Գովազդ A1

Author name: Sose

Եկեղեցի

Տիկնանց միության 10-րդ տարեդարձը

Մայրաքաղաքի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը տասը տարեկան է: Միությունը հոբելյանական տարեդարձը նշեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը միջոցառումը մեկնարկեց աղոթքով: Երեկոյի ընթացքում միության անդամները ներկայացրին տասը տարվա աշխատանքների հաշվետվությունը: «Տիկնանց միությունն այսօր զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ: Իրականացնում ենք ուխտագնացություններ, այցելում խնամքի կենտրոններ, հիվանդանոցներ, զբաղվում եկեղեցու մաքրությամբ: Տարիների ընթացքում, լինելով եկեղեցու տիկնանց միության անդամ, հոգևոր առումով զարգացանք: Միությունը նպաստում է կարևոր գիտակցության ամրապնդմանը՝ հոգևոր ծառայություն ունենալ եկեղեցում»,- նշեց միության անդամ Տաթևիկ Պետրոսյանը: Միությունը տարիներ առաջ կազմավորվել է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ: «Տիկնանց միությունը նպաստում է համայնքային կյանքի ակտիվացմանը, միասնականությանը: Սկզբում դժվար էր աշխատել: Աշխատելով սովորել ենք, սովորելով աշխատել և այդպես ծնվեցին մի շարք ծրագրեր, որոնց մի մասն իրականացրել ենք, մի մասն էլ, Աստծո օրհնությամբ, կիրականացնենք: Միությունը պետք է լուծի մի կարևոր խնդիր, անհրաժեշտ է գտնել շնորհալի և պատասխանատու մարդկանց, որոնք կփոխարինեն մեզ»,- նշեց տիկնանց միության ատենապետ Սաթենիկ Սիմոնյանը: Միջոցառմանը միությանը ողջունեցին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, երիտասարդաց միության անդամները: Հանդես եկան «Արև-երեխաներ»-ը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Եկեղեցի

Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առթիվ

Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Վեհափառությանը՝ գահակալության 25-ամյակի առթիվ: Ձե՛րդ Սրբություն, Դուք մեկ քառորդ դար շարունակ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու և առաջնորդվելու կերպը, ներշնչում եք կամք ու կորով, ուժականություն և տոկունություն՝ դժվարություններին դիմակայելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության առաքելության ուղիներով հաստատուն քայլելու համար: «Շատ բան զոհեց մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում, բայց հավատարիմ մնաց իր հավատքին և Հայ Եկեղեցու թևերի ներքո ապրեց` վկայելով, որ հոգու խորհուրդը կյանքն է ու կենդանությունը, նորոգությունն ու արարումը: Էջմիածնածնունդ իր հոգով ապրեց ինքնաճանաչ, ինքնավայել, ստեղծեց ու ստեղծագործեց… Հայ ենք մենք: Հավատարիմ մնանք Էջմիածնածնունդ մեր հոգուն, միշտ հավատանք, որ հոգու խորհուրդը կյանքն է ու Աստծո Ողորմած Աջի ներքո մնանք հարազատ զավակները հայ ազգի…» (Գարեգին Երկրորդ Կաթողիկոս): Աղոթական հոգով հայցում ենք առ Աստված, որ Երկնավոր Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը: Թող Տիրոջ զորակցությունը և առաջնորդությունը ևս առավել բեղումնալից դարձնեն Ձեր գահակալության տարիները՝ ի փառս Աստծո, ի շահ ազգիս Հայոց և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Եկեղեցի

Սուրբ Պատարագ՝ խնամքի կենտրոնի բնակիչների համար

«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչները մասնակցեցին Սուրբ Պատարագի: Այն մատուցվեց կենտրոնի տարածքում գտնվող Սուրբ Խաչ մատուռում, որը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին օծվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Պատարագի ավարտին կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Արարատ քահանա Օրդոյանը կատարեց Ջրօրհնեքի կարգ՝ նորօրհնյալ Մյուռոնով և մատուռին նվիրեց խաչվառ: Հոգևորականի խոսքով՝ պարբերաբար այցելում են կենտրոն, զրուցում բնակիչների հետ: «Իմ նպատակն այն է, որ խնամքի կենտրոնում բնակություն հաստատած մարդիկ ամրապնդեն իրենց կապը մեր Եկեղեցու, հավատացյալների հետ: Փորձում եմ անել ամեն բան, որ իրենց չզգան մեկուսացված, անտեսված, չհայտնվեն հոգեբանական ծանր վիճակում, երբեք չհուսահատվեն, այլ իրենց կյանքը լցնեն աղոթքով»,- իր խոսքում նշեց Տեր Արարատը: Քահանան հավելեց, որ ժամանակ առ ժամանակ տեղի մատուռում մատուցվում է Սուրբ Պատարագ: Կենտրոնի բնակիչներից ոմանք նաև ցանկություն են հայտնել և տեղում մկրտվել: Բնակիչներից մի քանիսը նաև մասնակցում են Սուրբ Պատարագի ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Եկեղեցի

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Ս. Անանիայի աջը

Հոկտեմբերի 15-ին՝ Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին հավատացյալները հնարավորություն կունենան հպվելու և ստանալու մասունքի օրհնությունը: Սուրբ Անանիայի մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու սուրբ մասունքի օրհնությունները:

Նորություններ

Ժաննա Անդրեասյանի տեղակալն ապօրինի պաշտոն է զբաղեցնում. «Հրապարակ» 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր մտերիմ ընկերուհուն՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին, վերջերս կարգել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ: Ագրարայինի խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էր: Հայաստանի բուհերի պատմության մեջ հոգաբարձուների խորհրդի համանախագահի ինստիտուտ գոյություն չունի` որեւէ բուհում համանախագահի կարգավիճակ չկա։ Այս համալսարանի կանոնադրությամբ եւս նախատեսված չէ համանախագահի պաշտոն: Ստացվում է, որ Սվաջյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի: Բուհում խոսում են, որ նախարարի ընկերուհուն հենց այնպես չեն դեսանտ իջեցրել, գուցե կառավարությունը մտադիր է ագրարայինից այլ մասնաշենք էլ վերցնել, ուստի պրոցեսը տեղում վերահսկելու, հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակով «իրենց մարդուն» են գործուղել։ Հիշեցնենք․ կառավարության որոշմամբ՝ անցած շաբաթ բուհի մասնաշենքերից մեկը հանձնվեց Ֆրանսիական համալսարանին, ինչի առթիվ անձնակազմը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա արեց»:

Իրավունք

Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ փաստաբանը մանրամասներ է հայտնում 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում հետաձգվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Մանրամասների մասին Yerkir.am-ը զրուցել է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ։ Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։   «Այսօր Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ  2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր հարուցված  10 քրեական գործերից մեկով հերթական դատական նիստն էր, որը հետաձգվեց, քանի որ  ամբաստանյալներից մեկի պաշտպանը երկրից բացակայում էր։  Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին։  Հիշեցնեմ  նաև, որ Նոյեմբերի 12-ին Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ արդեն մյուս քրեական գործով դատական նիստն է»,-ասաց Սերգեյ Հարությունյանը։   Փաստաբանի խոսքով՝ «Ազատություն» ռ/կ-ի գործով դատական նիստի այս փուլում դատարանը լսում է գործով անցնող վկաներին։ «Դեռևս բազմաթիվ վկաներ կան, հաջորդիվ տուժողներին ենք լսելու, եթե իհարկե կան այդպիսիք»,-ասաց փաստաբանը։ Հերմինե Զեյնալյան

Տնտեսություն

ՀՀ-ում վառ արտահայտված է տնտեսական ստվերը, բայց 2024-ին արդեն 112 մլրդով ավելի հարկ ենք հավաքագրել. Ռուստամ Բադասյան

2025 թվականին մեր ընթացիկ ծախսերը կազմելու են 26.2 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին 29.5 մլրդ էր, այսինքն՝ նվազելու է 3.3 մլրդ դրամ կամ 11.4 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա պարզաբանեց, որ այս ծախսը պայմանավորված է հիպոթեքային վարկերով՝ եկամտահարկի վերադարձով: «2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 767 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 112.7 մլրդ դրամով կամ 6.8 տոկոսով, մինչև տարեվերջ այս դինամիկան դեպի վերև է գնալու»,- ասաց նա: Բադասյանն ընդգծեց, որ ստվերային տնտեսությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է: «Ուզում եմ անդրադառնալ մամուլում շրջանառվող թեզին, թե ՊԵԿ-ը՝ կախված տվյալ տարվա բյուջետային վիճակից, կամ առավել կոշտ վարչարարություն է իրականացնում, կամ առավել մեղմ: Նշեմ, որ մեր երկրում ստվերն այնքան վառ արտահայտված է, որ մենք տվյալ տարվա բյուջետային ակնկալիքներին չենք նայում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ ստվերային տնտեսությունն առավել վառ արտահայտված է մի շարք ոլորտներում: «Մեր պարտականությունն է ուղիղ ոչ միայն ֆիսկալ առումով խնդիրներ լուծել, այլ եթե մեր վարչարարությունը չիրականացնենք բոլոր ոլորտներում և ակտիվ չպայքարենք ակտիվ ստվերի դեմ, դա տարբեր շուկաներում խաթարում է մրցակցությունը, ուստի այս ուղղությամբ մեր աշխատանքը շարունակական է լինելու»,- ասաց նա:

Տնտեսություն

Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը թուրք գործընկերոջ՝ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրալօղլուի հետ վերջին հանդիպումը համարում է բավականին արդյունավետ, քանի որ  կարողացել են խոսել համագործակցությունների և ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունների մասին, քննարկել են նաևՀայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: «Մենք խոսել եք բոլոր ենթակառուցվածքների՝ այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու մասին։ Նախնական պատկերացումներ կան, թե ինչքան կարող են տևել վերականգնման աշխատանքները, նաև պատկերացում կա, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն դրա համար»,-  այսօր ԱԺ-ում ասել է Սանոսյանը:

Տնտեսություն

Ապօրինի ջրառի կասեցում` Հովտաշատում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում օդային տրանսպորտի օժանդակ գործունեությամբ զբաղվող «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ կենցաղային և ոռոգման նպատակներով խորքային հորից իրականացվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։ Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Տնտեսություն

«Վանատամ» ՍՊԸ-ն վերականգնել է 5 մլն դրամի հարկային պարտավորությունը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումները՝ «Լիաննա գարդեն հոլ»-ում («Վանատամ» ՍՊԸ) իրականացված հսկողական աշխատանքների վերաբերյալ, հայտնում է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «Վանատամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ստացված տեղեկությունների և միաժամանակ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքներով վեր հանված ռիսկերի հիման վրա, 19.10.2023թ.-ին ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Լիաննա գարդեն հոլ» ֆիրմային անվամբ գործող ռեստորանային համալիրում առկա է շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառություն, միաժամանակ պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրն իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է արտացոլել և ներկայացրել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։ Արձանագրված ստվերային շրջանառությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում ներկայացվել է հարկ վճարողին, որի արդյունքում վերջինս, ինքնակամ, 21.11.2023թ.-ին հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների շրջանառության հարկի և օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներ։ Արդյունքում ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 100․241․088 ՀՀ դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շրջանառության հարկի գումար՝ 4․009․644 ՀՀ դրամի չափով, իսկ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներով ընկերության վարձու աշխատողներին ուղղվող աշխատավարձի չափն ավելացել է 4․156․763 ՀՀ դրամի չափով, որի արդյունքում առաջացել է լրացուցիչ վճարման ենթակա 831․355 ՀՀ դրամ եկամտային հարկի և 170․081 ՀՀ դրամ սոցիալական վճարի գումարներ։ Միջոցառման արդյունքներով «Վանատամ» ՍՊԸ-ի մոտ ընդհանուր առմամբ առաջացել է 5․011․080 դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Տնտեսվարողի մոտ 30.12.2023 թվականին իրականացված հսկիչ գնման արդյունքում արձանագրվել է նաև հսկիչ դրամարկղային կանոնների կիրառության խախտում, որի արդյունքում հարկ վճարողին 31.01.2024 թվականին առաջադրվել է 769 335 ՀՀ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի համաձայն:

Scroll to Top