Գովազդ A1

Իրավունք

Իրավունք

Ես վստահեցնում եմ, որ բոլորը գաղտնալսվում են

«Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում AntiCor հակակոռուպցիոն հարթակի հիմնադիր, փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրենց կողմից արձանագրվել են շուրջ 17 տարբեր ուղղություններով խնդիրներ։ Նրա խոսքով՝ այդ խնդիրների առաջին խումբը վերաբերում է քրեական վարույթներին, որոնք, իր գնահատմամբ, դարձել են գործող իշխանությունների հիմնական գործիքը տարբեր ոլորտներում ազդեցություն գործադրելու համար։ Բաբայանը նշել է, որ այդ գործընթացները հաճախ ունեն քաղաքական բնույթ և կիրառվում են որպես ճնշման միջոց։ Փաստաբանի կարծիքով՝ քրեական օրենսգիրքը վերածվել է գործիքի, որով փորձ է արվում վախեցնել ընդդիմադիր ուժերի համար աշխատող անձանց և ստիպել նրանց հրաժարվել գործունեությունից։ Նա պնդել է, որ նման պայմաններում ստեղծվում է վախի մթնոլորտ, երբ ընդդիմադիր դաշտում ներգրավված մարդիկ կարող են ենթարկվել ձերբակալությունների կամ կալանավորումների։ Արսեն Բաբայանը նաև հայտարարել է, որ իր համոզմամբ՝ տարբեր անձինք գտնվում են գաղտնալսման ներքո։ AntiCor հակակոռուպցիոն հարթակի նախաձեռնած աշխատաժողովը նվիրված է ընտրական գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի քննարկմանը։ «Ցույց են տալիս անդադար, ով աշխատեց ընդդիմադիր ուժերի համար, կձերբակալվի, կկալանավորվի։ Ես վստահեցնում եմ, որ բոլորը գաղտնալսվում են»,- ասել է նա: Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Փաշինյանը հրապարակային հերքումն և 6 միլիոն դրամ է պահանջում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։ Մայիսի 11-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել երեկ՝ մայիսի 14-ին և մակագրվել դատավոր Երեմ Եսոյանին։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Սամվել Կարապետյանի՝ պահանջելով հերքել ասուլիսի ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարությունը․ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։ Հղումը՝ News.am

Իրավունք

Մանկավարժական համալսարանի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի, նրա որդու եւ անվանի շախմատիստ Սմբատ Լպուտյանի քրեական գործը երեկ՝ 2026թ. մայիսի 14-ին, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա 2022թ-ից զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը և միաժամանակ ղեկավարել համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի» աշխատանքները։ Քննության տվյալներով՝ Իսպիրյանը տեղեկացված է եղել, որ իր որդին՝ Արմեն Ավետիսյանը, 2022թ. հունվարի 14-ին աշխատանքի է ընդունվել ինստիտուտում որպես մասնագետ, սակայն փաստացի աշխատանքի չի հաճախել՝ շարունակելով աշխատավարձ ստանալ։ Մեղադրանքի համաձայն՝ պրոռեկտորը որևէ քայլ չի ձեռնարկել այդ իրավիճակը կանխելու համար, ինչի հետևանքով համալսարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 5 մլն 337 հազ. դրամի վնաս: Պրոռեկտորի որդուն էլ մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։ Անվանի շախմատիստ Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել պրոռեկտորի որդու` Արմեն Ավետիսյանի կողմից ենթադրյալ հափշտակությանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանին։ Գրիշա Բալասանյան Հղումը՝ Aravot.am

Իրավունք

31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 31-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում կոկաին: Մայիսի 11-ին՝ ժամը 18․45-ի սահմաններում, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, երիտասարդն ու նրա հայրը ձերբակալվեցին Երևանի Վշտունու նրբանցքում և որդու վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ձերբակալման պահին երիտասարդը մեքենայից նետել էր էլեկտրական ծխախոտ և ծխախոտի տուփ, որի զննությամբ հայտնաբերվեց կոկաին տեսակի թմրամիջոցով 10 փաթեթ՝ ընդհանուր 11,51 գրամ քաշով։ Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց երիտասարդի բնակության վայրում․ հայտնաբերվեց էլեկտրոնային կշեռք, թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված 9 գլանակ, 13 գրամ մարիխուանա, 23,72 գրամ հալյուցինոգեն սունկ և մեկ դեղահաբ։ 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Հղումը՝ Newday.am

Իրավունք

ՊՆ-ն մերժել է տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելումներով վարձատրության մասին տեղեկությունը՝ այն համարելով չհանրայնացվող

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ սահմանամերձ զորամասերում ծառայող զինծառայողներին և աշխատակիցներին տարբեր դրամական վճարներ են տրամադրվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին երկու ամիսներին արդեն իսկ իրականացվող այդ վճարումները նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականի հունիսը։ Խոսքը աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների կամ այլ ձևաչափով տրամադրվող գումարների մասին է։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ պետական համակարգում ցանկացած լայնածավալ ֆինանսական բաշխում բնականաբար առաջացնում է քաղաքական նպատակահարմարության և հնարավոր ընտրական ազդեցության վերաբերյալ հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ պարզաբանում էր խնդրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից: ՊՆ-ն մերժել է տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելումներով վարձատրության մասին տեղեկությունը՝ այն համարելով չհանրայնացվող։ Սակայն այստեղ է խնդիրը․ հանրությունը կարող է չիմանալ ռազմական կամ օպերատիվ նշանակության տվյալներ, բայց իրավունք ունի իմանալու, թե պետական միջոցներն ինչ սկզբունքով են բաշխվում, հատկապես երբ խոսքը սահմանում ծառայող մարդկանց սոցիալական երաշխիքների մասին է, իսկ ժամանակահատվածը՝ նախընտրական։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք

Միջադեպ Կարբի գյուղի դպրոցում. հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է և հոսպիտալացվել

Մայիսի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի բնակիչ 12-ամյա տղան Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Մանուշակ Կ․-ն հայտնել է, որ  ապրիլի 17-ին նշված դպրոցի 7-րդ դասարանում 12-ամյա տղայի և դասընկերների միջև առաջացած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել վերջինիս գլխին, մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 12-ամյա տղան ուշագնաց է եղել և բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բուժամբուլատորիա, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ 12-ամյա տղայի հետ միջադեպի մասնակիցները իր դասընկերներ՝ 13-ամյա և 12-ամյա տղաներ են. վերջիններս ազգականեր են։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հղումը՝ News.am

Իրավունք

Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն, Սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո։ Դրանք հատկապես ակտիվանում են իմ յուրաքանչյուր հանրային հարցազրույցներից հետո։ Մասնավորապես, ավելի քան մեկ տարի է, ինչ նշված անձն անդադար բացում է տարբեր օգտահաշիվներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այդ հաշիվներից ինձ ուղարկում է նամակներ իմ հանրային ակտիվության վերաբերյալ, ինձ հետ կապված հրապարակումների տակ գրում է մեկնաբանություններ, որոնք ակնհայտորեն պարունակում են սպառնալիք։ Օրինակ՝ գրառումներից մի քանիսն ունի հետևյալ բովանդակությունը․ «Ես կարող եմ նաև ուրիշ ճանապարհով սա անել, բայց չեմ ցանկանում Ձեզ նեղություն տալ»։ Մեկ այլ դեպքում գրել է․ «Ես Ձեզ ցույց տվեցի, որ, եթե ցանկանամ, կարող եմ Ձեզ նեղություն տալ, փառք Աստծո, ունեմ այդ հնարավորությունը, բայց դա ամենատհաճ բանն է…» կամ «թե հակառակը՝ կոպիտ վարվեմ Ձեզ հետ, ստիպեմ, խեղդեմ?», «խառնված էիք․․․հասկացաք, որ դամագացա եմ լինելու» և այլն։ Ես տևական ժամանակ է, ինչ արգելափակում եմ այդ օգտահաշիվները, որոնցից նա անընդհատ սպառնում է, թե որքան էլ արգելափակեմ, միևնույնն է՝ շարունակելու է հետապնդել ինձ, այսինքն՝ կարող է բացել անթիվ օգտահաշիվներ (կից սքրինշոթում դա ներկայացված է)։ Վերջին շրջանում հետապնդումները տեղի են ունենում նաև սոցիալական մեդիայից դուրս՝ իմ հարցազրույցներից անմիջապես հետո։ Օրինակ՝ մայիսի 10-ին՝ առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում, երբ ես դուրս եկա բնակարանից, տեսա, որ նա շենքի բակում ինձ է սպասում 37PC141 պետհամարանիշով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինձ նկատելով՝ նա դուրս եկավ մեքենայից ու դա արեց ցուցադրաբար, որպեսզի ես դա տեսնեմ։ Ես տեսանկարահանեցի ավտոմեքենան և նրան, այնուհետև արագ հեռացա այդ վայրից։ Սրանից բացի, այդ անձը մեր բակում է հայտնվում նաև երեկոյան ժամերին, երբ մութն ընկնում է, սպասում է տանից իմ դուրս գալուն կամ տուն վերադառնալուն, գրառումներ է անում դրա մասին, փորձում է քայլել իմ հետևից, ֆիզիկական անկանոն շարժումներ է անում, ու դա անում է այնպես, որ ահաբեկի կամ վախ առաջացնի։ Նշված անձի գործողություններն անօրինական հոգեկան ներգործություն են ինձ վրա, ինչպես նաև ֆիզիկական ներգործության իրական վտանգի սպառնալիք։ Բանն այն է, որ նա զուգահեռում է սոցիալական ցանցերում ինձ հետապնդելը իրական կյանքում հետապնդելու արարքների հետ։ Ընդ որում, ցույց է տալիս, որ իր քայլերում հետևողական է, այսինքն՝ սոցիալական մեդիայում նամակով սպառնում է անել կամ հետապնդել ինձ, ու հետո դա անում է իրական կյանքում։ Օրինակ, եթե գրում է, որ սպասում է ինձ շենքի տակ, հետո փաստացի հայտնվում է այդ տարածքում՝ ինձ ահաբեկելու միտումով։ Դրանով ցույց է տալիս, որ իր հետապնդումներից չեմ կարող խուսափել, նա իր սպառնալիքները կատարելու է։ Ինձ այս ամենը խիստ անհանգստություն է պատճառում։ Նշված անձը դա անում է, որպեսզի տագնապ առաջացնի ինձ մոտ, ակնհայտ հոգեկան ներգործություն է գործում իմ ու ընտանիքիս վրա, առկա են ֆիզիկական ներգործության սպառնալիքներ։ Կից ներկայացնում եմ տեսանյութը, մի քանի սքրինշոթներ նրա գրառումներից ու մեկնաբանություններից, որոնք նա գրելուց ժամեր անց արագորեն հեռացնում է, կարճ ասած՝ մաքրում է հետքերը։ Սա ակնհայտորեն կապված է իմ հանրային ու հասարակական գործունեության հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես ակտիվորեն հանրային տիրույթում քննադատում եմ ներկայիս իշխանություններին, նրանց քաղաքականությունը, զբաղվում եմ Ադրբեջանից եկող վտանգների, Ադրբեջանում պետական մակարդակով մշակվող ծրագրերի բացահայտմամբ՝ մեր հանրության համար։ Վստահ եմ՝ մեքենայի համարներով և դեմքով արագորեն կհայտնաբերեք սույն անձին և կպարզեք, թե ինչու և ինչ հանգամանքներում է նա սկսել ինձ հետապնդել և սպառնալ՝ սկզբում սոցցանցային տիրույթում, իսկ հիմա արդեն՝ իրական կյանքում՝ ֆիզիկապես ու հոգեպես։ Հույս ունեմ՝ արագորեն կբացահայտվեն սույն անձի մոտիվները, իսկ իմ կյանքին ու ֆիզիկական անվտանգությանը ուղղված սպառնալիքները կվերանան, և այս անձի նման անօրինական ու վտանգավոր վարքագիծը կկանխվի։ Կսպասեմ ձեր արձագանքին՝ իմ հետագա քայլերը պլանավորելու համար։ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հղումը՝ Hraparak.am

Իրավունք

Եթե 10 տարի անընդմեջ տիրապետել եք որևէ անշարժ գույք՝ ո՞ր 4 պարտադիր պայմանների դեպքում կդառնաք այդ գույքի սեփականատերը

Որպես կանոն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու համար պետք է գույքը ձեռք բերել օրինական ձևով։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականություն՝ ձեռքբերման վաղեմության ուժով։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ և 187-րդ հոդվածները սահմանում են տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու պայմանները։ Ի՞նչ է տիրազուրկ գույքը Օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից։ Ե՞րբ կարող եք ձեռք բերել սեփականություն Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք։ Ձեռքբերման վաղեմության համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները՝ տիրապետել 10 տարի, բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ, որպես սեփական գույք։ Տիրապետման ժամկետի միացում Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը։ Սեփականության իրավունքի ճանաչումը Օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։ Օրենսգրքի 187-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից։ Ինքնակամ կառույցների բացառություն Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով։ Սակայն սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ։ Պաշտպանություն երրորդ անձանցից Օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք։ Ուշադրություն. տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 10 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել այն որպես սեփական գույք։ Սեփականության իրավունքը ճանաչվում է դատարանի կողմից և ծագում է պետական գրանցման պահից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։ Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Հղումը՝ Iravaban.net

Իրավունք

ՄԻՊ-ը Ադրբեջանում պահվող հայերի հարցը բարձրացրել է շուրջ 250 միջազգային հանդիպումներում

Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս տարիների ընթացքում բարձրացրել է շուրջ 250 բարձրաստիճան միջազգային քննարկումների և հանդիպումների ընթացքում: ՄԻՊ–ից NEWS.am–ին հայտնում են, որ Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այս համատեքստում առանքային հարցն այն է, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ դա է պահանջում միջազգային իրավական արժեհամակարգն ու խաղաղության գործընթացի տրամաբանությունը: Հղումը՝ News.am

Scroll to Top