Գովազդ A1

Վիդեո

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Սա սրբապղծություն է». Զախարովան դատապարտել է Հայաստանում ռազմական հուշահամալիրի ապամոնտաժման ծրագրերը

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի հնարավոր ապամոնտաժմանը՝ մտահոգություն հայտնելով ԱՊՀ տարածքում պատմական հիշողությունը խեղաթյուրելու վտանգավոր միտումների կապակցությամբ։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է, որ ռուսական կողմին անհանգստացնում են տեղական իշխանությունների՝ խորհրդային մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը քանդելու մտադրությունները, որի տեղում, եղած տեղեկությունների համաձայն, նախատեսվում է շատրվան կառուցել։ «Որքան հասկանում ենք, Արթիկի ղեկավարությունը, ինչպես նաև վերադաս մարմինները, մտադիր են ի կատար ածել Հայրենական մեծ պատերազմում զոհված համաքաղաքացիների հուշարձանի վերաբերյալ իրենց ծրագրերը։ Եվ, մեր տվյալներով, այդ հուշահամալիրի տեղում նախատեսվում է շատրվան կառուցել», — հայտարարել է դիվանագետը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմի համար անհասկանալի է, թե ինչու հնարավոր չէ նոր կառույցի համար մեկ այլ վայր գտնել։ «Իհարկե, հարց է առաջանում՝ մի՞թե շատրվանի համար ուրիշ տեղ չկար։ Ընդ որում, մինչ օրս հստակ չէ՝ հուշարձանն ուղղակի քանդվելու է, թե՞ տեղափոխվելու է այլ վայր, ինչի մասին նախկինում հավաստիացնում էին հայաստանյան գործընկերները», — ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ հայաստանյան հասարակության մեջ նման նախաձեռնությունները դիմադրության են արժանանում, սակայն պաշտոնական իշխանությունները չեն արձագանքում քաղաքացիների բողոքներին։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ դեմ արտահայտվում այս որոշմանը՝ հասկանալով, որ եթե խոսքն իրոք հուշարձանն առանց տեղափոխման ուղղակի քանդելու մասին է, ապա դա սրբապղծություն է։ Սակայն տեսնում ենք նաև, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունն անարձագանք թողնում մարդկանց լիովին արդարացի դիմումները», — նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Զախարովան հայտարարել է, որ հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը պատմական հիշողության վերանայման ավելի լայն համատեքստի մի մասն է։ «Այս հուշարձանի հետ կապված պատմությունը վկայում է մի անհամեմատ ավելի վտանգավոր միտման մասին, որը կարելի է բնորոշել որպես պատմական հիշողության համատարած խեղաթյուրում», — ընդգծել է նա։ Այս կապակցությամբ դիվանագետը հիշեցրել է մի շարք իրադարձությունների մասին, որոնք, Մոսկվայի կարծիքով, փաստում են Հայաստանում ընթացող նմանօրինակ գործընթացների մասին։ Մասնավորապես, նա մատնանշել է ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած արտահայտությունները, որոնք, ըստ նրա, արդարացնում էին նացիզմը։ «Այն ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հորդորեց ռուսական կողմին ուշադրություն չդարձնել առանձին հայտարարությունների վրա և խոստացավ պարզել եղելությունը։ Սակայն այդպես էլ որևէ արձագանք չեղավ», — ասել է Զախարովան։ Բացի այդ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը քննադատել է Վլադիմիր Զելենսկու երևանյան այցը։ «Հետո նեոնացիզմը հասավ Երևան՝ ի դեմս Զելենսկու, հենց այն Զելենսկու, որը ոտնահարեց սեփական նախնիների հիշատակը և սպառնում էր Հաղթանակի շքերթի ժամանակ հարվածներ հասցնել Կարմիր հրապարակին», — հայտարարել է նա։ Զախարովան առանձնակի ուշադրություն է դարձրել նաև ԱՊՀ փաստաթղթերում ձևակերպումների փոփոխությանը։ «Վերջին շրջանում Երևանը համակարգված կերպով ԱՊՀ փաստաթղթերի նախագծերից դուրս է թողնում «Հայրենական մեծ պատերազմ» արտահայտությունը», — հայտնել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ նման քայլերն առավել քան տարակուսելի են՝ հաշվի առնելով նացիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի ներդրած մեծ ավանդը։ «Եվ սա այն հերոսության ֆոնին, որը Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների տարիներին ցուցաբերել են հայերը, Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի ներկայիս քաղաքացիների նախնիները», — ընդգծել է Զախարովան։ Ամփոփելով, նա վստահություն է հայտնել, որ հայ հասարակության մեծ մասը կողմ է պատմական հիշողության պահպանմանը։ «Մարդիկ պատրաստ են տեր կանգնել պատմական հիշողությանը և պայքարել սեփական պատմության փառահեղ էջերը պահպանելու համար։ Որովհետև այն իրենց պատմությունը մոռացության մատնող երկրներն ու ժողովուրդները չունեն ապագա», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

«Եթե ընտրությունների արդյունքներով չընտրվեք վարչապետ, մենք այս զինտեխնիկայով կարո՞ղ ենք ջախջախել Ալիևին»․ Փաշինյանի արձագանքը

«Մեր ընդդիմությունն առանց այն էլ գնահատում է՝ ինչ ուզում է, ոնց ուզում է»,-փաստմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ձեզ իր բացահայտ աջակցությունն է հայտնել և հարցին՝ եթե ՌԴ-ն կամ Իրանը բացահայտ իրենց աջակցությունը հայտնեին ընդդիմության որևէ ներկայացուցչի, Դուք սա չէի՞ք դիտարկի՝ որպես մեր ներքին կյանքին միջամտություն, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նաև հիշեցրին Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, թե անբարոյականություն է այդ համատեքստում զորահանդես կազմակերպելը։ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Բաքվում անազատության մեջ պահվող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի, որովհետև պարզ չէ, թե նրանք ինչ պայմաններում ու ինչ պայմանով, հանգամանքներում են այդ հայտարարություններն անում։ Մանավանդ, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրը լուծելու համար»։ Հարցին՝ կարո՞ղ ենք փաստել, որ եթե ընտրություններին չընտրվեք վարչապետ, մենք այս զինտեխնիկայով կարող ենք ջախջախել Ալիևին, եթե նա որոշի հարձակվել, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Բանակի կերպափոխումը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության։ Մենք որևէ մեկին ջախջախելու խնդիր չենք դնում, այլ ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու։ Իսկ Հայաստանի տարածքների հարցը կլուծվի սահմանազատման արդյունքներով»։ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում Հղումը՝ Aravot.am  

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ, և 84,000 տարի ապրում է որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում. Ռուբեն Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ) Մայիսի 25, 2026 Թ․ Մայիսի 25-ը Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Սա արդեն երրորդ ծննդյան տարեդարձն է, որը նա անցկացնում է Բաքվում ապօրինի կալանքի տակ։ Իր ծննդյան օրը նա հայերենով դիմել է հայ ժողովրդին։ Հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանն անդրադառնում է նաև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսին։ Նա համարում է, որ այսօրվա իրավիճակում զորահանդես անցկացնելն անբարոյական է, քանի որ հայ զինվորներն ու սպաները ադրբեջանական բանտերում են, չունեն հարազատների հետ նորմալ կապ, որևէ ձևով չեն զգում, որ իրենց թիկունքում կա պետություն։ Հայտարարության վերջում Ռուբեն Վարդանյանը խոսում է ծառայելու մասին և հիշատակում է «Դասա» հասկացությունը (սանսկրիտ՝ dāsa)՝ «ծառա», «հավատարիմ», «մարդ, որը նվիրել է իրեն ծառայության»։ Հերման Հեսսեի  «Հուլունքախաղը» գրքում սա գլխավոր հերոսի հոգևոր կերպարներից մեկի անունն է, որն անցնում է պատրանքից դեպի ծառայություն տանող ճանապարհը։ Ստորև ներկայացվում է հայտարարության սղագրությունը.   «Սիրելի հայրենակիցներ, Չնայած ինձ դժվար է, ուզում եմ ուղերձ հղել հայերեն, որովհետև դա համարում եմ շատ կարևոր։ Ուզում եմ այստեղից ձեզ փոխանցել 5 միտք՝ հույս ունենալով, որ ինձ ճիշտ կհասկանաք։ Առաջինը, նորից ուզում եմ հիշեցնել, որ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին։ Երկրորդը, սիրելի Քաջ Նազար Նիկոլ, Ձեր բախտը երեք անգամ չի բերել։ Առաջինը՝ ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարկը։ Երկրորդը, ես կալանախցում գտնվելով 800 օր մենակ՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել, և փորձում էի գտնել հայ գրողների գրքեր գրադարանում։ Ցավոք սրտի, գրադարանում հայերեն կար միայն երկու գիրք՝ մեկը {Վարդգես} Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք։ Եվ կարդալով Ձեր գիրքը՝ ես համոզվեցի, որ Դուք ոչ միայն ունեք լուրջ խնդիրներ ձեր բարոյական պահելաձևի, կրթության առումով և ուրիշ խնդիրների առաջ եք կանգնած, որ սուտասան եք, հնարող եք, և այլն, նաև գրագող եք։ Եվ ասեմ Ձեզ, որ դա ինձ շատ զարմացրեց, որովհետև, լինելով լրագրող, դուք գիտեք, որ գողությունը, {մտավոր} սեփականությունը, գրքերը չի կարելի գողանալ, բայց Դուք դա արեցիք շատ հանգիստ, և ոչ թե մեկ, այլ մի քանի գրողից։ Եվ Ձեր թերությունները, իհարկե, վրիպումները, պահելաձևը ինձ շատ տխրեցնում է։ Եվ ես ցավոք վախենում եմ, որ այն, ինչ Դուք անում եք, Ձեզ մեծ պատիժ է սպասում, և գիտե՞ք՝ Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, այնտեղ հավատում են, որ նա վերածնվում է ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ, և ամենամեծ պատիժն այն է, որ շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ, և 84,000 տարի ապրում է որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում, հույս ունեմ, որ դեռ ժամանակ կա, որ այդպես չլինի, բայց կասկածներ ունեմ, որ արդեն ուշ է։ Երրորդը, ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է, և պատերազմը շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով: Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի և Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված՝ և՛ տնտեսական, և՛ նյութապես, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով ու ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որն արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկեն քայլ առ քայլ: Եվ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ բոլորս պետք է հասկանանք՝ եթե մենք ոչինչ չանենք, ապա դա իրականացվելու է շատ արագ, և սա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք չփոխենք մեր պահելաձևը, մեզ չի սպասում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը։ Չորրորդը, այստեղ քննարկում են, որ մայիսի 28-ին պատրաստվում է ռազմական շքերթ։ Ինձ թվում է դա անբարոյական է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայրենասեր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետև դա անբարոյական է այս իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ, դուք անեք շքերթ։ Դա ինձ հանգիստ չի թողնում, որովհետև դա համարում եմ անբարոյական, որ մեր տղերքը 6 տարի է այստեղ են, չունեն հարազատներից ֆոտոներ, նամակներ, շորեր ստանալու հնարավորություն։ Մեկ այլ հարց է այն, որ դա որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից, գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչինչ, որ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևում, թիկունքին կանգնած է պետություն։ Հինգերորդը, հիշե՛ք, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է, անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր թերությունները։ Սիրո հակառակ կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, բարության հակառակ կողմը չարությունը չէ, անտարբերությունն է, հավատի հակառակ կողմը աստվածամերժությունը չէ, անտարբերությունն է, և կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է։ Եվ որպեսզի մենք ունենանք մեր պետությունը, հպարտ լինենք, որ այդ պետության քաղաքացին ենք, մեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ, մենք պետք է անտարբեր չլինենք, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանենք, պետք է ամեն մեկս մեր տեղում հասկանանք, որ ոչ ոք, մեկ հոգին առանձին չի կարող փոխել իրավիճակը, բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ ինձ համար երջանկություն է կամավոր ծառայել ու երախտապարտ {լինել} Աստծուն, սիրել բոլորին ու ամեն ինչը, և հաղթահարել գայթակղությունները, սովորել ամեն վայրկյան, մինչև կյանքիս վերջին շունչը, և այն ամենը, ինչը ես գիտեմ, ինչը կարող եմ անել, տալ աշխարհին՝ վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն իմ երջանկության համար։ Եվ ես երջանիկ եմ, որ այդ ամենը կարող եմ անել մինչև կյանքիս վերջին շունչը։ Ես Աստծո խոնարհ ծառա՝ «դասա» Ռուբենն եմ (դասա-दास (dāsa), Կառլենի և Իրինայի որդին, ռուսերեն մտածող հայ մարդ, իմաստների թարգմանիչների միաբանության անդամ, մարդ, որը երջանիկ է, որ իր համար կա հնարավորություն իր կյանքը նվիրել իր հայրենիքին և աշխարհին, սիրով և հավատով ծառայել բոլորին։ Եվ ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ, և ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կարող ենք անել և անելու ենք, որ այդ ապագան լինի լուսավոր, բարի, և հիմնված լինի սկզբունքների ու արժեքների վրա։

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Հարցում․ չորս հիմնական ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն կհավաքեին, քան իշխող կուսակցությունը

Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, 12,1 տոկոսը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 5,8 տոկոսը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։ Ստացվում է, որ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարող չորս ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5 տոկոս, մինչդեռ իշխող կուսակցությունը՝ 28,8 տոկոս։ «Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 3,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 2,9 տոկոսը, «Շնորհհապետական» կուսակցության՝ 2,8 տոկոսը, «Նոր ուժ» կուսակցության՝ 2,7 տոկոսը, «Բոլորի դեմ» կուսակցության՝ 1,9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության՝ 1,3 տոկոսը, «Հանուն հանրապետության» կուսակցության՝ 0,5 տոկոսը, «Քոչարի» կուսակցության՝ 0,4 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի՝ 0,3 տոկոսը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության՝ 0,2 տոկոսը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության՝ 0,2 տոկոսը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության՝ 0,1 տոկոսը, «Ալյանս» կուսակցության՝ 0,1 տոկոսը, ռեֆորմիստների կուսակցության՝ 0,1 տոկոսը։ Հարցվածների 0,9 տոկոսը կփչացներ քվեաթերթիկները, 8,6 տոկոսը կհրաժարվեր պատասխանել հարցին, 3,4 տոկոսը կդժվարանար պատասխանել։ Մայիսի 19-21-ը անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1 102 մարդ։ Հղումը՝ News.am

Scroll to Top