականներին բոլշեւիկների կիրառած մարտավարությանը՝ փորձում են եկեղեցու լեգիտիմ ղեկավարներին սասանել»

Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ջոն Այբներն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է սասանել Ամենայն հայոց կաթողիկոսի դիրքերը։ «Սա նման է 1920-ական թվականներին բոլշեւիկների կողմից կիրառված մարտավարությանը, երբ փորձում էին եկեղեցու լեգիտիմ ղեկավարներին սասանել։ Պետք է հարց տալ՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ինչո՞ւ է այսպիսի հալածանքի ենթարկվում այսօր։ Պատասխանը կարող է տրվել միայն լիարժեք որոնելով արխիվները, որոնք տասնամյակներ շարունակ հասանելի չեն դառնում։ Բայց մի բան միանշանակ է՝ պատասխան հնարավոր չէ գտնել օրենքի մեջ, այլ քաղաքականության մեջ պետք է այն փնտրել եւ պետք է փնտրել ՀՀ սահմաններից դուրս եւ ոչ ներսում։ Փաստն այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի վտանգի ներքո։ Դարեր շարունակ հայ քրիստոնյա ազգը զրկվել է քաղաքական սուբյեկտայնությունից եւ դա շարունակվում է նաեւ այսօր։ Դա համատեղ իսլամիստական, պանթյուրքական գործընթաց է, որն ուղղված էր հայերի էթնիկ զտմանը Անատոլիայից, Նախիջեւանից, Բաքվից, Սումբգայիթից եւ վերջապես՝ երեք տարի առաջ նաեւ Լեռնային Ղարաբաղից»,- Ջոն Այբները։ Հղումը՝ Aravot.am

Եկեղեցի

Լիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց տները. Խաժակ Սրբազան

Սուրբ Աթոռում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը  Արցախի կրոնական և  մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում խոսել է  քրիստոնեկան սիմվոլների ոչնչացման մասին։ «Այն, ինչ կատարվում է Արցախի քրիստոնեկան ժառանգության հետ, սարսափափելի է։ Խոսքը գնում է եկեղեցիների, վանքերի,  սրբավայրերի մասին։ Գումարած այն փաստը, որ 120 հազար մարդ ստիպված է եղել փախչել պատերազմի պատճառով, և այժմ հույս ունենք, որ նրանք  կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողերը։ Այս ուղղությամբ աշխատում է դիվանագիտությունը։ Մենք անկեղծորեն հույս ունենք, ես անձամբ լիահույս եմ, որ դա տեղի կունենա»,-իտալական ilmessaggero.it պարբերականի փոխանցմամբ, նշել է Սրբազանը։ Արցախին  և արցախահայությանը վերաբերող խնդիրները ներկայացնելիս՝  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը զուգահեռներ է անցկացրել Գազայում տիրող իրավիճակի հետ՝ համաձայնելով Հռոմի Սրբազան Քահանայապետի դիտարկման հետ, որ այնտեղ կատարվողը Ցեղասպանություն է։ Միևնույն ժամանակ Սրբազանն ընդգծել է,որ այն, ինչ տեղի է ունենում Գազայում, չի կարելի համեմատել Հայոց Ցեղասպանության հետ։ «Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը ծրագրված կերպով ոչնչացնում էր հայ  փոքրամասնությանը, իսկ Իսրայելը հայտարարում է, թե փորձում է պաշտպանել իր ժողովրդին՝ հարձակման ենթարկելով Գազայի քաղաքացիական բնաչությանը, հարվածներ հասցնելով հիվանդանոցներին, որտեղ երեխաներ են։ Եվ սա հիմնավոր կասկած է առաջացնում»։ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն անդրադարձել է կատարել նաև հիշողության դերին՝ որպես ժողովուրդների ինքնության կարևոր բաղադրիչի։ «Թուրքիայի նոր սերունդը, իհարկե, պատասխանատվություն չի կրում 1915 թվականին տեղի ունեցածի համար, բայց պետք է համարձակություն գտնել և ընդունել պատմությունը։ Հիշողությունը մեզ դարձնում է ավելի ուժեղ, ոչ թե հակառակը։ Պետք է նաև խոստովանել, որ շատ թուրքեր նույնիսկ տեղյալ չեն պատմական փաստերի մասին, քանի որ դրանք չեն ուսուցանվում դպրոցներում։ Այնուամենայնիվ, Ցեղասպանությանը ճանաչումը կնպաստեր ժողովուրդների միջև հարաբերությունների հաստատմանը։ Հայաստանի Հանրապետությունը, հատկապես վերջին շրջանում, փորձում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, և մենք հույս ունենք, որ այս պրոցեսը շարունակական կլինի։ Անհրաժեշտ է բոլոր բաց հարցերը դնել սեղանին և լուծել դրանք։ Ամեն ինչ հնարավոր է, և մենք հուսով ենք՝ մի օր դա տեղի կունենա»։ Նշենք, որ միջազգային համաժողովը կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ’Istituto di Studi Ecumenici dell’Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ:

Եկեղեցի

Տիկնանց միության 10-րդ տարեդարձը

Մայրաքաղաքի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը տասը տարեկան է: Միությունը հոբելյանական տարեդարձը նշեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը միջոցառումը մեկնարկեց աղոթքով: Երեկոյի ընթացքում միության անդամները ներկայացրին տասը տարվա աշխատանքների հաշվետվությունը: «Տիկնանց միությունն այսօր զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ: Իրականացնում ենք ուխտագնացություններ, այցելում խնամքի կենտրոններ, հիվանդանոցներ, զբաղվում եկեղեցու մաքրությամբ: Տարիների ընթացքում, լինելով եկեղեցու տիկնանց միության անդամ, հոգևոր առումով զարգացանք: Միությունը նպաստում է կարևոր գիտակցության ամրապնդմանը՝ հոգևոր ծառայություն ունենալ եկեղեցում»,- նշեց միության անդամ Տաթևիկ Պետրոսյանը: Միությունը տարիներ առաջ կազմավորվել է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ: «Տիկնանց միությունը նպաստում է համայնքային կյանքի ակտիվացմանը, միասնականությանը: Սկզբում դժվար էր աշխատել: Աշխատելով սովորել ենք, սովորելով աշխատել և այդպես ծնվեցին մի շարք ծրագրեր, որոնց մի մասն իրականացրել ենք, մի մասն էլ, Աստծո օրհնությամբ, կիրականացնենք: Միությունը պետք է լուծի մի կարևոր խնդիր, անհրաժեշտ է գտնել շնորհալի և պատասխանատու մարդկանց, որոնք կփոխարինեն մեզ»,- նշեց տիկնանց միության ատենապետ Սաթենիկ Սիմոնյանը: Միջոցառմանը միությանը ողջունեցին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, երիտասարդաց միության անդամները: Հանդես եկան «Արև-երեխաներ»-ը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Եկեղեցի

Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առթիվ

Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Վեհափառությանը՝ գահակալության 25-ամյակի առթիվ: Ձե՛րդ Սրբություն, Դուք մեկ քառորդ դար շարունակ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու և առաջնորդվելու կերպը, ներշնչում եք կամք ու կորով, ուժականություն և տոկունություն՝ դժվարություններին դիմակայելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության առաքելության ուղիներով հաստատուն քայլելու համար: «Շատ բան զոհեց մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում, բայց հավատարիմ մնաց իր հավատքին և Հայ Եկեղեցու թևերի ներքո ապրեց` վկայելով, որ հոգու խորհուրդը կյանքն է ու կենդանությունը, նորոգությունն ու արարումը: Էջմիածնածնունդ իր հոգով ապրեց ինքնաճանաչ, ինքնավայել, ստեղծեց ու ստեղծագործեց… Հայ ենք մենք: Հավատարիմ մնանք Էջմիածնածնունդ մեր հոգուն, միշտ հավատանք, որ հոգու խորհուրդը կյանքն է ու Աստծո Ողորմած Աջի ներքո մնանք հարազատ զավակները հայ ազգի…» (Գարեգին Երկրորդ Կաթողիկոս): Աղոթական հոգով հայցում ենք առ Աստված, որ Երկնավոր Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը: Թող Տիրոջ զորակցությունը և առաջնորդությունը ևս առավել բեղումնալից դարձնեն Ձեր գահակալության տարիները՝ ի փառս Աստծո, ի շահ ազգիս Հայոց և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Եկեղեցի

Սուրբ Պատարագ՝ խնամքի կենտրոնի բնակիչների համար

«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչները մասնակցեցին Սուրբ Պատարագի: Այն մատուցվեց կենտրոնի տարածքում գտնվող Սուրբ Խաչ մատուռում, որը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին օծվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Պատարագի ավարտին կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Արարատ քահանա Օրդոյանը կատարեց Ջրօրհնեքի կարգ՝ նորօրհնյալ Մյուռոնով և մատուռին նվիրեց խաչվառ: Հոգևորականի խոսքով՝ պարբերաբար այցելում են կենտրոն, զրուցում բնակիչների հետ: «Իմ նպատակն այն է, որ խնամքի կենտրոնում բնակություն հաստատած մարդիկ ամրապնդեն իրենց կապը մեր Եկեղեցու, հավատացյալների հետ: Փորձում եմ անել ամեն բան, որ իրենց չզգան մեկուսացված, անտեսված, չհայտնվեն հոգեբանական ծանր վիճակում, երբեք չհուսահատվեն, այլ իրենց կյանքը լցնեն աղոթքով»,- իր խոսքում նշեց Տեր Արարատը: Քահանան հավելեց, որ ժամանակ առ ժամանակ տեղի մատուռում մատուցվում է Սուրբ Պատարագ: Կենտրոնի բնակիչներից ոմանք նաև ցանկություն են հայտնել և տեղում մկրտվել: Բնակիչներից մի քանիսը նաև մասնակցում են Սուրբ Պատարագի ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Scroll to Top