Գովազդ A1

Author name: Sose 2

Իրավունք

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակի՝ 28 կգ հաշիշի տարանցումը ՀՀ տարածքով

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը ՀՀ պետական սահամանով թմրամիջոցների մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի տարածքը, որպես թմրամիջոցների տարանցիկ երթուղի օգտագործող հանցավոր խմբավորումների բացահայտման ուղղությամբ։ Օրերս «Ագարակ» սահմանային անցման կետ է ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջ. Շ.-Ի կողմից շահագործվող  բեռնատար տրանսպորտային միջոցը: Ըստ ներկայացված բեռնափոխադրման փաստաթղթերի՝ մեքենան պետք է տեղափոխեր շինարարական սալիկներ, իսկ բեռի վերջնական նշանակման վայրը եղել է Վրաստանը։ Հայաստանի Հանրապետությունը տվյալ երթուղում պետք է օգտագործվեր որպես տարանցիկ գոտի։ Մաքսային հսկողության շրջանակում, բեռնատարը ենթարկվել է ռենտգեն զննության։ Նախնական ստուգման ընթացքում կասկածելի պատկերներ կամ թաքցված բեռի առկայություն չի արձանագրվել։ Մաքսային հսկողությունը շարունակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շան միջոցով: Բեռնատարի կցորդի աջ և ձախ հատվածներում շունը ցուցաբերել է թմրադեղեր հայտնաբերելու վարքագիծ: Որոշում է կայացվել տրանսպորտային միջոցը առավել մանրամասն զննության նպատակով տեղափոխել հարավային տերմինալ մաքսային պահեստ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները, կիրառելով հատուկ տեխնիկական միջոցներ, ապամոնտաժել են  կցորդի մետաղական հատվածները։ Արդյունքում հայտնաբերվել են հատուկ պատրաստված և զոդված գաղտնարաններ, որոնցում թաքցված է եղել շուրջ 28 կիլոգրամ ընդհանուր քաշով  111 հատ առանձին փաթեթներով «հաշիշ» տեսակի թմրամիջոց։ Թմրամիջոցների մաքսանենգություն իրականացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հնարավոր հանցավոր կապերն ու կազմակերպիչներին պարզելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դրսևորումներից՝ պահպանելով օրենքի պահանջները և նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՊԵԿ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Հղումը՝ Aravot.am

Հասարակություն

Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գագիկ Ստեփանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մամիկոնյանց փողոց) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ, մասնավորապես՝ — արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, — արտադրական շինությունների առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, — սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում: ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: Հղումը՝ News.am

Հասարակություն, Նորություններ

Նոր «առնետավազք» մարդկության համար, թե՞ հերթական վարակի դեպք․ ինչ է հայտնի հանտավիրուսային բռնկման մասին ու ինչ է պետք անել վարակից խուսափելու համար

Զբոսանավերում վարակիչ հիվանդությունների բռնկումները նորություն չեն։ Սակայն վերջերս հոլանդական առագաստանավում արձանագրված հանտավիրուսի բռնկումը մասնագետների կողմից «անսպասելի է» որակվել՝ լուրջ անհանգստություն առաջացնելով, քանի որ հանտավիրուսի առաջին բռնկման դեպքն է նավում։ Նավերում սովորաբար ավելի տարածված են աղեստամոքսային վարակները, ինչպիսին նորովիրուսն ու աղիքային ցուպիկն են, թեև շնչառական վարակներն էլ են երբեմն բռնկումներ առաջացնում, ինչպես Քովիդ 19-ը՝ պանդեմիայի հենց առաջին օրերին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մայիսի 6-ի հայտարարության համաձայն՝ բռնկումն առաջացրած վիրուսը պատկանում է անդյան տիպին։ Ըստ ԱՀԿ-ի՝ մայիսի 13-ի դրությամբ գրանցվել է հիվանդության 11 դեպք, որոնցից երեքը մահվամբ են ավարտվել։ Ի՞նչ է հանտավիրուսը և ինչպե՞ս է այն փոխանցվում մարդուն Հանտավիրուսը պատկանում է կրծողների միջոցով փոխանցվող հանտավիրուսների (Hantaviridae) ընտանիքին։ Կենդանիները կարող են կրել վիրուսը՝ առանց հիվանդանալու և այն արտազատել մեզի, արտաթորանքի ու թքի միջոցով։ Այդ արտազատումներից վիրուսը կարող է օդում տարածվել աերոզոլային մասնիկների ձևով և ներշնչվել մարդու կողմից։ Վարակումը հնարավոր է նաև աղտոտված սնունդ օգտագործելու կամ վարակված մակերեսին դիպչելուց հետո բերանին ձեռք տալու դեպքում։ Բնության մեջ գոյություն ունի հանտավիրուսի ավելի քան 40 տեսակ, որոնք պայմանականորեն երկու խմբի են բաժանվում՝ «Հին և Նոր աշխարհի» հանտավիրուսներ։ «Հին աշխարհի» հանտավիրուսները տարածված են Եվրոպայում և Ասիայում և հիմնականում առաջացնում են արյան մակարդելիության ու երիկամների ֆունկցիայի խանգարումներ։ «Նոր աշխարհի» վիրուսներն առավել հաճախ հանդիպում են Ամերիկայում և հիմնականում առաջացնում են թոքերի այտուց՝ վիճակ, երբ հեղուկը կուտակվում է թոքերում։ Վարակման հետևանքները կարող են չափազանց ծանր լինել, հատկապես «Նոր աշխարհի» վիրուսի շտամներով վարակվելու դեպքում։ Ասիայում և Եվրոպայում վարակների 1-15 տոկոսն ավարտվում է մահվամբ, մինչդեռ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում հանտավիրուսային դեպքերի գրեթե կեսը մահացու ելք է ունենում։ Վարակի աշխարհագրական տարածվածությունն անհամաչափ է։ Հանտավիրուսով վարակման տարեկան գրանցվող դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Ասիային և Եվրոպային։ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում տարեկան արձանագրվում է ընդամենը 150-300 դեպք, հիմնականում՝ Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում և Բոլիվիայում։ ԱՄՆ-ում տարեկան հայտնաբերվում է 15-50 դեպք։ Համաճարակի պատճառ դարձած հանտավիրուսի կոնկրետ շտամը որոշում է ոչ միայն մահացության հավանականությունը, այլև այն, թե ինչպես է տարածվում վիրուսը և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն դրա տարածումը զսպելու համար։ Մարդկանց մոտ հանտավիրուսներով պայմանավորված հիվանդությունների երկու հիմնական խմբեր կան՝ Հանտավիրուսային հեմոռագիկ տենդը երիկամային համախտանիշովը  և Հանտավիրուսային կարդիոպուլմոնալ համախտանիշը (հանտավիրուսային թոքային համախտանիշ) ։ Կլինիկական դրսևորումներ Երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդի դեպքում սկզբնական ախտանշաններն ի հայտ են գալիս հանկարծակի և ներառում են՝ ուժեղ գլխացավ, մեջքի և որովայնի ցավեր, ջերմություն, դող, սրտխառնոց, տեսողության մթագնում։ Այլ ախտանշաններ կարող են լինել դեմքի կարմրությունը, աչքերի բորբոքումը, ցանը։ Հետագա փուլում կարող է դիտվել զարկերակային ճնշման նվազում և սուր երիկամային անբավարարություն։ Մահացության մակարդակը տատանվում է 1%-ից – 15% է։ Հանտավիրուսային թոքային համախտանիշի վաղ ախտանշանները ներառում են՝ հոգնածություն, ջերմություն, մկանային ցավեր, հատկապես ազդրերի, հետույքի, մեջքի և երբեմն ուսերի շրջանում։ Կարող են նաև դիտվել գլխացավ, գլխապտույտ, դող, սրտխառնոց, փսխում, փորլուծություն և որովայնային ցավեր։ Շնչառական ախտանշանները՝ հազ և շնչահեղձություն, կարող են ի հայտ գալ վարակվելուց 4–10 օր անց։ Հաղորդվում է, որ մահացությունը կարող է հասնել մինչև 40%-ի։ Առհասարակ հանտավիրուսային վարակի դեպքում ինկուբացիոն շրջանը կարող է տևել 1-8 շաբաթ։ Հանտավիրուսային վարակի հատուկ բուժում չկա, հիմնական մոտեցումը աջակցող բուժումն է։ Կարևոր է, որ հիվանդները հնարավորինս շուտ դիմեն բժշկական օգնության։ Կանխարգելում Վարակման կանխարգելման հիմնական ռազմավարությունը կրծողների դեմ պայքարն է։ Վարակի տարածումը կանխելու համար բնակչությանը խորհուրդ է տրվում՝ Պարբերաբար պահպանել ձեռքերի հիգիենան, հատկապես բերանին, քթին կամ աչքերին դիպչելուց առաջ։ Ձեռքերը պետք է լվանալ օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան շփելով։ Եթե լվացվելու հնարավորություն չկա, արդյունավետ այլընտրանք է 70–80% սպիրտ պարունակող ախտահանիչով ձեռքերի մշակումը։ Վերացնել կրծողների սննդի աղբյուրներն ու բների տեղերը բնակավայրերում։ Կենդանիների կերը ճիշտ պահել և զգուշորեն օգտագործել, որպեսզի այն չդառնա կրծողների սնունդ։ Աղբն ու սննդի մնացորդները նետել ամուր փակվող աղբամանների մեջ և ամեն օր դատարկել դրանք։ Շենքերում, բակերում ու տներում պահպանել մաքրություն հատկապես աղբամանների շրջանում, աստիճանահարթակներին։ Ինչպես է հանտավիրուսը փոխանցվում մարդկանց Հանտավիրուսը սովորաբար կենդանիներից մարդուն է փոխանցվում այն իրավիճակներում, երբ վարակված կրծողների մեզը, արտաթորանքը կամ բնի նյութերը հայտնվում են օդում, օրինակ՝ գոմը մաքրելու կամ տարածքներն ավլելու ժամանակ։ Սակայն մարդիկ կարող են վարակվել նաև այն դեպքում, երբ վարակված կրծողի թուքը, մեզը կամ արտաթորանքը հայտնվում է մարդու մաշկի վերքերի վրա կամ հասնում է աչքերին, քթին ու բերանին։ Հանտավիրուսների մեծ մասը մարդուց մարդուն չի փոխանցվում, սակայն անդյան վիրուսը բացառություն է։ «Նոր աշխարհի» այս վիրուսը Արգենտինայում, Չիլիում և Ուրուգվայում գրանցված դեպքերի մեծ մասի պատճառն է։ Թե ինչու է հենց այս շտամը փոխանցվում մարդուց մարդուն, մինչդեռ մյուսները՝ ոչ, դեռևս հայտնի չէ։ Հետազոտություններից մեկը ենթադրում է, որ անդյան վիրուսն ունի յուրահատուկ դիմադրողականություն մարդու թքի հակավիրուսային բաղադրիչների նկատմամբ, որոնք, կարծես, չեզոքացնում են մյուս շտամները՝ մինչև դրանց տարածվելը։ Սակայն ամեն դեպքում անդյան վիրուսն այնքան էլ հեշտ չի փոխանցվում, ինչպես, ասենք, կարմրուկը կամ Քովիդ 19-ը, որոնք կարող են փոխանցվել նույնիսկ այն բանից հետո, երբ վարակված մարդը լքում է սենյակը։ Անդյան վիրուսը տարածվում է միայն սերտ շփման պայմաններում։ Այս պահին մասնագետները աշխարհի բնակչության համար վիրուսի տարածման ռիսկը ցածր են համարում՝ նշելով, որ «այս վիրուսները բավական վատ են փոխանցվում, և թեև վտանգավոր են, լայն տարածում չեն ստացել»։ Աղբյուրներ՝ ԱՀԿ, National Geographic, https://www.chp.gov.hk/ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Ադրբեջանական զբոսաշրջային ռազմավարությունը ծառայում է մեկ նպատակի՝ ստեղծել տպավորություն, թե զարգացումը հնարավոր է դարձել միայն այն պահից, երբ հայերն այլևս այդ տարածքում չեն

Ադրբեջանի ընդունած «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր»-ի շուրջ Monumentwatch.org. Ըստ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության, պատրաստվել են Քարին Տակ և Տող գյուղերի, Հադրութի, Մատաղիսի և Շուշիի զբոսաշրջության զարգացման հայեցակարգերը։ Մշակվել է նաև «Հաղթանակի ճանապարհ» զբոսաշրջային երթուղին, որը սկիզբ է առնում Վարանդայի շրջանից: Այստեղ բացահայտ կերպով զբոսաշրջությունը միացվում է ռազմական հաղթանակի նարատիվին։ Ադրբեջանը 2021 թվականից ի վեր գովազդում է Արցախի զբոսաշրջության կարևորությունը, ինչի վկայություններ են 2022 թվականին Շուշիում անցկացված առաջին միջազգային խոհարարական փառատոնը, 2023 թվականին Աղդամում անցկացված «Ազատագրված տարածքներում զբոսաշրջության վերականգնումն ու զարգացումը» թեմայով առաջին գիտագործնական համաժողովը, «Թյուրքական աշխարհի մշակութային զբոսաշրջության հեռանկարները» թեմայով միջազգային գիտական ​​համաժողովը, Շուշիում կազմակերպված միջազգային գաստրոնոմիայի օրը, ինչպես նաև «Ադրբեջանի առողջապահական զբոսաշրջության համաժողով. զարգացման հնարավորություններ» թեմայով միջազգային համաժողովը։ Այս միջոցառումները ներկայացվում են որպես տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի խթանում։ Այժմ Ադրբեջանը նաև գովազդում է Արցախը միջազգային հարթակներում։ Սակայն իրականում դրանք միտում ունեն օկուպացված տարածքում միջազգային հանրության մոտ ստեղծել բնականոնության տպավորություն. Ամեն ինչ օրինական է և ամեն ինչ լավ է:  Զբոսաշրջության ադրբեջանական մոտեցման կարկառուն օրինակ է նաև Ստեփանակերտի «Հաղթանակի թանգարանի» նախագիծը։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին կուսակցական կոմիտեի շենքը (Արցախի Հանրապետության նախագահական նստավայր) այժմ վերափոխվում է «Հաղթանակի թանգարանի»։ Ըստ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության՝ Արցախի տարածքում ներկայում գործում է 35 հյուրանոց։ Սակայն այցելել Արցախ կարելի է միայն հատուկ թույլատրությամբ, ինչն իրականացվում է մի շարք պետական հարթակների միջոցով։ Մասնավոր մեքենաներով ուղևորությունների թույլտվության ժամկետը 5 օր է: Անձնական մեքենայով հնարավոր է մեկնել միայն մի քանի թույլատրված ուղղությամբ։ 2025 թվականի հուլիսի 23-ից սկսած՝ օտարերկրյա քաղաքացիներին նույնպես թույլ է տրվել համապատասխան թույլտվություններ ստանալով մեկնել Արցախ։ «Մեր ճանապարհը դեպի Ղարաբաղ» պետական հարթակում անցկացված վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին տարածաշրջան է այցելել ընդհանուր առմամբ 2 միլիոն 549 հազար 857 մարդ։ Այցելությունների թվով առաջին տեղում են Շուշին, Լաչինը և Ստեփանակերտը: 2021-ից ադրբեջանական կողմը Արցախի օկուպացված որոշ տարածքներ ներառում է Ադրբեջանի զբոսաշրջային ուղղությունների մեջ։ Կազմակերպվող այցելությունները կրում են քարոզչական բնույթ։ Ադրբեջանական զբոսաշրջային ռազմավարության հիմքում ընկած նարատիվը կառուցված է պարզ տրամաբանության վրա․ մինչ «ազատագրումը» տարածքը ներկայացվում է որպես դատարկ, հետամնաց կամ անկենսունակ, իսկ դրանից հետո՝ որպես զարգացող, բաց ներդրումների համար, միջազգային միջոցառումներ հյուրընկալող տարածաշրջան։ Այս հակադրությունը ծառայում է մեկ հիմնական նպատակին՝ ստեղծել այն տպավորությունը, թե իրական զարգացումը հնարավոր է դարձել միայն այն պահից, երբ հայերն այլևս այդ տարածքում չեն։ Հղումը՝ Aaravot.am

NA

CNN․ Փենտագոնը ծրագրեր է պատրաստել Իրանի դեմ հարվածների դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթավերջին իր ազգային անվտանգության թիմի հետ խորհրդակցություն է անցկացրել, հանդիպումը վերաբերել է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հնարավոր հետագա քայլերին, հայտնել է CNN հեռուստաընկերությունը։ Նրա տվյալներով՝ խորհրդակցությունը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի՝ Վիրջինիա նահանգում գտնվող գոլֆ-ակումբում։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆը և ամերիկյան վարչակազմի ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը, ինչպես ակնկալվում է, շաբաթվա ընթացքում կրկին կհանդիպի ազգային անվտանգության թիմի ներկայացուցիչների հետ։ CNN-ը նշում է, որ Փենտագոնը մի քանի ծրագիր է պատրաստել Իրանի դեմ հարվածներ հասցնելու վերաբերյալ, եթե Թրամփը որոշում ընդունի վերսկսել ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ։ Թիրախների ցանկում, գրում է CNN-ը, ներառված են իրանական էներգետիկայի և ենթակառուցվածքների օբյեկտներ։ Հղումը՝ News.am

Իրավունք

Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի

Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի: Առաջադրող խումբը հադես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև. Հայտարարություն՝ Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին Մենք՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանին առաջադրել ենք Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի: Այս առաջադրումը հիմք է ընդունում  Ռուբենի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ Մենք խորապես  հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին: Ռուբեն Վարդանյանի, նրա գործընկերներ Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի համահիմնադրած «Ավրորա» մրցանակը հնարավորություն  է տվել շարունակել «Ավրորա» -ի դափնեկիրներիգործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և բառացիորեն հազարավոր կյանքեր փրկել աշխարհի տարբեր երկրներում ու մայրցամաքներում:  Ռուբենը հավատում է, որ բարին հավերժ է և անմահ, և այն ուժեղանում է, երբ բարի գործ ես անում: Նրա շնորհիվ ու աջակցությամբ հնարավոր է եղել շարունակելպաշտպանել դժվարին իրավիճակներում հայտնվածմարդկանց իրավունքները, կյանքը շարունակելու երկրորդ հնարավորություն տալ նրանց: Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության  պաշտպանությունը ամեն ինչից վեր է: Այդ իսկ պատճառով մեզ բոլորիս համար ավելի քան հասկանելի էր ծանր վիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցների կողքին գտնվելու նրա որոշումը: Ռուբենն այնտեղ հանդես էր գալիս որպես բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպան։ Էությամբ ու հավատամքով լինելով պացիֆիստ՝ Ռուբենը վտանգի տակ դրեց իր կյանքն ու ապահով ապագան՝ երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման ուղիներ որոնելու համար աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտությանգոտիներից մեկում։ «Մարդկային բանականությունը, արժանապատվությունը, համերաշխությունն ու փոխըմբռնում փնտրելու և արդար պայմաններում համատեղ ապրելու պատրաստակամությունը կհաղթեն այն ամենին, ինչ սպառնում է դրանց»։Սրանք Վացլավ Հավելի խոսքերն են՝ ասված 1995 թվականին, Մարդու իրավունքների եվրոպականդատարանի շենքի բացման արարողությանը: Ռուբենը ևս այս գաղափարախոսության ու արժեքների կրողն ու հետևորդն է: Ուստի մենք խորապես հավատում ենք, որ նրա առանձնահատուկ գործունեությունը լիովին համահունչ է այս մրցանակի ոգուն և Վացլավ Հավելիսյզբունքներին: Ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ ներկայումս պահվում է Բաքվի բանտում: Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումնարժանի գնահատական կլինի ինչպես Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ  կարևոր քայլ կդառնա նրա և  Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։ Առաջադրող խումբ՝ Վահան Զանոյան, գրող, թրաֆիքինգի դեմ պայքարի աջակից, գլոբալ էներգիայի հարցերով խորհրդատու Մարգարիտ Բարանկիցե, բուրունդիացի իրավապաշտպան, Maison Shalomխնամքի տան հիմնադիր Թոմ Քաթինա, ամերիկացի բժիշկ և մարդասեր, Սուդանի Նուբա լեռներում գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր Ջուլիեն Լուսենգե, իրավապաշտպան, մարդասեր, Կոնգոյի Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւզարգացման կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինայի, իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, «Luftbrücke Irak» կազմակերպության համահիմնադիր Համառոտ տեղեկանք՝ Վացլավ Հավելի մրցանակի մասին Այսօր հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի: Չեխ լեգենդար գործիչ, Չեխոսլովակիայի վերջին և Չեխիայի առաջին նախագահ, թատերագիր, հրապարակախոս և իրավապաշտպան ՎացլավՀավելի անվան մարդու իրավունքների մրցանակնամեն տարի շնորհվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից՝ Չեխիայիկառավարության, Václav Havel Library-ի և Charta 77 Foundation-ի համագործակցությամբ: Մրցանակը հիմնադրվել է և շնորհվում է 2013 թվականից՝ նպատակ ունենալով գնահատել անհատների և կազմակերպությունների բացառիկ գործունեությունը՝ միտված մարդու իրավունքների պաշտպանությանը: Ուշագրավ է, որ մինչև հիմա եղած տասներկու մրցանակակիրներից ինը դատապարտված են եղել կամ դեռ դատապարտված են իրենց  գործունեության համար: Մասնավորապես, 2014թ. մրցանակը շնորհվել է ադրբեջանցի դատապարտված իրավապաշտպան Անար Մամադիին, 2022 թ-ին՝  ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ , այդ ժամանակ դատապարտված Վլադիմիր Կարա-Մուրզային, 2023 թվականին՝ թուրք բարերար,գործարար, իրավապաշտպան, բանտում գտնվողՕսման Կավալային: 2016թ. մրցանակի է արժանացել եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադը, որը  նաև 2018թ. Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրն է: Ըստ մրցանակի կանոնադրության՝  մրցանակակրիանունը հայտարարվում է ամեն տարի սեպտեմբերին, Ստրասբուրգում՝ Եվրոպայիխորհրդի խորհրդարանական վեհաժողովինստաշրջանի ժամանակ: Հղումը՝ News.am

Իրավունք, Հասարակություն

ՔՊ–ի քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 անձ կալանավորվել է, 1-ը՝ տնային կալանք, իսկ 3–ի վերաբերյալ նիստ դեռ չի նշանակվել

6 անձ կալանավորվել է, 1-ը՝ տնային կալանք, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի նշանակվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ, տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ, նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։ Այս մասին նախօրեին հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեից: «Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում, միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդկերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։ Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է»,–ասված էր հաղորդագրության մեջ։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է

Քարոզչական իրողությունների մասով. ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ «Հայաստան» Դաշինք, Ուժեղ Հայաստան, ԲՀԿ՝ ֆբ , յություբ, ինստագրամ և մնացած բոլոր այլ հարթակներում ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է. բլոկի հեղինակները թե՛ ՀՀ-ից են, թե՛ Արևմուտքից: Համակարգ է ձեր դեմ աշխատում: Հասանելի ամեն կերպ ձեր կոնտենտը բլոկի տակ է, կոնկրետ ինֆո հարձակումները, ֆեյք լուրերը ամեն հարթակներում արտոնյալ վիճակում են, հետևաբար ինչ է պետք անել. — նոր լուծումներ գտնել մեդիա ինտերնետ հարթակներում անհատ Ֆբ օգտատերերի ներգրավմամբ. ես գիտեմ, որ իմ էջում առկա ադրբեջանամետները սա կարդում են, — գործողություններ անել ասֆալտի վրա, փողոցներում, թաղ առ թաղ, մարդկանց հետ շփվելով, բացատրելով բառ առ բառ. դժվար է՝ այո՛, ուրիշ տարբերակ չկա: Պետություն պահելու օրակարգում ենք: միգուցե նաև տարածենք Ալեն Ղևոնդյան Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top