Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Ինքնաբացարկների շքերթը շարունակվում է

ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել` ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում կուսակցության ընտրական ցուցակի 5-րդ համար Միքայել Նահապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս պրոցեսում մարդկանց պատգամավոր դառնալը չէ, որ հետաքրքրում է։ «Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ կոնկրետ խնդիր ենք լուծում․ մեր ցուցակի անդամները մեր առաջ քաշած ռեֆորմները կյանքի կոչելու ճանապարհին կոնկրետ ֆունկցիա ունեն՝ ԱԺ անցնելու դեպքում քվեարկեն մեր առաջ քաշած 3 օրենքների փոփոխությանը՝ ապահովելով արտահերթ ընտրությունների նշանակումը»։ Նշենք, որ քաղաքական ուժերը ԿԸՀ նախընտրական ցուցակ ներկայացնելիս պետք է ցուցակում ներառված ունենան նվազագույնը 80 թեկնածու, իսկ առավելագույնը՝ 300։ Սակայն քաղաքական ուժի գրանցումից հետո այլեւս էական չէ, թե քանի թեկնածու ինքնաբացարկ կհայտնի։ Այսինքն՝ ինքնաբացարկները հիմք չեն կարող լինել, որ քաղաքական ուժի գրանցումը անվավեր ճանաչվի։ Հղումը՝ Hraparak.am

Տնտեսություն

Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 105,57 դոլարի

Նավթի գնանշումները չափավոր կերպով վերականգնվում են հինգշաբթի առավոտյան՝ չորեքշաբթի գրանցված կտրուկ անկումից հետո։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.55 դոլարով (0.52%)՝ մեկ բարելի համար հասնելով 105.57 դոլարի։ Չորեքշաբթի օրը Brent-ն էժանացել է 6.26 դոլարով (5.63%)՝ մեկ բարելի համար հասնելով 105.02 դոլարի։ Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.63 դոլարով (0.64%)՝ մեկ բարելի համար հասնելով 98.89 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը նվազել է 5.89%-ով (5.66%)՝ մեկ բարելի համար հասնելով 98.26 դոլարի։ Հղումը՝ News.am

Սպորտ

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը

Tuttosport-ը Transfermarkt-ի հետ համատեղ կազմել է այս պահին լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը՝ առաջին տեղում նշելով Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալին։ Լամին Յամալ («Բարսելոնա») Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ) Պաու Կուբարսի («Բարսելոնա») Յան Դիոմանդե («ՌԲ Լայպցիգ») Էստեւաո («Չելսի») Այուբ Բուադի («Լիլ») Լենարտ Կառլ («Բավարիա») Վիկտոր Ֆրոհոլդտ («Պորտու») Ջորել Հատո («Չելսի») Լուկա Վուշկովիչ («Համբուրգ») Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Գագիկ Ծառուկյանը արձագանքում է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։ Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Նիկոլ Փաշինյանը կրկին «կոռեկտության սահմաններն անցնելով» վիրավորանքներ ու սադրիչ արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին, Ծառուկյանը պատասխանել է․ «Մեկնաբանությունս նա է, որ արդեն եթե այդ ձևի է պահում, ուրեմն նայում եմ, որ գործերը լավ չի։ Հարցումներ են անում, տեսնում են, որ այն առաջվանը չկա։ Այս ութ տարվա ընթացքում, բացի սուտ ասելուց, խաբելուց, բոլորն էլ հիշում են իր խոստումները, իր ասածները, որ ինքը չի եկել Ղարաբաղը հանձնելու, եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, արագաչափերը փակելու։ Ասում էր՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, բայց այսօր ժողովրդին դարձրել են միայն տուգանքի մատերիալ»։ Ծառուկյանի խոսքով՝ պատերազմը նույնպես եղել է իշխանությունների քաղաքականության հետևանք։ «Ալիևին վիրավորելով պատերազմ հրահրեց, որի հետևանքով եղավ պարտություն, խայտառակություն, զոհեր, հաշմանդամներ, հողերի հանձնում։ Իսկ դրանից հետո սկսեց քծնվել Ալիևին, ներողություններ խնդրել, շնորհակալություններ հայտնել։ Դա մեր ազգին պատիվ չի բերում», — ասել է նա։ ԲՀԿ առաջնորդը նշել է, որ վարչապետի ներկայիս պահվածքը, իր գնահատմամբ, կապված է քաղաքական ապագայի վերաբերյալ մտահոգությունների հետ։ «Բոլորը հասկանում են, որ առաջվանը չի։ Գիտի, որ վերջը եկել է։ Էլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի, ոչ էլ ծրագիր ունի։ Կարամ գրեմ ու ստորագրեմ», — ընդգծել է Ծառուկյանը։ Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին՝ կապված իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի և դստեր՝ Ռոզա Ծառուկյանի անշարժ գույքի հետ, Ծառուկյանը նշել է, որ այդ թեման արհեստականորեն է շահարկվում։ «Գուլոյան Վլադը՝ Կարոյի հայրը, իմ ընկերն է, գործարար մարդ է, ամբողջ Հայաստանը ճանաչում է։ Մեծ գումարներ աշխատող, ստեղծող մարդ է։ Հիմա այդ “ռեկլամ” անելը, որ տունը պետականացրել են, ժողովուրդը դա չի ընդունում։ Գուլոյանի տղան միլիոնատեր մարդ է, ամբողջ կյանքում աշխատել է, բիզնես ստեղծել։ Իմ աղջիկը տուն պիտի չունենա՞», — ասել է նա։ Ծառուկյանի խոսքով՝ իշխանությունները տարիներ անց են հիշել այդ թեմաների մասին, ինչը, ըստ նրա, քաղաքական նպատակներ ունի։ «25 տարի անցել է, նոր են հիշել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բոլոր հարկերը վճարվել են, ամեն ինչ օրինական է։ Սա նշան է, որ արդեն իրենք զգում են՝ վերջը եկել է», — նշել է ԲՀԿ առաջնորդը։ Նա նաև հայտարարել է, որ երկրի հիմնական սպառնալիքներն այսօր «Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն են»։ «Այս վիճակով ժողովուրդ չես կարող պահել։ Ժողովուրդը հիմա իրականություն է ուզում՝ խաղաղություն, ներդրումներ, բարեկեցիկ կյանք։ Սա է հիմնական խնդիրը։ Ինչ սկիզբ ունի, նա էլ վերջ ունի», — եզրափակել է Ծառուկյանը։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Տեսանյութ. Շուտով Ծառուկյանի Արարատի ցեմենտի գործարարը պետականացվելու է. Փաշինյան

Ինչպես 2021 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում, Արարատի ցեմենտի գործարանը ևս կազգայնացվի։ Այս մասին մայիսի 20-ին հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լոռու մարզի Շնող գյուղում իրականացնելով երկրում ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչությունը։ «Շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ Գուլոյան–Ծառուկյան (Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան –խմբ.) այդ մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման», — ասել է Փաշինյանը։ Նա, մասնավորապես, զուգահեռներ է անցկացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ։ Վարչապետի խոսքով՝ Արարատի ցեմենտի գործարանը շուտով կազգայնացվի։ «Ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով։ Դուք այս պահից սկսած այլևս կարիք չունեք կատարելու Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ, քանի որ նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է»,- վստահեցրել է նա՝ կոչ անելով աշխատակիցներին այս պահից սկսած հետևել Կառավարության հրահանգներին։ Հղումը՝ News.am

Իրավունք

Կիևը միացավ Բաքվի հիստերիային․ պատճառը Ռուբեն Վարդանյանին մրցանակի առաջադրելն է

Ավելի վաղ գրել ենք, որ աշխարհի տարբեր երկրներից մի խումբ իրավապաշտպաններ Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի: Առաջադրող խմբի հայտարարությունում նշվում է, որ այդ առաջադրման հիմքում Ռուբեն Վարդանյանի «նշանակալի ներդրումն է մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)»: Եթե այս լուրը սպասելի վայնասուն է բարձրացրել Բաքվի բռնապետական, մարդատյաց, հայատյաց և ցեղասպանական ռեժիմի շրջանում, ապա պակաս զառանցագին արձագանքի չի առաջացրել նաև Ուկրաինայում։ Ի թիվս այլ գործիչների, իր հակառուսական ու ռասիստական հայացքները հերթական անգամ արտահայտել է ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնը, ով իր հիվանդ երևակայությամբ Ռուբեն Վարդանյանին՝ վերոնշյալ մրցանակին ներկայացնելը կապել է Ռուսաստանի հետ։ «Ի՞նչ Հավելի մրցանակի մասին ենք խոսում ընդհանրապես Վարդանյանի համար։ Անմիջապես տվեք Պուտինին մրցանակը, ոչ թե Վարդանյանին, տվեք այն Պուտինին», — ցինիկ տոնով նշել է նա։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Տնտեսություն

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն. Դատախազություն

2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 119 շենք-շինություն, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 2026 թվականի մարտին, դատախազի միջնորդագրերի հիման վրա, ապամոնտաժվել են ևս 11 հողամասերում գտնվող 16 շինություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը: Հիշեցնենք նաև, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը: Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել: Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը): Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե), ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե), «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե): Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ: Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգությանը, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը: Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝ դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ, դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ, դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը: Հզումը՝ News.am

Քաղաքականություն

Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են ագրեսիվ ձեւով թիրախավորել բռնի տեղահանված, տնից ու հայրենիքից զրկված արցախցիներին, նրանց նկատմամբ ատելության խոսք կիրառել եւ նրանց մեղադրել իրենց հայրենիքի կորստի համար: Համացանցում ինչ-որ անհայտ տեսանյութ է հրապարակվել, որում դիմակավորված անձինք իբրեւ թե Արցախի բարբառով Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում։ Այդ տեսանյութը ոչ մի լրատվամիջոց չի տարածել, բացի ՔՊ-ին առնչվող լրատվամիջոցներից ու ՔՊ անդամներից: Թե որքանով է այդ տեսանյութն իրական, ով է այն նկարահանել, ինչ նպատակով, արցախցինե՞րն են խոսում, թե՞ հատուկ արցախցիների բարբառով են խոսում, անհայտ է: ՔՊ-ն ինֆորմացիոն առիթ է ստացել` ողջ թիմով արցախցիների դեմ նորից գրոհ սկսելու համար: Քանի օր է՝ ՔՊ-ական բետեեռները ֆեյսբուքյան լայվերի ու գրառումների միջոցով արցախցիներին են թիրախավորում: Սա էլ, կարծես, քիչ էր, Նիկոլ Փաշինյանը Երեւանի փողոցներում արցախցիների հետ է ընդհարվում: Իսկ արցախցի Արտուր Օսիպյանը, որը նախկինում ջերմեռանդ նիկոլական էր եւ ակցիաներ էր կազմակերպում Արցախի նախագահ Շահրամանյանի դեմ, վերջին հայհոյանքներն էր տեղում Ռուբեն Վարդանյանի հասցեին, հայտնվեց անհավասարակշիռ վարչապետի թիրախում, ապա ձերբակալվեց: Նիկոլ Փաշինյանն այնքան հունից դուրս եկավ, որ սկսեց ափսոսանք հայտնել, թե ինչու Օսիպյանը չի զոհվել։ «Ինչո՞ւ չես զոհվել, բա գնայիր զոհվեիր, խի՞ ես կենդանի»,- բղավում էր նա՝ մոռանալով, որ իր թիմում հիմա «չզոհված» արցախցիներ են աշխատում, օրինակ` ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ ԳՇ պետը եւ այլք: Ինչո՞ւ է ռեժիմը կրկին թիրախավորել արցախցիներին: Զրուցել ենք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ: — Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ասում են, որ արցախցիներն ահաբեկիչներ են` փորձել են ահաբեկչություն իրականացնել Փաշինյանի դեմ: Հավատո՞ւմ եք այդ մեղադրանքներին: — Ազգի պառակտման նոր ձեւ է սա: Պետք է պարզել, թե ով կամ ովքեր են այդ ամենի կազմակերպման ետեւում կանգնած, թեպետ ես մոտավորապես գլխի եմ ընկնում, թե ում ձեռագիրն է: Մեր հայ ազգն այնքան էլ մեծ ազգ չէ, եւ չի կարելի նման ձեւով ազգը հերթական անգամ պառակտել: Ընտրություններից հետո էլ կյանք կա, չի կարելի: Լավ կլինի, որ իրար երես նայելու տեղ թողնեն: Մանավանդ որ արցախցիների վիճակը վատ է, տուն-տեղ ենք կորցրել, ամեն ինչ թողել ենք այնտեղ, հիմա հերթական լարվածությունն են փորձում առաջացնել: Ինձ երբեմն թվում է, թե այս ամենն Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում եւ իրականացվում: — Հատկապես իշխանությունն է այդ ձայնագրությունները տարածում եւ արցախցիների դեմ ատելություն սերմանում: — Դե, իրենց ձեռնտու է լարվածություն ստեղծելը: Սրանք կեղտոտ խաղեր են, որոնց չի կարելի տուրք տալ: Այն մեր ազգին վնասում է: Վաղը կվերանա այս մթությունը, նորից լույս կբացվի, եւ ես դեմ եմ, որ այսպես ազգին պառակտում են: — Նիկոլ Փաշինյանը 5 հազար զոհ տալուց հետո ափսոսում է, որ բոլոր արցախցի տղամարդիկ չեն զոհվել` դեռ ապրողներ կան: Նա Արտուր Օսիպյանին ասում էր` ինչո՞ւ չես զոհվել: — Ես այդ տղային ճանաչում եմ, նա միշտ ընդդիմություն է եղել: Ես նրա խոսքում ոչ մի ավելորդ բան չտեսա: Ուղղակի պատմում էր, թե ինչեր են տեղի ունեցել Արցախում, բայց վերջում ինչ ասես՝ ասաց այդ տղային, անեծքներ տվեց, չի կարելի…. չի կարելի նման խոսքեր ասել, կռվի ժամանակ պետք է հաշտության տեղ թողնել, չի կարելի կամուրջներն այրել անվերադարձ: Ճակատագիր է, մահացողները մահացան, ապրողներն էլ ապրում են: Ո՞վ էր ուզում, որ իր հարազատը զոհվի: Օրինակ` իմ եղբայրը զոհվեց, ո՞վ կուզենար, որ նա զոհվեր: Կռիվ էր, մի մասը զոհվեց, մի մասը` բախտի բերմամբ, թե պատահմամբ, ողջ մնաց, ես էլ ողջ եմ մնացել, ու ի՞նչ: Ո՛չ փախել ենք, ո՛չ վախեցել ենք, միշտ էլ թուրքի առաջ կանգնել ենք ու պատրաստ ենք եղել կռվելու: Հիմա ի՞նչ անենք: Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել: Մի քանի անգամ վիրավորվել եմ, բայց չեմ մահացել: Դե հիմա էդպես է ստացվել, ես ի՞նչ անեմ, իմ ճակատագիրն էլ այդպես էր: Տղայիս մոտ էլ լիքը սնարյադներ են պայթել, կողքի տղաները զոհվել են, ինքը` չէ: Ամեն մեկի ճակատին մի բան է գրված եղել: Քոռ գյուլլեն որ գալիս է, ոչ մեկի անեծքին ուշադրություն չի դարձնում: Անեծքը սատանայական բան է, մարդու մահը ցանկանալը` եւս: Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Նորմալ մարդիկ կմերժեին, կվռնդեին այն պաշտոնյային, ով կհամարձակվեր որեւէ մեկի վրա բղավել` «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում, ինչո՞ւ ես կենդանի մնացել»

Պարտադիր չէ, որ անձամբ ձեզ «համբալ» անվանեն, որպեսզի ընդվզեք․ նորմալ մարդիկ ընդվզում են նաեւ այն ժամանակ, երբ ուրիշներին են իրենց ներկայությամբ «համբալ» անվանում: Մանավանդ՝ եթե ասողը երկրի թիվ 1 պաշտոնյան է: Պարտադիր չէ, որ ձեզ «ստահակ» անվանեն, ասեն` «կզըցնելու եմ», «սատկացնելու եմ», չգիտեմ ինչը չգիտեմ որտեղ եմ մտցնելու: Բարեկիրթ մարդիկ ոչ միայն իրենք նման լեքսիկոն չեն կիրառում, այլեւ թույլ չեն տալիս, որ իրենց ներկայությամբ մեկ ուրիշը կիրառի: Նորմալ քաղաքացիները կվրդովվեին, եթե իրենց երկրի նախկին պաշտոնյաների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեին, անկախ նրանից՝ այդ պաշտոնյաներին սիրում են, թե՝ մերժում: Կիրթ մարդիկ նաեւ թույլ չէին տա, որ իշխանություններին քննադատող մարդկանց բերանը ծեփեին, բանտ ուղարկեին` վարչապետի պաշտոնը զբաղեցնողին քննադատելու համար: Գրագետ, լավ քաղաքացիներն ամեն կերպ կպայքարեին այն պաշտոնյաների ու այն իշխանության դեմ, որն իր հայրենակիցներին, անկախ նրանից՝ արցախցի են, ռուսաստանցի, սիրիացի, թե ֆրանսիացի, անպատվում է, «փախած» է անվանում: Նորմալ մարդիկ կմերժեին, կվռնդեին այն պաշտոնյային, ով կհամարձակվեր որեւէ մեկի վրա բղավել` «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում, ինչո՞ւ ես կենդանի մնացել»: Նորմալ երկրներում, իհարկե, նման պաշտոնյաներ չէին լինի, որովհետեւ հասարակությունը թույլ չէր տա նման գռեհիկ, չար, հոգեպես անհավասարակշիռ անձանց՝ հասնել այդ կարգավիճակին: Իսկ եթե հանկարծ նմաններն ինչ-որ կերպ սպրդեին ու հասնեին հանրային միջոցներից սնվող որեւէ պաշտոնի, նման մի դրսեւորումը բավական կլիներ, որ ողջ հասարակությունը դուրս գար փողոց ու սուլոցներով դրանց նմաններին ճանապարհեր տուն: Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top