Գովազդ A1

Մշակույթ

Մշակույթ

«Նստվածք». Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու ցուցահանդեսը

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է արվեստագետ, երգիծանկարիչ, 2D անիմացիայի ռեժիսոր, կինոռեժիսոր, «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունու առաջին ցուցահանդեսը, որը կրում է «Նստվածք» խորագիրը։ Նկարների կիզակետում ագռավն է, որը Քասունու համար խորհրդանշական է իր երկարակեցությամբ և հիշողությունով։ Արվեստագետը նշում է՝ աշխատանքներն արտացոլում են իր իսկ հուշերն ու փորձառությունները։ «Երկար տարիներ զբաղվելով երգիծանկարչությամբ, փառատոնային կազմակերպչական աշխատանքներով ու անիմացիայով՝ գեղանկարչությունը թողել էի հետին պլանում, սակայն հենց այդ «նստվածքն» էր, որ պետք է արտահայտվեր։ Կարող էի արտահայտվել նաև մարդկային դիմանկարներով, բայց ես որոշեցի հենց ագռավների միջոցով, քանի որ նրանք շատ երկար են ապրում և կրում են հիշողություն։ Նրանք բարձրությունից են տեսնում մարդկանց կյանքը, լուռ հետևում են ու հիշում։ Թե՛ դրական, թե՛ բացասական իրադարձությունները, որոնք կատարվում են մեզ հետ, թողնում են կուտակումներ, որոնց մեջ ծնվում է արվեստը»,-ասում է Քասունին։ Այս աշխատանքները ստեղծվել են 2019- 2026 թթ. ընթացքում: Ցուցահանդեսին իր մի քանի նկարով մասնակցում է նաեւ Քասունու որդին՝ Եռանդը։ Ցուցադրության համադրողը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային Բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանն է։ «Նստվածք» խորագրով ցուցահանդեսին ներկա էին հայտնի արվեստագետներ և մշակութային գործիչներ, նաև՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Խոսելով հեղինակի աշխատանքների մասին՝ նա նշում է․ «Քասունուն մենք ճանաչում էինք որպես փառատոնի լավ կազմակերպիչ, երգիծանկարիչ, բայց այսօր շատ հաճելի անակնկալ է, որ նա նաև գեղանկարչությամբ հանդես եկավ։ Քանի որ նրա մեջ կա ֆիլմ ստեղծելու և պատմություն պատմելու ջիղ, այս դեպքում ևս ցուցահանդեսը պատմություն է պատմում, ինչը կարևոր է։ Յուրաքանչյուր նկարում կրկնվող պատմություն կա, որը կապն է մեր քաղաքի հետ։ Ագռավներին դեր տալով եւ խիզախություն ունենալով նրանց ներկայացնել որպես գլխավոր հերոս՝ նա պատմել է մարդկանց մասին։ Շատ արդի հարցեր տեսա ես կտավներում, որոնք համահունչ են այսօրվա իրականության հետ»։ «Նստվածք» խորագրով ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 4-ը։ Հղումը՝  style.news.am

Հասարակություն, Մշակույթ, Նորություններ

Երևանում տեղի կունենա «Հայք-Իրան–Հազարամյա հարևանություն» համաժողովը

Ապրիլի 3-ին Երևանում տեղի կունենա «Հայք-Իրան – Հազարամյա հարևանություն» համաժողովը, որին կմասնակցի  նաև միջազգային լրագրող Աբբաս Ջուման։ Համաժողովում ներգրավված են Հայաստանի և Իրանի առաջատար փորձագետներ, ինչպիսիք են Ալեքսանդր Իսկանդարյանը, Սուրեն Պետրոսյանը, Մուստաֆա Տալեպբուրը, Փաշա Կազեմիդջատը, Քրիստինե Կոստիկյանը։ Փակման արարողությունը մշակութային է․ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահսում երեկոյան համերգային ծրագրով ելույթ կունենան երկու երկրները ներկայացնող հայկական «Կայթ» և իրանական «Sayeh» երաժշտական խմբերը։ Համաժողովը տեղի  կունենա BW Plus Congress Hotel-ում, ապրիլի 3-ին։ Համերգային երեկոն՝ 19:30 — 21:00՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում  Համաժողովին մասնակցությունն անվճար է և հաստատվում է միայն գրանցումից հետո։ Գրանցման հղում՝ https://hayk-iran.com/ Միջոցառումը նպատակ ունի վեր հանել մեր մշակութային և պատմական հարուստ ժառանգությունը և նպաստել երկու հնագույն քաղաքակրթությունների միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը։ Հարցերի դեպքում զանգահարեք՝  093 65 06 18

Մշակույթ

Ադրբեջանը յուրացնում է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ

Աստվածաշնչում հիշատակված համաշխարհային ջրհեղեղի հետ է կապվում Նախիջևան անունը, իսկ Նախիջևան քաղաքը համարվում է Նոյ նահապետի կողմից հիմնադրված հնագույն բնակավայրերից մեկը Հայաստանում։ Ըստ ավանդության՝ Նոյը, Աստծու կամքով փրկվելով ջրհեղեղից, Արարատ լեռան գագաթից իջել է մերձակա հարթավայրը և իջևանել մի վայրում, որը հետագայում կոչվել է Նախիջևան («նախնական իջևան»)։ Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, որ Նոյ նահապետը թաղվել է հենց Նախիջևանում: 13-րդ դարի հայ պատմիչ Վարդան Արևելցին գրում է․ «Ի Նախչուան է տապանն մեծ նահապետին Նոյի և Նեմզարայ ի Մարանդ»: Համարվում է, որ Նոյի դամբարանը գտնվել է Նախիջևան քաղաքի հարավային կողմում՝ հայկական հին գերեզմանատանը։ Դամբարան-մատուռը երկհարկանի է եղել։ Նախիջևանի քաղաքային ուսումնարանի տեսուչ, մանկավարժ Կ. Ա. Նիկիտինը նշել է, որ Նոյի գերեզմանը գտնվել է քաղաքի հարավային կողմում՝ հին բերդի մնացորդների մոտ։ Իր ներկայիս տեսքով այն վերականգնվել է պարսիկների կողմից։ Այստեղ նախկինում եղել է եկեղեցի, որը հետագայում ավերվել է, սակայն մատուռը նախկին եկեղեցու մնացորդն է։ Մատուռի ներքին տեսքը նման է քարայրի՝ մեջտեղում կամարներով հենված քարե սյունով: Ըստ հայկական լեգենդի՝ այստեղ են գտնվում Նոյ նահապետի մասունքները: Ռուս հայտնի գրող և ճանապարհորդ Եվգենի Մարկովը նշում է, որ Նախիջևանում է գտնվում այն վայրը, որտեղ, ըստ հայերի հավատալիքների, տապանից դուրս գալուց հետո հաստատվել, ապա մահացել է Նոյ նահապետը, իսկ «Նախիջևան» բառը հին հայերենում բառացիորեն նշանակել է «առաջին բնակավայր»: Նոյի գերեզմանի մասին է հիշատակում նաև պատմաբան և ազգագրագետ Իվան Շոպենը: 1852 թվականին հրատարակված «Կովկասյան օրացույցում» նշվում է, որ հայկական շատ հուշարձաններ մուսուլմանների կողմից ենթարկվել են ավերածությունների։ Կանգուն է մնացել Նոյի դամբարանը, որը համարվում է հայկական քրիստոնեական կառույց։ 1930-ական թվականներին Նախիջևանի ադրբեջանական իշխանություններն ավերել են մատուռը։ Սակայն 2006 թվականին ադրբեջանցիները «վերհիշել» են այդ հուշարձանի մասին՝ վերականգնելով այն մուսուլմանական հուշարձաններին հատուկ ոճով: Հարկ է նշել, որ Նոյի դամբարանը Նախիջևանում եղած հայկական մյուս կոթողների նման հիմնահատակ չի ավերվել միայն այն պատճառով, որ մուսուլմանները Նոյ նահապետին ևս համարել են մեծ մարգարե: Հավելենք, որ ներկայումս ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ապացուցել, որ դամբարանը մուսուլմանական մշակութային կոթող է՝ ժխտելով ակնհայտ փաստերն ու վկայություններն այն մասին, որ այն եղել է հայկական սրբատեղի, ուխտատեղի ու դարեր շարունակ կանգուն է մնացել հենց հայերի շնորհիվ:

Մշակույթ

11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը

Մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը, որին մասնակցում է 11 թատրոն հանրապետության տարբեր քաղաքներից՝ 11 ներկայացմամբ։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել Աշտարակի դրամատիկական թատրոնի «Կաթիլը» ներկայացմամբ, որին հաջորդել է Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիսը» ներկայացումը։ Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մինչև նոյեմբերի 8-ը ներկայացումներով հանդես կգան Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական թատրոնը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնը, Երևանի պետական կամերային թատրոնը։ Փառատոնը կփակվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Իշամեղու» ներկայացմամբ։ Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնի շրջանակում մինչև նոյեմբերի 8-ը ցուցադրվում են նաև Հայաստանի նկարիչների միության անդամներ քանդակագործ Վանուշ Սաֆարյանի և գեղանկարիչ Վարուժան Եփրեմյանի աշխատանքները։

Մշակույթ

Նյու Յորքում հայտնաբերվել է Շոպենի՝ նախկինում անհայտ վալսը՝ գրված 200 տարի առաջ

Նյու Յորքում Մորգանի անվան գիտական և հետազոտական գրադարան-թանգարանում հայտնաբերվել է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի՝ նախկինում անհայտ երաժշտական ստեղծագործությունը. վալսը գրվել է գրեթե 200 տարի առաջ: Ֆրեդերիկ Շոպենի ստորագրությամբ պարտիտուրը հայտնաբերել է հաստատության համակարգողներից մեկը, հայտնում է New York Times-ը։ Ռոբինսոն ՄաքՔելլանը թերթին պատմել է, որ սկզբում վստահ չէր, թե արդյոք ստեղծագործությունն իսկապես Շոպենինն է: Նա խորհրդակցել է Փենսիլվանիայի համալսարանից Շոպենի ստեղծագործությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականի հետ: Ի վերջո, թանաքն ու թղթի տարիքը ուսումնասիրելուց հետո հաստատվել է, որ պարտիտուրն իսկապես Շոպենի ստեղծագործությունն է։ Թանգարանը կարծում է, որ այն գրվել է 1830-1835 թվականներին է, երբ Շոպենը 20-25 տարեկան էր: Շոպենը ծնվել է Լեհաստանում 1810 թվականին և մահացել 39 տարեկանում Ֆրանսիայում։

Մշակույթ

Ադրբեջանի նպատակն է Արցախի ողջ տարածքը «մաքրել» հայկական մշակույթից, հերթական դեպքն է գրանցվել․ «Գեղարդ» հիմնադրամ

Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները։  Այս մասին ահազանգում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Վանդալիզմի հերթական զոհ է դարձել Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի՝ Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Հատկանշական է, որ ադրբեջանցիները հատկապես թիրախավորում են հայ ժողովրդի հաղթանակները խորհրդանշող հուշարձաններն ու ազգային հերոսների արձանները։ Ադրբեջանի հիմնական նպատակն է Արցախի ողջ տարածքը «մաքրել» հայկական ինքնությունից և մշակույթից»,- ասված է հրապարակման մեջ։

Մշակույթ

Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին. «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հոդվածով անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության ճակատագրի համար միջազգային կառույցների անհանգստությանը՝ նշելով, որ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկրետ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը։ Հոդվածում նշված է. «2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում շարունակում է թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են հատկապես Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները (Շուշիի, Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և այլն), հերոսների արձաններն ու կիսանդրիները (Ալեք Մանուկյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Բաղրամյանի, Անատոլի Զինևիչի, Վազգեն Սարգսյանի, Թաթուլ Կրպեյանի, Հովհաննես Իսակովի և այլոց), ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները, հայկական պատմական գերեզմանոցները (Շուշիի պատմական գերեզմանոցը, Մեծ Թաղերի, Ղազանչեցոց կոչվող հին գերեզմանոցը, Սղնախի պատմական գերեզմանոցը և այլն), եկեղեցիններն ու վանական համալիրները (Բերձորի Սուրբ Համբարձման, Շուշիի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլն), անկախության շրջանում ստեղծված մշակութային կոթողները։ Ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է աղվանացնել, ուղղափառ ներկայացնել (Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Դադիվանք և այլն) մշակութային կոթողները՝ զրկելով հայկական ինքնությունից։ Միջազգային արձագանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև արցախահայերի բռնի տեղահանություն Ընթացող մշակութային ցեղասպանությունը որոշակի արձագանքների է արժանացել միջազգային մշակութապահպան կառույցների կողմից։ Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պահպանության, մշակութային ցեղասպանության կանխարգելման նպատակով Հայաստանի և Արցախի Արտաքին գործերի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները (Արցախի Հանրապետության նախարարությունները գործել են մինչև 2024 թվականի հունվար, կազմալուծվել են Արցախի ամբողջական հայաթափումից հետո) պարբերաբար դիմել են միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ,  Թանգարանների միջազգային խորհուրդ (ICOM), Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ (WMF), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ICOMOS), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն (BSI), Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ICCROM), Հնագետների եվրոպական ասոցիացիա (EAA), Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանս (ALIPH), որպեսզի վերջիններս արձագանքեն, միջամտեն, կանխեն արցախյան մշակութային ժառանգության ոչնչացումը, անարգումն ու աղավաղումը։ Պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանության կոչեր են հնչել միջազգային հայտնի մասնագետների, գիտնականների և հետազոտողների կողմից։ Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում՝ Ն. Չոմսկին, Գ. Չ. Սպիվակը, Թ. Ալին, Վ. Բերբերյանը, Ջ. Հերմանը, Ք. Վեսթը, Ս. Բենհաբիբը և այլք, բաց նամակ են հրապարակել՝ կոչ անելով վերջ տալ մարդկային և մշակութային ջարդին, նշելով արցախյան մշակութային ժառանգության վտանգվածության խնդիրն ու միջազգային հանրության կողմից այդ ժառանգության պահպանության հրամայականը։ Այնուամենայնիվ՝ գիտական հանրույթի կարծիքն ու վերաբերմունքը կարևորելով՝ ընդգծենք, որ միջազգային կառույցներն ունեն ավելի լուրջ մեխանիզմներ և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա ազդեցության լծակներ։ Այսպես՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնիկական աջակցություն և առաքելություն ուղարկել Արցախ՝ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը ծանոթանալու և պահպանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով, սակայն մինչ օրս Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել: 2023 թվականին Օդրի Ազուլեն կրկին վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտը՝ մուտք գործել Արցախ և մոնիթորինգ իրականացնել մշակութային ժառանգության իրավիճակի առնչությամբ․ Ադրբեջանը մերժել է հայտը՝ կտրականապես արգելելով միջազգային կառույցներին «խառնվել իր երկրի ներքին գործերին»։ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ) մի քանի հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արցախում հայկական ժառանգության, մասնավորապես՝ միջնադարյան հայկական եկեղեցիների, վանքերի և խաչքարերի ոչնչացումը։ Նման գործողությունները միջազգային մշակութային ժառանգության կոնվենցիաների խախտում են (ներառյալ՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին): Անպատասխան է մնացել նաև մշակութային ցեղասպանությունն Արցախում դադարեցնելու վերաբերյալ ԻԿՈՄՈՍ-ի, ԻԿՈՄ-ի և ԻՍԱ-ի համատեղ հայտարարությունը։ Արցախի մշակութային ժառանգության պահպանման կոչերին է միացել նաև Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA)։ Վերջինս նշել է, որ հնագիտական վայրերի և մշակութային հուշարձանների ոչնչացումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է, և ընդգծել է անկախ փորձագետների կողմից անաչառ գնահատականների կարևորությունը: Ցեղասպանագետներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ «Genocide Watch»-ը, դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարելով, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տարածաշրջանից հայկական պատմական ներկայությունը ջնջելու օրինաչափության մի մասն է։ Ըստ նրանց՝ եկեղեցիների և հայկական ինքնության այլ խորհրդանիշների միտումնավոր թիրախավորումը մշակութային ցեղասպանություն է, քանի որ այն ձգտում է ոչնչացնել մի խմբի մշակութային ժառանգությունը՝ հանդիսանալով ֆիզիկական ցեղասպանության նախադրյալ: Արցախում մշակութային ոչնչացման մասին ահազանգել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS)։ Վերջինս զուգահեռներ է անցկացրել մշակութային ցեղասպանության այլ դեպքերի հետ, ինչպիսիք են՝ նախկին Հարավսլավիայում մշակութային վայրերի ոչնչացումը, Սիրիայում ԴԱԻՇ-ի օկուպացիայի ժամանակ իրականացվող գործողությունները: «Human Rights Watch»-ը (HRW) զեկուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մշակութային վայրերի ոչնչացման մասին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ պետական մակարդակով մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և վանդալիզմի ենթարկելու համար: Զեկույցում ընդգծվում է, որ միջազգային իրավունքը (ներառյալ՝ Ժնևի կոնվենցիաները) արգելում է զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը։ HRW-ն միջազգային կառույցներին կոչ է արել կանխել հետագա վնասը ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, շարունակական կոչերով և բանաձևեր ընդունելով, փորձում են զսպել հայկական ժառանգության ոչնչացման և յուրացման ադրբեջանական նկրտումները։ Սակայն փաստ է, որ այդ կոչերը բավական չեն․ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկրետ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը»։

Scroll to Top