Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան
Հղումը` News.am
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունենում դատարանի շենքի մոտ։ Դատարանում այս պահին քննվում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցը։ Տեղում գտնվող Թևանյանի թիմակից Մանուկ Սուքիասյանը քաղաքացիների հետ միասին պահում է կալանավորված քաղաքական գործչին սատարող պաստառներ և խստորեն քննադատում իշխանությունների գործողությունները։ Ցուցարարներն ուղղակիորեն դիմել են գործող վարչապետին՝ նրան մեղադրելով ազգային շահերը հանձնելու մեջ։ «Նիկո՛լ Փաշինյան, կա մեկ դավաճան, և այդ մեկ մարդը դո՛ւ ես»,— հայտարարել են ցույցի մասնակիցները՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քաղաքական բռնաճնշումներն ու ազատ արձակել Թևանյանին։ Հղումը՝ News.am
Իրավապահները խուզարկություններ են անցկացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որը ղեկավարում է Անդրանիկ Թևանյանը, որն զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև ընդդիմադիր գործչի տանը, իսկ այժմ պատրաստվում են խուզարկել նաև նրա ավտոտնակը։ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ որևէ առնչություն չունի «Ռուսաստան-Կովկաս» կենտրոնի հետ և չգիտի, թե ով է այն ղեկավարում։ Նա անհեթեթ է անվանել տեղեկությունները, թե իբր գումարի դիմաց տեղեկատվություն է փոխանցել։ Նա պարզաբանել է, որ այս տարի հայտարարագրված դրամական միջոցները հայտարագրվել են ավելի քան 20 տարի առաջ։ «1990-ականներին ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ։ Բացի այդ, ես գումար եմ վաստակել՝ զբաղվելով մասնագիտական գործունեությամբ, ժառանգությամբ ստացել եմ գույք, վաճառել եմ շարժական և անշարժ գույք։ Եվ այդ միջոցները հայտարարագրված են 2021 թվականից»,- ընդգծել է Թևանյանը։ Նա կրկնել է, որ գործով որևէ կարգավիճակ չունի։ «Ինձ ներկայացված մեղադրանքների համար որևէ հիմք չկա, և ես գնում եմ Քննչական կոմիտե՝ մանրամասները պարզելու։ Ես կպահանջեմ ներկայացնել ապացույցներ, թե ինչի հիման վրա են ինձ մեղադրանք ներկայացրել։ Ուզում եմ նաև պարզել՝ պատրաստվո՞ւմ են ինձ կալանավորել, թե՞ ոչ»,- ընդգծել է Թևանյանը։ Նա անհասկանալի է համարել, թե ինչ հիմքով են իրավապահները խուզարկություն անցկացրել գրասենյակում, բնակարանում, իսկ հիմա էլ պատրաստվում են անցկացնել նաև ավտոտնակում։ «Փաշինյանը տեսնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը, որի հետ համագործակցում է «Մայր Հայաստան» կուսակցությունը, աճում է, ուստի փորձում է խոչընդոտել մեր քարոզարշավը։ Փաշինյանը հետագայում լուրջ խնդիրներ կունենա»,- եզրափակել է Թևանյանը։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
«Ձեր հարցը երկու դրույթի վրա է հենված, երկուսն էլ սուտ է։ Առաջինը՝ ողջ գոյության ընթացքում Գուգլում այդ անունը եղել է այդտեղ։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել»,- Aravot.am-ի լրագրողի փաստմանը՝ քաղաքացու հարցին՝ ի՞նչ եք հանձնելու, նա կոնկրետ գյուղերի անուններ է տվել՝ օգտագործելով ադրբեջանական անվանումներ և դիտարկմանը՝ կան տեղեկություններ այն մասին, որ Տիգրանաշենը առաջիկայում հանձնվելու է, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեկ այլ առիթով Տիգրանաշենի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Քյարքի անունը Google maps-ում նոր չի հայտնվել, միշտ է եղել»։ Լրագրողի փաստմանը, թե բառացի նշել եք գյուղերի անունները, Նիկոլ Փաշինյանը կրկին արձագանքեց․ «Դուք սուտ եք ասում։ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմաթայի հռչակագրի հիման վրա և սահմանազատում իրականացրել։ Սահմանազատման արդյունքում ՀՀ տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, ուրիշ տրամաբանություն լինել չի կարող»։ Մինչդեռ հիշեցնենք, որ քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի… սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ… կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք»։ Իր «ինչո՞ւ չեք զոհվել հարցից հետո քննադատությունների և ընդդիմության այն պնդման առիթով, որ ՀՀ ղեկավարը ոչ թե պետք է այդ հարցը տար, այլ աներ այնպես, որ երկիրը պատերազմից զերծ պահեր, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել՝ ինչու չեք զոհվել, Ղարաբաղի պսևդո էլիտայի ներկայացուցիչներին է հարցրել։ Ո՞վ է գնացել, կանգնել, կռվել զինվորի կողքին, դրանց մի մասն էլ փախել, մեր զինվորներին մենակ են թողել։ Պատերազմը սկսելուց ժամեր անց 50 կմ շարասյունում ովքե՞ր էին, քանի՞սն եկան, մնացին ՀՀ-ում, քանի՞սը հետ գնացին և հայտնվեցին առաջնագծում։ Սամվել Շահրամանյանից սկսած մյուսներով ավարտած պետք է բացատրություն տան»։ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում Հղումը՝ Aravot.am
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Ա.Օ.-ն կալանավորվել է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ քննչական կոմիտե: Հղումը՝ Aravot.am
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։ Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Նիկոլ Փաշինյանը կրկին «կոռեկտության սահմաններն անցնելով» վիրավորանքներ ու սադրիչ արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին, Ծառուկյանը պատասխանել է․ «Մեկնաբանությունս նա է, որ արդեն եթե այդ ձևի է պահում, ուրեմն նայում եմ, որ գործերը լավ չի։ Հարցումներ են անում, տեսնում են, որ այն առաջվանը չկա։ Այս ութ տարվա ընթացքում, բացի սուտ ասելուց, խաբելուց, բոլորն էլ հիշում են իր խոստումները, իր ասածները, որ ինքը չի եկել Ղարաբաղը հանձնելու, եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու։ Ասում էր՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, բայց այսօր ժողովրդին դարձրել են միայն տուգանքի մատերիալ»։ Ծառուկյանի խոսքով՝ պատերազմը նույնպես եղել է իշխանությունների քաղաքականության հետևանք։ «Ալիևին վիրավորելով պատերազմ հրահրեց, որի հետևանքով եղավ պարտություն, խայտառակություն, զոհեր, հաշմանդամներ, հողերի հանձնում։ Իսկ դրանից հետո սկսեց քծնվել Ալիևին, ներողություններ խնդրել, շնորհակալություններ հայտնել։ Դա մեր ազգին պատիվ չի բերում», — ասել է նա։ ԲՀԿ առաջնորդը նշել է, որ վարչապետի ներկայիս պահվածքը, իր գնահատմամբ, կապված է քաղաքական ապագայի վերաբերյալ մտահոգությունների հետ։ «Բոլորը հասկանում են, որ առաջվանը չի։ Գիտի, որ վերջը եկել է։ Էլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի, ոչ էլ ծրագիր ունի։ Կարամ գրեմ ու ստորագրեմ», — ընդգծել է Ծառուկյանը։ Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին՝ կապված իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի և դստեր՝ Ռոզա Ծառուկյանի անշարժ գույքի հետ, Ծառուկյանը նշել է, որ այդ թեման արհեստականորեն է շահարկվում։ «Գուլոյան Վլադը՝ Կարոյի հայրը, իմ ընկերն է, գործարար մարդ է, ամբողջ Հայաստանը ճանաչում է։ Մեծ գումարներ աշխատող, ստեղծող մարդ է։ Հիմա այդ “ռեկլամ” անելը, որ տունը պետականացրել են, ժողովուրդը դա չի ընդունում։ Գուլոյանի տղան միլիոնատեր մարդ է, ամբողջ կյանքում աշխատել է, բիզնես ստեղծել։ Իմ աղջիկը տուն պիտի չունենա՞», — ասել է նա։ Ծառուկյանի խոսքով՝ իշխանությունները տարիներ անց են հիշել այդ թեմաների մասին, ինչը, ըստ նրա, քաղաքական նպատակներ ունի։ «25 տարի անցել է, նոր են հիշել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բոլոր հարկերը վճարվել են, ամեն ինչ օրինական է։ Սա նշան է, որ արդեն իրենք զգում են՝ վերջը եկել է», — նշել է ԲՀԿ առաջնորդը։ Նա նաև հայտարարել է, որ երկրի հիմնական սպառնալիքներն այսօր «Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն են»։ «Այս վիճակով ժողովուրդ չես կարող պահել։ Ժողովուրդը հիմա իրականություն է ուզում՝ խաղաղություն, ներդրումներ, բարեկեցիկ կյանք։ Սա է հիմնական խնդիրը։ Ինչ սկիզբ ունի, նա էլ վերջ ունի», — եզրափակել է Ծառուկյանը։ Հղումը՝ News.am