Գովազդ A1

Իրավունք

Իրավունք

Կրակոցներ՝ Երևանում. կրակողը, տեսնելով, որ վրիպել է, իր «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել իր զոհին. վերջինը մահացել է

Քննիչները բացահայտել են օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ անձն իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում է զոհին, ապա վրաերթի ենթարկում ու տեսնելով, որ նա մահացել է, դիմում է փախուստի։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հղումը՝ News.am

Իրավունք

Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը

Դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ առանց քննության թողեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը` տնային կալանք խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Վարդևանյանը դատարանին միջնորդությունը ներկայացնելիս պարզաբանել էր, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանների այնպիսի փոփոխություն է տեղի ունեցել, որ այժմ պետք է խափանման միջոցի հարցը կրկին քննարկման առարկա դառնա: Խոսքն այն մասին է, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը մասնակցում է Ազգային ժողովի ընտրություններին, գրանցվել է ԿԸՀ-ի կողմից և այժմ գտնվում էր նախընտրական քարոզչության փուլում: Հղումը՝ Hraparak.am

Իրավունք

Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի հունիսի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի և ֆիզիկական անձանց՝ 2007 թվականի օգոստոսի 10-ին և օգոստոսի 15-ին կնքված՝ հողամասերի առուվաճառքի 14 պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով՝ անվավեր են ճանաչվել շուրջ 1.3 հա մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ հանդիսացող 14 հողամասերի առուվաճառքի պայմանագրերը: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով 14 հողատարածք: Հղումը՝ News.am

Իրավունք

Դատավոր Ռուզաննա Ազրոյանը փորձել էր լինել համարձակ ու կասկածի տակ դնել որպես փաստաբան իմ ազնվությունը․ Սոսե Արմենովնա

Դատավոր Ռուզաննա Ազրոյանը փորձել էր լինել համարձակ ու կասկածի տակ դնել որպես փաստաբան իմ ազնվությունը! Այսուհետ տիկնոջը կհորդորեմ շատ չշտապել նմանօրինակ հակաիրավական որոշումներ կայացնելիս, քանզի դրանք լի են բացասական հետևանքներով և‘ իր, և‘ արդարադատության համակարգի համար: Այս պահին այսքանը ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱՍՏԱԶՈՒՐԿ ԷՐ ԵՒ ՈՒՂԻՂ ՀԱԿԱՍՈՒՄ ԷՐ ՀԱՅՑՎՈՐԻ՝ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒՆ ՀՀ Վարչական դատարանը՝ նախագահությամբ Ռ. Մախմուդյանի որոշել է թիվ XXXX վարչական գործով ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել ամբողջությամբ` ՀՀ վարչական դատարանի 01.04.2026թ. «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնել։

Իրավունք, Հասարակություն

Արագածոտնի գյուղերից մեկից այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 5-ամյա երեխա

Մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի, կրծքավանդակի, որովայնի և զույգ վերին վերջույթների շրջանում 2, 3 աստիճան, մոտավոր 20 տոկոս մարմնի մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Հիվանդանոցում պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 5-ամյա Կ․ Մ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։30-ի սահմաններում Կ. Մ․-ն իրենց տան բակում խաղալիս խորովածի համար նախատեսված մանղալի վրա բենզին է լցրել և հրկիզել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հղումը՝ News.am

Իրավունք

Ծառուկյանն անմեղ է, Առուստամյանի մասով էլ վաղեմությունն անցել է

Հակակոռուպցիոն դատարանը մարտի 11-ին հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա բիզնես կայսրության՝ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով վերդիկտը։ Ըստ այդմ՝ ընտրակաշառքի գործով ԲՀԿ առաջնորդն անմեղ ճանաչվեց։ Նույն գործով անցնող Սեդրակ Առուստամյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման համար (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։ Վերդիկտից ուղիղ 2 ամիս անց՝ մայիսի 11-ին, Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ) հրապարակեց Ծառուկյանի եւ Առուստամյանի դատավճիռը։ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը մեզ ասաց՝ ինչպես վերդիկտով էր, դատավճռով եւս հռչակվեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը, Առուստամյանի մեղավորությունը, բայց վերջինիս նկատմամբ պատիժ չկիրառվեց, քանի որ այս գործի վաղեմության ժամկետն անցել է։ Պաշտպանի խոսքով՝ բազմիցս հնարավորություն են ունեցել դիմելու վաղեմության ժամկետ կիրառելու համար, սակայն Ծառուկյանը ցանկացել է մինչեւ վերջ գնալ, որպեսզի դատական ակտով հրապարակվի իր անմեղությունը։ Պաշտպանը նշեց՝ դատարանի որոշումը կողմերը կարող են բողոքարկել Հակակոռուպցիոն դատարանում, ըստ ամենայնի, դատախազությունն այդպես էլ կանի։ Այս գործը, հիշեցնենք, դատարանում է 2023 թվականից: Մեղադրանքի հիմքում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք բաժանելու փաստն է դրվել: 2020 թվականի հունիսին, նույն օրը, երբ Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել, Փաշինյանն ասել էր. «Քննվում է երրորդ հանրապետության պատմության ամենակարեւոր գործերից մեկը, որովհետեւ, ի վերջո, ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»։ Իրավապահները քրեական գործի մասին հայտարարել էին Փաշինյանի հայտարարությունից հետո։ Այդ ժամանակ Ծառուկյանը պահանջում էր կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ապա Ծառուկյանին ԱԱԾ-ն կանչել էր հարցաքննության եւ կալանավորել։ Մեկուկես ամիս անց նա ազատ արձակվեց, 26-ի մայիսի 11-ին արդարացվեց։ Հղումը՝ Hraparak.am  

Իրավունք

Երկակի ստանդարտ. Տավրոս Սափեյանի վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել: «Միաժամանակ պարզաբանվում է, որ համայնքի ղեկավարի գործառույթները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով: Անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքներից՝ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող անձն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և այլ իրավական ակտերից բխող լիազորություններ, որոնք չեն դադարում՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրական ցուցակում՝ որպես թեկնածու ներգրավված լինելու հանգամանքով պայմանավորված: Քննարկվող դեպքում Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը: Այդ կերպ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար: Ավելին՝ որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը, այն է՝ քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները, սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի և կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունն ուսումնասիրող հանձնաժողովի դրական եզրակացությունները, որոնք իրենց հերթին բխել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և Թալին համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ հաստատված կարգի պահանջներից: Բացի այդ, հաղորդման և կից նյութերի մեջ, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումներում առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով»։ Ավելի վաղ «Անկախ դիտորդ»-ն ահազանգել էր, որ Թալինի ՔՊ-ական համայնքապետը նախընտրական այս շրջանում խախտել է բարեգործության արգելքը՝ ավելի քան 11.5 միլիոն դրամի օգնություն տրամադրելով թալինցիներին։ Հղումը՝ News.am

Իրավունք

լրահոսը «Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին»

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափառ եկեղեցու սպասավոր)։ Պաշտոնապես նա 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովի օգնականն է՝ հավատացյալ զինծառայողների հետ տարվող աշխատանքների գծով։ Նա ակտիվ և սերտ շփումներ ունի Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականների հետ, այդ թվում՝ համատեղ միջոցառումներ իրականացնելու միջոցով։ Նրա գործառույթների մեջ են մտնում զինվորների հետ անհատական զրույցների անցկացումը, սթրեսային կամ ընտանեկան բարդ իրավիճակներում նրանց հոգևոր աջակցություն ցուցաբերելը։ Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայր Տիմոֆեյը գրեթե ամենօրյա ռեժիմով առերևույթ իրականացնում է նաև ՀՀ պետականությունը վերացնելու վերաբերյալ բացահայտ քարոզչություն։ Երկու տարբեր աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քահանան մեր պետության դեմ իր այս «ծառայությունն» իրականացնում է ռազմակայանին կից գործող ուղղափառ եկեղեցիներում՝ Սուրբ Ալեքսանդրա (անմիջապես 102-րդ ռազմակայանի տարածքում) և երբեմն Սուրբ Միքայել Հրեշտակապետի (Պատվո բլրի հարևանությամբ) եկեղեցիներում։ Հայր Տիմոֆեյի գործունեությունն ու կապերը չեն սահմանափակվում միայն 102-րդ ռազմաբազայի շրջանակներով: Նա, ենթադրաբար, Հայաստանում գործող ռուսական պետական ինստիտուցիոնալ ցանցի ներկայացուցիչներից է։ Դրա վառ ապացույցներից է 2023 թ. հուլիսին Երևանում գործող «Մոսկվայի տան» կողմից ռազմակայանին կից եկեղեցիներին արված նվիրատվությունը։ Հայր Տիմոֆեյն անձամբ ներկա է գտնվել միջոցառմանը և հրապարակայնորեն ողջունել նախաձեռնությունը։ Հայտնի է, որ «Մոսկվայի տունը» զուտ մշակութային կենտրոն չէ. այն ֆինանսավորվում է Մոսկվայի կառավարության կողմից և հանդիսանում է ռուսական «փափուկ ուժի» պաշտոնական հարթակներից մեկը։ Ընտրական շանտաժ և օտարերկրյա միջամտություն Առավել ուշագրավ է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանն առերևույթ օգտագործվում է Հայաստանում ընտրական գործընթացների վրա անմիջական ճնշում գործադրելու համար։ 102-րդ ռազմակայանում աշխատող ՀՀ քաղաքացիները հայտնվում են թիրախում: Մեզ ահազանգած քաղաքացիները, ովքեր ցանկացել են գաղտնի մնալ՝ ռազմակայանի հրամանատարության կողմից հնարավոր հետապնդումներից զերծ մնալու մտավախությունից ելնելով, հայտնում են, որ իրենց ուղղակիորեն պարտադրում են քվեարկել կոնկրետ քաղաքական կուսակցության օգտին՝ հակառակ դեպքում սպառնալով հեռացնել աշխատանքից։ Ավելին, ռուսական հրամանատարությունն առերևույթ պահանջում է, որ այդ պարտադրանքը աշխատակիցները տարածեն նաև իրենց ընտանիքների անդամների, հարազատների ու ընկերների վրա՝ այդպիսով մեծացնելով վերահսկվող ձայների քանակը։ Այսպիսով, ըստ մեր ստացած արժանահավատ տեղեկությունների, ռազմակայանի հրամանատարությունն առերևույթ խախտում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ինչպես նաև կատարում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8 հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանք ու ՀՀ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ ու 211-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցանքներ։ Ռուսաստանյան ռազմակայանի հրամանատարությունն ու Տեր Տիմոֆեյ քահանայի առերևույթ գործողությունները պետք է դառնան իրավասու մարմինների պատշաճ քննության առարկա։ Նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորումն» անդրադարձել է ռուսական ռազմակայանի տարածքում կամ դրա ծառայողների (աշխատակիցների) կողմից կատարված ընտրական հանցագործությունների՝ ՀՀ իրավազորության տիրույթում գտնվելու հարցին։   «Իրազեկ քաղաքացիների միավորում» «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» Հղումը՝ Aravot.am

Իրավունք

Շվեյցարիան պատասխանել է գերիների հարազատների նամակին, Հայաստանի ԱԳՆ-ն՝ ոչ

Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները ապրիլի 3- ին նամակով դիմել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին,  Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի  դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին՝ խնդրելով Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում  գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը: «Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։ Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար»,-մասնավորապես նշվում էր գերիների հարազատների նամակում։ NEWS.am-ը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի»  ղեկավար Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք արձագանքներ եղել են: «Մենք ստացել ենք պաշտոնական պատասխան Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից, որտեղ  մասնավորապես նշվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում երրորդ պետության կողմից հովանավոր տերության մանդատի իրականացումը պետք է ստանա երկու շահագրգիռ պետությունների համաձայնությունը։ Նամակում նաև ասվում է, որ երկկողմ բանակցությունների միջոցով Շվեյցարիան բազմիցս կոչ է արել Ադրբեջանին երաշխավորել արդար դատաքննության իրավունքը և ապահովել, որ պահման պայմանները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այսինքն, մարդասիրական այս խնդիրը նաև նրանց երկկողմ հարաբերությունների օրակարգում է»,-նշեց Սիրանուշ Սահակյանը։ Հայաստանի արտգործնախարարությունից այս պահի դրությամբ որևէ արձագանք չի եղել գերիների հարազատների նամակին, չնայած որ նամակը թե՛ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը, թե՛ ՀՀ ԱԳՆ-ին ուղարկվել է միաժամանակ: Հղումը՝ News.am

Իրավունք

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը պաշտոնական հաղորդագրությամբ տարածված բաց նամակով մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ ➡️ Միջազգային կառույցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կարգավորող օրենսդրությունը չի համապատասխանում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սահմանադրական և օրենսդրական երաշխիքներին, այնպես էլ ոլորտին վերաբերելի միջազգային չափանիշներին։ ℹ️ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն ընդգծել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացել է անկախության և վստահելիության հանգամանքը հավաստող «A կարգավիճակ»՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների հավատարմագրումն իրականացնող միջազգային մարմնի կողմից, ինչը վկայում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին՝ ՄԻՊ հաստատությունների համար սահմանված միջազգային չափանիշներին կառույցի համապատասխանության մասին։ ➡️ Հաղորդագրությունում ընդգծվել է, որ ՄԻՊ հաստատության մանդատի և անկախության նկատմամբ անհարկի միջամտությունները կարող են վտանգ ներկայացնել իրավունքի գերակայության համար։ ➡️ Անդրադառնալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքին՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը նշել է, որ թեև օրենքի՝ վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման դեպքերի առնչությամբ ուսումնասիրություններ իրականացնելու լիազորության շրջանակից նախատեսված բացառությունների թվում ուղղակիորեն նշված չէ Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի ՄԻՊ հաստատության անկախությունը, այնուամենայնիվ, երաշխավորվում է սահմանադրական և քրեական օրենսդրության միջոցով։ Մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը ամրագրում է Պաշտպանի անկախության, գործունեությանը միջամտության անթույլատրելիության, գործառութային անձեռնմխելիության, ՄԻՊ հաստատության տարածքի և նամակագրության անձեռնմխելիության, Պաշտպանից բացատրություններ պահանջելու կամ վերջինիս հարցաքննելու անթույլատրելիության, Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և այլ հաղորդումների խորհրդապահության, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության երաշխիքները։ ‼️ Միջազգային կառույցն ընդգծել է, որ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերաբերյալ միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի այդ հաստատությունները կարողանան գործել քաղաքական միջամտությունից անկախ, հնարավորություն ունենան ազատորեն քննարկելու իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած հարց, իսկ հաստատության անդամներն ու աշխատակիցները պաշտպանված լինեն հաստատության անկախ գործունեությանը միջամտելու ցանկացած փորձից։ ➡️ Ավելին, պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԻՊ հաստատությունները ցանկացած տեսակի սպառնալիքներից պաշտպանելու նպատակով, ինչը ենթադրում է նաև, որ ՄԻՊ հաստատությունների կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում հավաքագրված խորհրդապահական տեղեկատվությունը պետք է ունենա արտոնյալ պաշտպանության կարգավիճակ և անհարկի կերպով չհրապարակվի։ ➡️ Նշվածի լույսի ներքո Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ ԿԿՀ-ին քննություն իրականացնելու լիազորություններ վերապահող օրենսդրական դրույթները հակասում են ներպետական, տարածաշրջանային և միջազգային չափանիշներին և սպառնում են թուլացնել հաստատության՝ որպես ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին լիարժեք համապատասխանող անկախ կառույցի միջազգային ճանաչումը։ Հաղորդագրությամբ ընդգծվել է, որ Պաշտպանի գործունեությունը արտաքին վերահսկողության ենթարկելը անհամատեղելի է հաստատության աշխատանքի խորհրդապահական բնույթի հետ, իսկ ՄԻՊ հաստատության անկախությունը՝ անհատների կողմից խորհրդապահական եղանակով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի երաշխավորման անքակտելի տարր է։ ➡️ Նշվածի լույսի ներքո՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին և մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ուղղությամբ նրա աշխատանքին՝ կոչ անելով Հայաստանի պետական իշխանություններին քայլեր ձեռնարկել՝ հստակեցնելու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախության իրավական երաշխիքները՝ ԿԿՀ օրենքի դիտանկյունից, և այդպիսով պահպանելու մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախությանն առնչվող միջազգային չափանիշները։ Հղումը՝  Aravot.am

Scroll to Top