Գովազդ A1

Իրավունք

Իրավունք

արդարացվել են Սրբազան շարժման՝ հետապնդման ենթարկված ևս երկու մասնակիցներ. Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնում է, որ արդարացվել են Սրբազան շարժման՝ հետապնդման ենթարկված ևս երկու մասնակիցներ․ «ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Վահիկ Ավագյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանն այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։ Հիշեցնեմ` Վ. Ավագյանի և Պ. Խաչատրյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում էր Սրբազան շարժման օրերին իբրև թե հավաքներին մասնակցել պարտադրելու համար, մինչդեռ վարույթի դեռ սկզբնական փուլում մենք բարձրաձայնում էինք դրա իրավաբանական սնանկության մասին` դեռ ամիսներ առաջ կանխատեսելով այսօր կայացված վերոհիշյալ որոշումները։ Հ.Գ. Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի երկիրը ներսից ծվատող ահռելի չափերի հասած հանցավորության դեմ»։

Իրավունք

Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները, «Հրապարակ»-ի տեղեկություններով, առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը ` դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար: Հովիկ Աղազարյանին այսօր հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով: ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ   ինչ որ մարդիկ երկու անգամ դիմել են իրեն՝ Հովիկ Աղազարյանի որդու հարցով:

Իրավունք

«Խստաբարո կին է երևում»․ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ՆԳ նորանշանակ նախարարի մասին

«Նորանշանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խստաբարո կին է երևում»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնում այսօր նշանակված Արփինե Սարգսյանին այսպես է բնութագրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ «Ընդհանարապես չեմ ճանաչում նրան, բայց դատելով ելույթներից` նորմալ իրավաբան է։ Թե նախարար իրեն ոնց կդրսևորի, չեմ կարող ասել։ Մի նախապայման կա` ոստիկանապետը պիտի լինի մարդ, որը համակարգին լավ ծանոթ է, համակարգում աճած, մեծացած է, հասկանում է հանցագործ աշխարհի հոգեբանությունը»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով՝   նախարարի և ոստիկանապետի գործը հանցավորության դեմ պայքարն է։ Կարևոր են կանխարգելիչ գործողությունները, որ այսօրվա նեգատիվը վերանա։ Հարցին՝ համակարգում հիմնականում տղամարդիկ են, ինչպե՞ս կընդունեն կին ղեկավարի նշանակումը,  նախկին պաշտոնյան պատասխանել է՝   սկզբից կլինեն պատերի տակ խոսակցություններ, քննադատություններ, բայց հետո, եթե նա օբյեկտիվ լինի, մարդիկ հասկանան, որ գնահատվում է իրենց աշխատանքը, վերաբերմունքը կփոխվի։ «Ինքը պիտի կարողանա ոստիկանության նկատմամբ վերաբերմունքն ու հավատը փոխել։ Ես կնոջը երբեք չեմ թերագնահատել, և չնայած այդ ծառայությունը սիրում է բռունցք, սիրում է տղամարդու խոսք, բայց կարծում եմ` կինն էլ կարող է այս ամենը համակարգել։ Ուզում եմ թերահավատ չլինել», ասել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

Իրավունք, Հասարակություն

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված։ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին 2024 թվականի նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է նաև, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում ներառվել են նաև Սահմանադրության 29-րդ, 60‑րդ, 61-րդ, 64-րդ, 73-րդ և 78-րդ հոդվածներին խնդրահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված դիրքորոշումները: Նշենք, որ նշված հարցով դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին»,- նշվում է Փաստաբանների պալատի հաղորդագրության մեջ:

Իրավունք

Դատախազությունը բողոք կներկայացնի «Պզո» մականվամբ հայտնի «օրենքով գող»-ի արդարացման վճռի դեմ

Դատախազությունը  վերաքննիչ բողոք կներկայացնի «Պզո» մականվամբ հայտնի «օրենքով գող»   Արմեն Ղազարյանի արդարացման վճռի դեմ: Այդ մասին «Արմենպրես»–ին հայտնել են դատախազությունից: Ավելի վաղ Արմեն Ղազարյանի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատարանը արդարացման վճիռ է կայացրել:

Իրավունք

Փաստաբանները գործադուլ են սկսել, բոյկոտել են դատական գործընթացները

Փաստաբանների պալատում այսօր հրատապ ասուլիս է հրավիրվել՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցով: Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ներկայացմամբ՝  կառավարության հավանությանն արժանացած ու այսօր արդեն ԱԺ-ում քննարկվող փոփոխությունների նախագիծը շեշտակի թանկացումներ է բերելու իրավաբանական ու մասնավորապես փաստաբանական  ծառայություններում: «Փաստաբանական գործունեությունը  ներառվում է  հարկման դաշտում, այսպես ասած,  բացասական դաշտում ԱԱՀ եւ շահութահարկի տիրույթում: Ունենում ենք բացասական հետեւանքներ ինչպես ՀՀ քաղաքացու, այնպես էլ փաստաբանության համար: Այս խնդիրը արծարծվել է տարբեր տարիներին, դեռեւս 2019-ին շրջանառության դրվեց,  հետո հանվեց շրջանառությունից, այս տարի նորից դրվեց»,- ասուլիսի ժամանակ ասաց Բաբայանը: Փոփոխությունների այդ նախագծին, ըստ Բաբայանի, ՄԻՊ-ը բացասական գնահատական է տվել, ինչպես նաեւ  Արդարադատության  նախարարությունն է բացասական կարծիք ներկայացրել, որովհետեւ թիրախում են հայտնվել նաեւ նոտարներն ու նոտարական գործունեությունը: «Նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է ԱԺ-ում, սա մեզ համար մտահոգիչ ու անընդունելի է:  ՀՀ –ն ունի պարտականություն ապահովել իրավաբանական օգնության համապատասխան հարթակ, որ քաղաքացիները կարողանան օգտվել այդ հարթակից, այս նախագծի կիրառման արդյունքում իրավաբանական եւ փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է 38 եւ ավելի  տոկոս ծառայությունների թանկացում կունենանք: ՀՀ քաղաքացին որ ստանա իրավաբանական օգնություն, ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին: Մոտ 250.000 գործ ունենք  միայն դատարաններում, սա նշանակում է, որ  250.000 քաղաքացու միայն առնչվում է  սա: Այս առումով պատկերացրեք՝ ինչ խնդրի առջեւ ենք կանգնելու: Փաստաբանական գործունեության տեսանկյունից, փաստաբանները ստիպված են լինելու իրենց հարկային հաշվառումն իրականացնել բարդ ընթացակարգով, ինչը խնդրահարույց է: Այս օրենքի կիրառման դեպքում դժվարացվելու է  կամ գրեթե անհնար է դառնալու անվճար իրավաբանական ծառայության մատուցումը, որովհետեւ փաստաբանը ստիպված է  լինելու հարկը վճարել»: Փաստաբանները հայտարարել են գործադուլ, բոյկոտել են այսօր դատական նիստերը:

Իրավունք

Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից

Կառավարության այսօրվա որոշումներից Ռուստամ Բադասյանն ազատվել է ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը՝ քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։ Որոշումները կառավարությունը կայացրել է գրավոր քվեարկության։ Հիշեցնենք՝ երեկ նրանք պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել։

Իրավունք

Իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ․ պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա․ Գերասիմ Վարդանյան

Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրի ստրոգրումից հետո այս չորս տարիների պայքարից բազմաթիվ քրեական գործերից, շուրջ 1 տարվա բանտային կյանքից հետո հերթական անգամ արձանագրում եմ. իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ, և մեր պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա: Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ, 5 ամիս ապօրինի կալանքի մեջ գտնվելուց հետո դատարանի որոշմամբ ազատ արձակվեցի: Սա մեր պետականությանը սպառնացող վտանգի փուլում ժողովրդական ընդվզմանը զուգահեռ իմ մասնակցությունը բանտով կանգնեցնելու հերթական գործողությունն էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին եղել են իմ և ընտանիքիս կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ շահերը պաշտպանող և միևնույն ժամանակ արդեն իմ և մեր բոլորի պայքարի ընկերներ Sergey Harutyunyan-ին, Sose Armenovna-ին: Շնորհակալություն եմ հայտնում իմ դաշնակցական ընկերներին: Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրի ստրոգրումից հետո այս չորս տարիների պայքարից բազմաթիվ քրեական գործերից, շուրջ 1 տարվա բանտային կյանքից հետո հերթական անգամ արձանագրում եմ. իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ, և մեր պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»: Հիշեցնենք՝ երեկ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում ընթանում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։ Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանք խափանման միջոցը փոխելու համար 2 միլիոն դրամի չափ գրավին ավելացնելով ևս 3 միլիոն դրամ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2025 թվականի հունվարի 15-ին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Իրավունք

Գյումրու քաղաքապետի թեկնածուի ՔՊ-ական քեռու տղան իրավապահներին հայտնել է, թե երբ է պատրաստել «խիմկա» թմրամիջոցը

Նոյեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի համայնքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Նեկրասովի փողոցի 1/4 հասցեի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, հնարավոր է, իրենց մոտ թմրանյութ ունենան։ «Համայնքային ոստիկանները օպերատիվ ժամանում են նշված վայր և ապօրինի թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալում են Գյումրի քաղաքի բնակիչներ 34-ամյա Պարգև Գևորգյանին և 32-ամյա Վարուժան Խոջունյանին։ Վերջիններս «Opel»-ով տեղափոխվում են համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին։ Վ. Խոջունյանի մոտ հայտնաբերվում է ընդհանուր 2.1 գ թղթե փաթաթ՝ լցված մուգ շագանակագույն չորացված մանրացված զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչ: Վ. Խոջունյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է առավոտյան, Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտերի մոտ վայրաճ «Կանեփ» տեսակի բույսից, պահել է իր մոտ անձնական օգտագործելու համար, նա հայտնել է նաև, որ «Տելեգրամ» հավելվածի «Գիդրա» ալիքից, 13.000 դրամով ձեռք է բերել «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որը թողել է ընկերոջ՝ Պ. Գևորգյանի ավտոմեքենայի մեջ: Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչպես նաև քննչական վարչություն են ներկայացվել Պ. Գևորգյանն ու Վ. Խոջումյանը։ Վ. Խոջումյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի հարազատ քեռու որդին է, Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատանքների գծով պատասխանատուն է, ՔՊ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։ Նրա հայրը` Բյուրակնի դպրոցի նախկին փոխտնօրեն Մանվել Խոջումյանը նույնպես մեղադրվել է թմրամիջոց պահելու ու գործածելու մեջ, իսկ Պ. Գևորգյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Գյումրու ավագանու անդամ է»,-հայտնում է shamshyan.com-ը։

Scroll to Top